Վերա Ջուլհակյան. Պատմական դեպքերի վկան ու մասնակիցը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Վերա Ջուլհակյան. Պատմական դեպքերի վկան ու մասնակիցը

Վերա Ջուլհակյան. Պատմական դեպքերի վկան ու մասնակիցը

Կան մարդիկ, ովքեր կերտում են պատմություն, և կան այդ պատմության իրական մասնակիցներ ու վկաներ, ովքեր իրենց կյանքով ու գործունեությամբ ապացուցում են, որ միայն հայտնի անհատականությունները չէ, որ ի վիճակի են փոխել իրադարձությունների ընթացքը: Այդպիսի անհատականություններից է Վերա Ջուլհակյանը, որի հետ զրուցելու հնարավորություն ընձեռնվեց մեզ:

 

1966թ. աշխատանքի անցավ ԼՂԻՄ մարզգործկոմում՝ որպես նախագահի քարտուղար, այժմ էլ աշխատում է ԼՂՀ Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանի ընդունարանում՝ որպես քարտուղար: Արցախի համար բախտորոշ ժամանակաշրջանում նա եղել է իրադարձությունների կենտրոնում և, իհարկե, իր ներդրումն ունեցել դրանցում: Տիկին Վերան ավելի քան 50 տարվա աշխատանքային փորձի ընթացքում աշխատել է մարզգործկոմի նախագահների, Գերագույն խորհրդի նախագահների, Ազգային ժողովի նախագահների, տեղակալների հետ՝ Մ. Օհանջանյան, Ա. Ասլանով, Վ. Օսիպով, Ս. Բաբայան, Լ. Պետրոսյան, Վ. Պլիսով, Ա. Մկրտչյան…: Այս շարքը կարելի է երկար շարունակել: Եվ զարմանալի չէ, որ Արցախի քաղաքական կյանքում մեծ դերակատարություն ունեցած անձանց մասին ուրույն կարծիք ու հիշողություններ ունի, որոնց մի փոքր մասը միայն կարող ենք հանրայնացնել:

 

Մի կտոր չոր գաթան

 

1988թ. փետրվարի 20-ին ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների մարզխորհրդի նստաշրջանն ընդունեց որոշում՝ դիմել Ադրբեջանական ԽՍՀ-ին՝ ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Հայաստանի կազմի մեջ ընդգրկելու խնդրանքով: Բոլոր պատգամավորներն արդեն ստորագրել էին պատմական որոշումը: Փաստորեն, փաստաթուղթն օրինական ուժ ուներ, բայց ժողովրդի աչքին առանց կնիքի այն արժեք չուներ: Եվ ահա, հրապարակում հավաքված ժողովուրդը պահանջում է մարզգործկոմի նախագահից. «Осипов, печать, Осипов, печать» (Օսիպով, կնիքը): «Բայց կնիքն իր մոտ չէր, որտեղից տար խեղճ մարդը»,- ասում է տիկին Վերան: Զայրացած ժողովուրդը բռնում է մարզգործկոմի նախագահի վարորդ Վանյային և թույլ չի տալիս ուտելիք հասցնել նրան: Օսիպովը շաքարային դիաբետ ուներ և առանց ուտելիքի երկար չէր կարող դիմանալ: Վլադիմիր Վաղարշակին պատուհանից դուրս նայելով և ժողովրդի տրամադրությունը տեսնելով՝ չի համարձակվում դուրս գալ շենքից: Դարակներից մեկում գտնված չոր գաթայի կտորը իսկական փրկություն էր: Չի հիշում՝ երբվանից մնացած չոր գաթայի կտորը տալիս է Օսիպովին, վերջինս թեյի մեջ թաթախելուց հետո ուտում է՝ ասելով. «Վերա, Աստված պահի ըրախեքդ, աշկերիս լիսերը եկան տեղը»:

 

“Все будет ого” (ամեն ինչ լավ կլինի)

 

