Խոզաբուծության զարգացումը պահանջում է մեծ ներդրումներ. Ա.Հարությունյան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Խոզաբուծության զարգացումը պահանջում է մեծ ներդրումներ. Ա.Հարությունյան

Խոզաբուծության զարգացումը պահանջում է մեծ ներդրումներ. Ա.Հարությունյան

Նոյեմբերի 30-ին կայացած ԼՂՀ Ազգային ժողովի 4-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստին կառավարությանը հարց ու պատասխանի ժամանակ ԼՂՀ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Ռիտա Մնացականյանը բարձրացրել էր խոզաբուծության զարգացման ծրագրի եւ խոզի գլխաքանակի կորստի փոխհատուցման հարցը:

 

Հարցին ի պատասխան ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը նշել է, որ խոզաբուծության զարգացման նպատակով վարկեր չեն տրամադրվում, իսկ խոզի գլխաքանակի կորուստը պետությունը փոխհատուցում է միայն ապահովագրության պարագայում:

 

Խոզաբուծության զարգացման ծրագիրն ընդունվել է մոտ մեկ տարի առաջ՝ կառավարության կողմից: Ըստ ծրագրի` ԼՂՀ գյուղատնտեսության նախարարություն է ներկայացվել շուրջ 150 հայտ, որոնք ուսումնասիրվել են նախարարության մասնագետների կողմից, և 2016 թվականի մարտի 3-ին դրական եզրակացություն ստացած 70 հայտ ներկայացվել է ԼՂՀ «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ»: Նախատեսվում էր, որ ծրագրերի ֆինանսավորումը, համաձայն 2015 թվականի դեկտեմբերի 28-ի N 914-ն որոշման, պետք է իրականացվեր ԼՂՀ «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ»-ի կողմից: Սակայն, հաշվի առնելով երկրում աֆրիկական ժանտախտի տարածման հավանականությունը և այս պահի դրությամբ ԼՂՀ-ում խոզի մսի ավելցուկը, ժամանակավորապես դադարեցվել է այդ ծրագրի ֆինանսավորումը:

 

«Խոզաբուծությամբ զբաղվողները չեն կարողանում մարել վարկերը, կառավարությունն ի՞նչ անի՝ վարկը տրամադրի և հետո էլ մտածի, թե դա ինչպե՞ս է մարվելու»,- նշել է վարչապետ Ա.Հարությունյանը եւ ավելացրել, որ խոզաբուծության զարգացումը պահանջում է մեծ ներդրումներ:

 

Մեր ուղարկած հարցամնն ի պատասխան ԼՂՀ գյուղատնտեսության փոխնախարար Տիգրան Առստամյանը նշել է, որ աֆրիկական ժանտախտ հիվանդության համար առայսօր աշխարհում մշակված չեն ո΄չ կանխարգելիչ, ո΄չ էլ բուժման միջոցներ: Այդ պատճառով կառավարությունը հիմնականում խթանում է խոշոր եղջերավոր անասունների բուծումը: Աշխատում են թույլ չտալ նաեւ ոչխարաբուծության անկում։

 

Այսօրվա դրությամբ, հանրապետությունում կա շուրջ 22.500 գլուխ խոզ, և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ խոզերի գլխաքանակն աճել է 1876 գլխով: 2016 թվականին խոզերի անկումների քանակը կազմում է մոտ 630 գլուխ, որի հիմնական պատճառն աֆրիկական ժանտախտ հիվանդությունն է:

 

aparaj.am

1