ՀՅԴ երիտասարդների նամակը ուղղված ՀՀ-ում Բելառուսի դեսպանին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » ՀՅԴ երիտասարդների նամակը ուղղված ՀՀ-ում Բելառուսի դեսպանին

ՀՅԴ երիտասարդների նամակը ուղղված ՀՀ-ում Բելառուսի դեսպանին

Հունվարի 16-ին ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել Հայաստանում Բելառուսի Հանրապետության դեսպանատան մոտ և պետք է նամակ հանձնեին ՀՀ-ում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին:
Սակայն դեսպանատնից ոչ ոք չիջավ նամակը վերցնելու և երիտասարդները նամակ-պահանջը գցեցին դեսպանատան դռան առջևի գորգին:

Ընթերցողին ենք ներկայացնում նամակի բովանդակությունը:

Մեծարգո պարոն դեսպան,

2016 թվականի դեկտեմբերի 15-ին Մինսկում իրավական առումով վիճարկելի պայմաններում կալանավորվել է Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը: Հայտնի է, որ կալանավորումը կատարվել է Լապշինին Ադրբեջանի Հանրապետություն էքստրադիցիա անելու նպաակով: Կալանավորվածների արտահանձնումը իրավակարգավորող միջազգային իրավունքի հանրահռչակ դրույթները սահմանում են արտահանձնվողի հիմնարար իրավունքների պահպանման, խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի բացառման անհրաժեշտությունը նրան ընդունող երկրում: Հաշվի առնելով Ադրբեջանի Հանրապետությունում մարդու իրավունքների ոտնահարման՝ միջազգային հանրության  ընկալումները և տարբեր կառույցների  մշտադիտարկումների արդյունքները, նախ և առաջ վտանգվելու են պարոն Լապշինի իրավունքները, քանի որ առկա է անհամաչափ դատաիրավական վերաբերմունքի անվիճարկելի վտանգ:

Այս ամենը հաշվի առնելով և ապավինելով դաշնակից Բելառուսի Հանրապետության դատաիրավական համակարգի անաչառությանը և ապաքաղաքականացվածությանը, նախընթաց շրջանում հույս էինք տածում, որ ակնհայտ քաղաքական ենթատեքստ կրող այս գործը կկարճվի: Սակայն հետագա զարգացումները սպառնում են վերաճել անհամաչափ, չարդարացված ու դեռևս նախադեպը չունեցող մի գործընթացի, որն արդեն ենթակա է քաղաքական գնահատումների:

Հարգելի պարոն դեսպան, միջազգային իրավունքի տրամաբանությունը խարսխված է նաև իրավունքի վերականգնման, պատժամիջոցների կիրառելիության սուբյեկտիվ մոտեցման կամ կամայականության բացառման վրա: Ամեն տարի տասնյակ հազարավոր մարդիկ այցելում են Արցախ, այդ թվում միջազգային կառույցների և այլ պետությունների բարձրաստիճան պաշտոնյաներ: Այս համատեքստում, խիստ մտահոգ ենք, որ հենց Բելառուսի Հանրապետությունն է դառնում օրենքի կամայական կիրառման թատերաբեմ՝ սպառնալով խարխլել մեր երկու հանրապետությունների միջև առկա դաշնակցային-գործընկերային հարաբերությունները և ստվերել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քաղաքական կայունության կշիռը:

Արցախի հակամարտությունը ունի էթինկական ծագում, որը ռազմական էսկալացիայի է վերածվել դեռևս Խորհրդային Ադրբեջանի կողմից սանձազերծված էթնիկական զտումների պատճառով, որն էլ հանգեցրել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը: Հայկական կողմը, համախորհուրդ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հետ, հավատում է հակամարտության քաղաքական խաղաղ կարգավորման հնարավորությանը: Սակայն նման դրսևորումները, ինչպիսին Ալեքսանդր Լապշինի գործն է, ոչ միայն հակասում են միջազգային և բելառուսական ազգային համապատասխան իրավակարգավորումներին, այլև հարվածում են բանակցային փխրուն գործընթացին և միջազգային հանրության հանձնառությանը՝ ԼՂՀ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում:

Մեծարգո դեսպան, հուսով ենք, որ սույն գրությամբ բարձրացված մտահոգությունները կփոխանցեք Բելոռուսի Հանրապետության իշխանություններին՝ ձեռնարկելու համապատասխան գործողություններ, որոնց արդյունքում կկանխվի Բելառուսի Հանրապետության հանիրավի ներքաշումը ադրբեջանական սև քարոզչության տիրույթ:

Հարգանքով՝

                        ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միություն

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն

1