Տարիների աշխատանքն ու Ստեփանակերտի թաղապետերը  
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Տարիների աշխատանքն ու Ստեփանակերտի թաղապետերը  

Տարիների աշխատանքն ու Ստեփանակերտի թաղապետերը  

Շատ հաճախ լինում են իրավիճակներ, երբ մարդկանցից պահանջում են տեղեկանք թաղապետից: Պարզելու, թե ինչ իրավական կարգավորում ունեն թաղապետերը և ինչ գործառույթ են իրականացնում, «Ապառաժ»-ը հարցում ուղարկեց Ստեփանակերտի քաղաքապետարանին:

 

«Ապառաժ»-ի հարցմանն ի պատասխան, Ստեփանակերտի քաղաքապետարանը նշեց, որ 1983 թվականի հուլիսի մեկից ուժի մեջ էր մտել ԼՂՀ բնակարանային օրենսգրքի 20-րդ հոդվածը, որի համաձայն տնային, թաղային կոմիտեները և հասարակական ինքնագործության մյուս մարմինները՝ իրենց կանոնադրություններին համապատասխան, պետական մարմիններին աջակցություն են ցույց տալիս բնակարանային ֆոնդի շահագործման և նրա պահպանության գործում, մասնակցում են բնակարանային ֆոնդի կառավարմանը և քաղաքացիների կողմից բնակելի տարածություններից օգտվելու և բնակելի տների պահպանման կանոնները կատարելու նկատմամբ վերահսկողության իրականացմանը: Նշված պահանջներին համապատասխան կանոնադրություններ չեն հաստատվել, իսկ ԼՂՀ բնակարանային օրենսգիրքն ուժը կորցրել է 2005 թվականի նոյեմբերի 26-ին: Չնայած բացակայում է տնային և թաղային կոմիտեների հետ կապված հարաբերությունների իրավական կարգավորումը, սակայն փաստացի, Ստեփանակերտի քաղաքապետի անհատական որոշումներով նշանակվում են կոմիտեների նախագահներ, որոնք անհատույց աջակցում են տեղական ինքնակառավարման մարմնի լիազորությունների իրականացմանը և պարտականությունների կատարմանը:

 

Պարզվեց, որ Ստեփանակերտում գործող թաղապետերը որևէ իրավական կարգավորում չունեն: Բայց ի զարմանս մեզ, որոշ թաղապետերի մոտ առկա է կնիք:

 

Ստեփանակերտում ինչպես բնակելի շենքերի, այնպես էլ սեփական տների թաղամասերում գործում են թաղապետեր: Ալեք Մանուկյան վեց և ութ շենքերի թաղապետ Ֆլորա Ավանեսյանն մոտ 25 տարի է, ինչ կատարում է այդ աշխատանքը: Իր խոսքով թաղապետի պարտականությունների մեջ մտնում է բնակիչներին տալ տեղեկանք, կամ էլ եթե լինում են դիմում-բողոքներ ներկայացնել  համապատասխան վայր: Շատ հաճախ տեղեկանքներն անհրաժեշտ են լինում այն մարդկանց, ովքեր գրանցում չունեն տվյալ հասցեում: Թաղապետը տալիս է համապատասխան տեղեկանք, որի համաձայն նշված անձը անկախ գրանցման վայրից ապրում է ուրիշ հասցեում: Ֆլորա Ավանեսյանի հավաստամամբ  թաղապետի անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ քաղաքապետարանն ամբողջությամբ չի կարող տեղեկանալ քաղաքում ապրող բոլոր մարդկանց մասին, իսկ թաղապետը կարող է օգնել, տեղեկացնել, խնդրին տալ լուծում: Իսկ  82-ամյա Լյուդվիգ Հայրիյանն Ալեք Մանուկյան 9, 11 և 13 շենքերի թաղապետն է արդեն 40 տարի: Ըստ զրուցակցիս՝ նախկինում թաղապետի անհրաժեշտությունը կարևոր էր, քանի որ բոլոր հարցերով բնակիչներն իրազեկում էին, քննարկում նրա հետ, իսկ այսօր ամեն մեկն իր համար է որոշում կայացնում: Մեկ-մեկ թաղապետերին հիշում են նաև ընտրությունների ժամանակ՝ հավաքներ կազմակերպելու, մարդկանց ընտրական գործընթացին տեղեկացնելու:

 

Ալեք Մանուկյան փողոցում տասը թաղապետերից ութը կանայք են: Լյուդվիգ Հայրիյանը հասատատեց, որ մեր օրերում ավելի շատ կանայք են, թե ինչ հանգամանքով է պայմանավորված դժվարացավ պատասխանել: Զրուցակցիս խոսքով միշտ էլ ծագել են հարցեր, թե ինչու է այդքան տարիների աշխատանքը կատարվում առանց վճարի: Ապա ավելացրեց, որ նախորդ տարվանից այդ հարցը շոշափվում է, սակայն մինչ այսօր փաստացի որոշում չկա: Վերջինս նաև նշեց, որ ժամանակ առ ժամանակ բնակիչների հետ կազմակերպվում են հավաքներ և շենքերի բոլոր բնակիչներն էլ նրան ճանաչում են որպես թաղապետ: Թե՛ Լյուդվիգ Հայրիյանը և թե՛ Ֆլորա Ավանեսյանը հավելեցին, որ տեղեկանքի վրա որևէ կնիք չեն դնում, իսկ կնիքը տալիս են սեփական տների թաղամասերի թաղապետերին: Էլմիրա Դաբաղյանը Բաղրամյան, Բաբաջանյան, Հովհաննես Լազարեվա, Նաբերեժնայա 1-30, Արթուր Մկրտչյան թաղամասի առաջին, երկրորդ և երրորդ  նրբանցքների բոլոր սեփական տների թաղապետն է: Վերջինիս խոսքով 2008 թվականի մայիս ամսից է կատարում այդ աշխատանքը: Ըստ Էլմիրա Դաբաղյանի՝ իր տրամադրության տակ եղած կնիքը  դնում է  տեղեկանքների վրա: Իսկ կնիքների բլանկները տրամադրում է Ստեփանակերտի քաղաքապետարանը, որի վրա նշվում  է «ԼՂՀ Ստեփանակերտի քաղաքապետարան» մակագրությունը: Հարցման մասնակից երեք թաղապետերն էլ նշեցին, որ որևէ չափանիշներ պետք չեն եղել այդ պաշտոնի համար:

Հարցական է մնում` արդյո՞ք ոչ իրավական դաշտում ձևավորված կառույցը կարող է իրավական ուժ ունեցող փաստաթուղթ տրամադրել և ինչպես է պետական մարմիններում կամ բանկերում ընդունվում այդ փաստաթուղթը:

Անի Ավանեսյան

1