Տիկին Վերան պատմում է Լեոնարդ Պետրոսյանի հետ Ելցինի ու Նազարբաևի հանդիպման մասին: Չի մոռանում նաև Ռուսաստանի նախագահի՝ իրեն ուղղված մի արտահայտությունը. “Не беспокойся, все будет ого” (Մի մտահոգվիր, ամեն ինչ լավ կլինի): «Ի՞նչ «օգո»՝ նրա գնալուց հետո պատերազմական գործողություններն են սկսվում»,- հիշում է տիկին Վերան և հավելում, որ մարզխորհրդի նախագահն իրեն որպես ռուս է ներկայացրել հյուրերին՝ ցանկանալով ցույց տալ, որ Արցախում ազգային խտրականություն չկա:

 

Հայոց պատմությունն ու մարզկոմի նախագահը

 

Մարզգործկոմի նախագահ Պլիսովին ուղղված հեռագրից իմանալով, որ վերջինիս ծննդյան օրն է, որոշում է նվեր անել, բայց այնպիսի մի նվեր, որ նրան ծանոթացնի մեր ժողովրդի պատմությանը: «Մուսա լեռան քառասուն օրը» գիրքն է նվիրում, և խորհուրդ տալիս անպայման ընթերցել. «Այդ մարդը պիտի իմանա չէ՞ մեր պատմությունը»,- ասում է նա:

 

Ի դեպ, տիկին Վերան հայրենասիրական, ազգային գրականության սիրահար է: Մեզ հետ զրույցի օրն էլ Մ. Շաթիրյանի «Արծաթե դար»-ն էր սեղանին, և զարմանում էր, թե ո՞նց մինչև հիմա այդ գիրքը չի ընթերցել:

 

Նռնակները և անձրևանոցը

 

Դեռևս ակտիվ ռազմական գործողություններ չէին սկսվել: Ստեփանակերտի Կրկժան արվարձանից հարևանի հարսն է զանգում, թե տարածքը երկու շարքով օղակել են Սաֆոնովի զինվորները և արգելել ցանկացած շարժ: Հոկտեմբերի սկիզբն էր, մի տաք օր. թեթև հագնված, ձեռքին անձրևանոց, դուրս է գալիս աշխատավայրից: Շենքի մոտ «Ուազով» սպասում էր Ռաֆիկը՝ իր քեռու տղան (զոհվել է Քարին տակի պաշտպանության ժամանակ): Մեքենա նստելուց հետո նա մի կապոց է տալիս, թե՝ վերցրու, թաքցրու: Պարզվում է՝ նռնակներ էին, պիտի տանեին Կրկժան, որ տղաներին ոգևորեին, անհրաժեշտության դեպքում՝ թուրքերին վախեցնեին: Ո՞րտեղ տեղավորեր այդ կապոցը, որ չերևար: Տիկին Վերան ելքը գտնում է. նռնակները դնում է անձրևանոցի մեջ: Արվարձանին մոտենալիս ստիպված իջնում են մեքենայից: Հակառակի պես՝ անձրև է սկսվում, ինքն էլ անձրևանոցը ձեռքին, թրջվելով տանում էր նռնակները: Ամբողջությամբ թրջվել էր, բայց, բարեբախտաբար, ոչ մեկը չի կասկածում, թե ինչու՞ է թրջվում, բայց անձրևանոցը չի բացում: Զինվորներին ասում է, որ երեխաները տանը մենակ են, լացում են, և, չլսելու տալով արգելելու ձայները, առաջ է շարժվում: Ճանապարհը շատ քարքարոտ, խորդուբորդ էր: Իջնելուց ոտքերը վնասվում էին, բայց չէր զգում, որովհետև ավելի կարևոր առաքելություն ուներ՝ պիտի նռնակները հասցներ տղաներին, ոգևորեր: Տանկից անընդհատ լուսավորում էին շրջապատը, որ հանկարծ անցնող չլինի: Հենց լույսը դեպի իրենց էր ուղղվում՝ կռանում, կուզեկուզ առաջ էին գնում: Ծանոթ ճանապարհը, թվում էր, մի տարում անցան: Ճանապարհին հանդիպում են Սաֆոնովի երկրորդ շարքով կանգնած զինվորներին, որոնք շրջափակել էին տեղանքը: Նրանցից մեկը՝ սկզբից թվում էր, թե կմատնի, բայց հուշում է՝ там ваши стоят (այնտեղ ձերոնք են): Պարզվում է՝ Արմենավանից մի խումբ տղաներ էին եկել օգնության, բայց տեղանքին ծանոթ չլինելով՝ կանգնել էին: Տիկին Վերան խմբին անփորձանք առաջնորդում է մինչև նպատակակետ: Մի խումբ մարդկանց քայլելուց քարեր էին գլորվում, թուրքերին էլ թվում էր՝ մի զորամաս է մտել գյուղ: Վերջիվերջո, բարեհաջող տեղ են հասնում, տեղում գտնվողներին ոգևորում, իսկ մեծ դժվարությամբ տեղ հասցված նռնակներն այդ օրն օգտագործելու կարիք չի լինում: Այս դեպքից հետո տիկին Վերային համեմատում էին Զոյա Կոսմոդեմյանսկայայի հետ:

