Աբրոյան. Քանի դեռ Մ. Արամյանցի տան պատկանելիության հարցը լուծված չէ՝ վերականգնումը չի սկսվելու
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » մշակույթ » Աբրոյան. Քանի դեռ Մ. Արամյանցի տան պատկանելիության հարցը լուծված չէ՝ վերականգնումը չի սկսվելու

Աբրոյան. Քանի դեռ Մ. Արամյանցի տան պատկանելիության հարցը լուծված չէ՝ վերականգնումը չի սկսվելու

ՀՀ Լոռու մարզի Ախթալա համայնքի Մ. Արամյանցի տուն-ամառանոցի վերականգնումը կարող է կատարվել կառույցի և տարածքի նկատմամբ ՀՀ գույքային իրավունքները հաստատելուց, վերականգնման աշխատանքների նպատակով ֆինանսական միջոցներ հատկացնելուց և վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմելուց հետո:

Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացրեց ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը՝ պատասխանելով հարցին, թե կառավարության որոշմամբ Մ. Արամյանցի տան՝ պատմականորեն ձևավորված նախնական կերպարին համապատասխան վերականգնումն ու նորոգումն ի՞նչ չափանիշներով է իրականացվելու և այս ուղղությամբ կոնկրետ ի՞նչ աշխատանքներ են արվելու:

Նրա խոսքով, հուշարձանի և դրա զբաղեցրած տարածքի ոչ նպատակային օգտագործումը բացառելու համար Մ. Արամյանցի տունն (ամառանոց) արդեն իսկ ընդգրկվել է ՀՀ Լոռու մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում: Հուշարձանի և դրա զբաղեցրած տարածքը որպես պետական սեփականություն` «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի համաձայն, հնարավոր է օգտագործել` գիտական, կրթական, մշակութային և ճանաչողական նպատակներով, դրա բնույթին համապատասխանության կամ դրան հարմարեցված գործառնական նշանակությամբ:

Աբրոյանը նշեց, որ ներկայում, նկատի ունենալով ամառանոցի և դրա տարածքի նկատմամբ գույքային պատկանելության հարցը (այլ անձի գրավադրված սեփականություն)՝ կիրականացվեն հուշարձանի պահպանությանն ուղղված միջոցառումներ:

«Յուրաքանչյուր պատմամշակութային հուշարձանի վերականգնողական աշխատանքներն իրականացվում են հուշարձանի տեխնիկական վիճակի և ճարտարապետական նախնական տարրերի ուսումնասիութունից, չափագրումից, վերականգնման գիտական նախագծերը կազմելուց հետո, որոնց գիտամեթոդական մոտեցումները կլինեն քննարկելի:

Քանի դեռ ամառանոցի գույքային պատկանելիության հարցը լուծման փուլում է՝ հնարավոր չէ նախատեսել վերականգնման աշխատանքների մեկնարկ: Ինչ վերաբերում է վերականգնման համար անհրաժեշտ ժամանակին, ապա այն կարող է նախատեսվել կազմվող նախագծով», — ասաց նա:

Աբրոյանը կրկին ընդգծեց, որ հուշարձանի օգտագործումը գիտական, կրթական, մշակութային, ճանաչողական և զբոսաշրջային նպատակներով նույնպես հնարավոր կլինի հուշարձան-շենքի գույքային պատկանելության խնդրի լուծմամբ՝ համապատասխան ծրագրի մշակման և ֆինանսական միջոցների առկայության դեպքում, վերականգնման աշխատանքների իրականացումից հետո:

Հարցին, թե պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկվելը կոնկրետ ի՞նչ կտա այդ շենքին: Ի՞նչ ծրագրեր, աշխատանքներ են նախատեսվելու, ՊՄՀՊ գործակալության պետը պատասխանեց, որ Մ. Արամյանցի տունը ՀՀ Լոռու մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկելով` կապահովվեն պատմամշակութային հուշարձանի պահպանության իրավական հիմքերը և կկանոնակարգվի գործընթացների լիարժեք իրականացումը:

Նրա խոսքով, ֆինանսական հատկացումների դեպքում հնարավոր կլինի կատարել հուշարձանի առավել արդյունավետ պահպանությունը, վերականգնումը և օգտագործումը, որի համար կնախատեսվի համապատասխան ծրագրերի կազմում:

Աբրոյանը նշեց, որ հուշարձանի անմիջական պահպանությունն իրականացվելու է նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության տարածքային բաժնի և նախարարության ենթակայությամբ գործող «Պատմամշակութային արգելոց-թանգարանների ու պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Լոռու մարզային ծառայության աշխատակիցների մշտական շրջայցերի և դիտարկումների միջոցով:

1