«Հազարամյակի մարտահրավերներ»-ի երկրորդ դրամաշնորհը ՀՀ-ում կարեւոր փոփոխություններ կխթանի
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » «Հազարամյակի մարտահրավերներ»-ի երկրորդ դրամաշնորհը ՀՀ-ում կարեւոր փոփոխություններ կխթանի

«Հազարամյակի մարտահրավերներ»-ի երկրորդ դրամաշնորհը ՀՀ-ում կարեւոր փոփոխություններ կխթանի

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ կոնգրեսական Էդ Ռոյսի հետ վերջին քննարկումից հետո ողջունել է որպես Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ նրա աջակցությունը՝ Հազարամյակի մարտահրավերներ ծրագրի շրջանակում Հայաստանի հանրակրթական դպրոցների համար նոր կրթական դրամաշնորհ տրամադրելու հարցում։

«Մենք բարձր ենք գնահատում նախագահ Ռոյսի ակտիվ հետաքրքրությունը Հայաստանի համար «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի երկրորդ փուլն առաջ մղելու հարցում ու անհամբեր սպասում ենք 115-րդ Կոնգրեսում նրա գործընկերների հետ համագործակցությանը՝ Հայաստանի աջակցությանն ու ԱՄՆ- Հայաստան հարաբերությունների ամրապնդմանը նպաստող նախաձեռնությունների լայն շրջանակում»,- ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը։

Գիտության, տեխնոլոգիայի, ինժեներական ու մաթեմատիկական կրթության համար «Հազարամյակի մարտահրավերներ համագործակցության» դրամաշնորհն ապահովելը Հայ դատի դաշնային օրենսդրական օրակարգի մի մասն է, որի ընդհանուր նպատակներն են տնտեսապես ուժեղացնել Հայաստանը, ամրապնդել ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները, պաշտպանել Արցախի անվտանգությունը ու վերջ տալ Հայոց ցեղասպանության հարցում Անկարայի ժխտողական քաղաքականությանը ԱՄՆ-ի մասնակցությանը։

Ավելի վաղ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը բարձր էր գնահատել Հայաստանի համար ՀՄՀ շրջանակում նախորդ աջակցությունը՝ նշելով «Առաջին դամաշնորհային ծրագիրն ավարտվել է, բայց դեռ շատ անելիքներ կան։ Երկրորդ փուլը կարող է Հայաստանում խթանել կարեւոր փոփոխություններ, հարյուրավոր միլիոն դոլարի աջակցությունը կարող է Հայաստանի հանրակրթական դպրոցների աշակերտներին ապահովել STEM՝ Գիտատեխնոլոգիական, ինժեներական ու մաթեմատիկական կրթության բարձր մակարդակով, որը անհրաժեշտ է 21-րդ դարի արագ փոփոխվող աշխատանքային շուկային համապատասխանելու համար։ Նման դրամաշնորհը կարող է նոր խթան դառնալ Հայաստանի աճող ՏՏ ոլորտի համար, ապահովել հայաստանյան տնտեսության զարգացումն ու ամբողջական ինտեգրումը միջազգային ֆինանսական համակարգին»։

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը շարունակում է ակտիվ կապ պահպանել Հայաստանում ու Ամերիկայում այս ծրագրի շահագրգիռ կողմերի հետ ՝ ներկայացնելով ՀՄՀ նոր կրթական դրամաշնորհի երկարաժամկետ օգտակար հեռանկարները՝ ՏՏ ոլորտի զարգացման, ԱՄՆ- Հայաստան առեւտրային եւ ներդրումային հարաբերությունների զարգացման տեսակետից։

1