 

Խաբուսիկ ուրախություն

 

ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի հետ էլ է աշխատել: Նշում է, որ շատ համեստ, խելոք անձնավորություն էր: Ափսոս՝ չեն թողել, որ աշխատի: Հիշում է Մկրտչյանի հանդիպումները Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: Առաջին հանդիպումից հետո տխուր է վերադառնում: Երկրորդ հանդիպումից վերադառնալուց հետո շատ ուրախ էր, այնքան, որ արկի բեկորներից ծակծկված հնամաշ վերարկուն փոխարինեց նոր, կապույտ վերարկուով: 1992 թվականի ապրիլի 14-ին Մկրտչյանը 19:30-ին խորհրդակցություն էր հրավիրել: Տիկին Վերային հանձնարարել էր՝ բոլորին տեղյակ պահել, հետո գնալ տուն: Արդեն տանն էր, երբ լսեց Մկրտչյանի ողբերգական սպանության մասին: Միշտ առանց թիկնապահների էր շրջում Մկրտչյանը: Ասում էր՝ ես հյուր ու՞մ հինչ ընես, վեր ինձ հինչ անին: Նույնիսկ դուռը չէր կողպում: Տիկին Վերան հետո է հասկանում, որ վերջին հանդիպումից ուրախ վերադառնալը փաստորեն վատ նախանշան էր…

 

Որդիներն առաջին գծում

 

Տիկին Վերայի 3 զավակներն էլ՝ Կարենը, Ալեքսանդրը և Դանիելը, ակտիվորեն մասնակցել են պատերազմական գործողություններին:  Միշտ թեժ կետերում էին:

 

Դանիելը Մարտակերտի շրջանի Մեծ Շենի պաշտպանության ժամանակ վիրավորվել է. երկրորդ կարգի հաշմանդամ է: Բայց, չնայած դրան, ապրիլյան պատերազմի ժամանակ առաջիններից մեկն էր, որ եղբոր՝ Կարենի հետ կամավոր մեկնեց առաջին գիծ:

 

