Շուշիի պատմության թանգարանի այցելուների քանակը նվազել է ապրիլյան պատերազմից հետո. Տնօրեն
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Շուշիի պատմության թանգարանի այցելուների քանակը նվազել է ապրիլյան պատերազմից հետո. Տնօրեն

Շուշիի պատմության թանգարանի այցելուների քանակը նվազել է ապրիլյան պատերազմից հետո. Տնօրեն

Շուշիի պատմության թանգարանը նախորդ տարի ունեցել է 2207 այցելու, որից  480-ը` օտարերկրացիներ,  620-ը՝  ՀՀ-ից,  854-ը՝  ԼՂՀ-ից,  ուսանողներ` 253: Այդ  ցուցանիշները 2015թ. եղել են 2596 այցելու, որից  650-ը` օտարերկրացիներ,  470-ը՝  ՀՀ-ից,  753-ը՝  ԼՂՀ –ից, ինչպես նաև 723ուսանողներ: Panorama.am-ի հետ զրույցում թվային տվյալները ներկայացրեց Շուշիի պատմության թանգարանի տնօրեն Աշոտ Հարությունյանը: Նա ընդգծեց, որ այցելուների քանակի  նվազումը հիմնականում կապված է ապրիլյան պատերազմի հետ:

Թանգարանի հիմնական այցելուները, նրա խոսքով,  ուսանողներ են և օտարերկրյա տարեցներ՝ հիմնականում գիտական շրջանակներից:

Հարցին, թե այցելուներին, մասնավորապես օտարազգի, թանգարանում ներկայացված ցուցանմուշներից ի՞նչն է ավելի շատ հետաքրքրում, ի՞նչ կարծիքներ են հայտնում, Ա. Հարությունյանն ասաց. «Պիտի նշեմ, որ օտարերկրյա այցելուների մեծ մասը քաջատեղյակ են ավանդական պատմությանը և նրանց հետաքրքրում է Շուշիի թանգարանի կողմից ներկայացվող տեսակետը: Մեր տվյալները հիմնականում կառուցվում են 2005թ. անցակցված հնագիտական պեղումների, 1973-75թթ. Խորհրդային Ադրբեջանի հնագետների տվյալներ քննական վերլուծության և Մատենադարանի թիվ 8211 արխիվային նյութի վրա: Նրանց համար աշխույժ քննարկման թեմա է խանության ժամանակաշրջանի մեր տարբերակը, որը իմ շուրջ 20 տարվա ուսումնասիրությունների ամփոփ տարբերակն է, և նրանք գոհ են լինում ստացած տեղեկություններից: Բոլոր այցելուների միահամուռ կարծիքն այն է, որ պատմության թանգարանի համար շենքային պայմանները տիպային չեն և պետք է ունենալ ազդեցիկ ու մեծ շինություն: Այցելուին հետաքրքրում է պատմական տվյալների մեր վերլուծությունները, որոնք երբեմն ժխտում են հրապարակում առկա երկկողմ պաշտոնական տվյալները: Նրանց մոտ մեծ հուզմունք է առաջացնում Թադևոս Թամիրյանցի ընդունարանի վերականգնումը, որը Թուֆենկյան հիմնադրամի և Քաբաբջյանների համագործակցված ներդրման արդյունք է»:

Շուշիի պատմության թանգարանն ունի շուրջ 5000 ցուցանմուշ: Թանագարանի ցուցանմուշների համալրումն, Ա. Հարությունյանի խոսքով, այս տարիներին հիմնականում կատարվել է  նվիրատվությունների միջոցով, աստիճանաբար առաջնությունը տրվում է զուտ հնագիտական պեղումներից ակնկալվող նյութերին:

Նա նշեց, որ նախորդ տարի կազմակերպել են չորս հիմնական ցուցահանդես, որոնցից հատկապես այցելուների վրա մեծ ազդեցություն է գործել «Դարերի հանգրվանը»:  Թանգարանի տնօրենն ասաց, որ 2017թ. նախատեսում են կազմակերպել ցուցահանդեսներ հետևյալ թեմաներով՝ «Շուշիի հայ բնակչության 1920 թ. մարտյան ցեղասպանությունը», «Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձը», «Դարերի հանգրվանը», «Շուշի քաղաքի   հերոսական  պաշտպանության 191-րդ տարեդարձը»:

Շուշիի պատմության թանգարանի շենքը կառուցվել է XIX դարի սկզբին, որտեղ ապրել է ցարական բանակի հայտնի փոխգնդապետ Իսայի Ղարամյանցի ընտանիքը, այնուհետև որոշ ժամանակ այն հասարակական նշանակության շենք է եղել, որտեղ ապրել են շուշեցի հայտնի գործիչներ՝ ճարտարապետ Սիմոն Տեր-Հակոբյանը, կոմպոզիտոր, խմբավար Գրիգոր Սյունին, Րաֆֆին:
Խորհրդային տարիներին՝ մինչև 1973 թվականը, շենքը ծառայել է որպես քաղաքի ծննդատուն, հետո փոփոխվել ու հարմարեցվել է արևելյան գորգերի թանգարանի:1992 թվականի մայիսի 28-ից շենքում գործել է Շուշիի պատմաերկրագիտական թանգարանը, իսկ այսօր այն Շուշի քաղաքի պատմության թանգարանն է:

1