Ալեքսանդրը (մարտական մականունը՝ Սաշկո) Կալինինգրադում էր ծառայում: Որոշել էր ծառայությունից հետո մնալ այնտեղ: Հեռավոր ծովային ճամփորդության էր պատրաստվում, բայց շարժումն սկսվելուն պես ընկերոջ հետ վերադառնում է հայրենիք: Ինքնաշեն զենքեր էր պատրաստում, տարբեր խմբերի անդամակցում՝ սկզբում՝ պարտիզանական, հետո՝ 8-րդ վաշտի: Նշանակվել է Շուշիի գումարտակի շտաբի պետ, հետախուզության հրամանատար: Եղել է բոլոր թեժ կետերում՝ Շուշի, Մալիբեյլու, Կուբաթլու, Խոջալու, Մարտակերտ, Զանգելան, Քարվաճառ, ու ոչ մի անգամ չի վիրավորվել: 1994թ. Մարտակերտի պաշտպանության վերջին փուլում  կարևոր հետախուզություն պետք է իրականացվեր, սակայն բոլորը խուսափում էին դրանից, քանի որ շատ վտանգավոր էր: Ալեքսանդրը՝ թեպետ գումարտակի շտաբի պետ էր, առաջադրանքն ինքը ստանձնեց: Ցավոք, այդ գործողությունը նրա համար ճակատագրական եղավ: Խումբն ականի վրա պայթում է. 5 հոգի զոհվում են, 6-ը՝ վիրավորվում: Զոհվածների մեջ էր նաև Սաշկոն… Դեռևս կենդանության ժամանակ Ալեքսանդրն ստացել էր «Մայրական երախտագիտութուն» մեդալ, հետմահու՝ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշան: Որդեկորույս մայրը շատ է տառապում, բայց նշում է, որ որդին իզուր չի արյուն թափել. այս անկախության, պետականության համար է զոհվել: Տիկին Վերան հիանում է՝ տեսնելով կենդանի, աշխույժ քաղաքը, բարկանում՝ յուրաքանչյուր արտագաղթողի մասին լսելիս: Բա մարդ իր օջախը, հայրենիքը կթողնի, գնա՞:

 

Անդրանիկի զինվորը

 

Տիկին Վերան ծնվել է 1946 թվականին, երբ հայրն արդեն 64 տարեկան էր: Հոր միակ զավակն է: Եվ, որպեսզի հայրական օջախի լույսը չմարի, մեծ տղային  ամուսնացնելուց հետո առաջարկում է ապրել այնտեղ: Հայրը՝ Դավիթ Ջուլհակյանը, Օզանյանի զինվորն էր, Տավուշից, արմատներով՝ Արևմտյան Հայաստանից: Դեռ 18 տարեկան չկար, երբ հեռացավ Չինարի գյուղից և զինվորագրվեց Օզանյանի խմբին: Երբ Անդրանիկի զորքը հեռանում է Արցախից, Դավիթ Ջուլհակյանն ամուսնանում է արցախուհու հետ, մեկնում Վլադիկավկազ և որոշ ժամանակ ապրում այնտեղ: Հայտնի վաճառական էր. կուլակաթափության հետևանքով զրկվում է ունեցվածքից, վերջին միջոցներով  հասնում Արցախ և Ստեփանակերտի մոտակայքում գտնվող Կրկժան արվարձանում տուն կառուցում:

 

Այսօր տիկին Վերան աշխատում է ԼՂՀ Ազգային ժողովում: Աշխատավայրում տարիների փորձ ունեցող կինն ստեղծել է հաճելի և հյուրընկալ մթնոլորտ: Սեղանից անպակաս են թարմ ու բուրավետ ծաղիկները, որ ստանում է գործընկերներից: Բոլորն իրենց աշխատանքային օրը սկսում են տիկին Վերային բարևելով և ավարտում նրան հաջողություն մաղթելով: Գործընկերների համար նա վստահելի ու անփոխարինելի խորհրդատու է: Երկարամյա և բարեխիղճ աշխատանքի համար նա 2011 թվականին ԱԺ նախագահի կողմից պարգևատրվել է ԼՂՀ հռչակման 20-ամյակի հուշամեդալով, իսկ 2012 թվականին ԼՂՀ նախագահի կողմից «Երախտագիտություն», նույն թվականին՝ ՀՀ ՊՆ-ի կողմից ՀՀ զինված ուժերի 20-ամյակին նվիրված հոբելյանական մեդալներով:

 

Ի դեպ, դեկտեմբերի 23-ին լրացել է տիկին Վերայի 70-ամյակը, ինչի կապակցությամբ թերթի խմբագրակազմը ջերմորեն շնորհավորում է նրան:

 

Հ.Գ.-Հետաքրքիր ու բովանդակալից զրույցից հետո տիկին Վերան հյուրասիրեց տաք թեյով ու գաթայով՝ կատակելով, թե գաթան թարմ է:

 

Տաթևիկ Աղաջանյան

1