Արմեն  Ռուստամյանը հանդիպել է Սիդնեյի հայ համայնքի հետ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Արմեն  Ռուստամյանը հանդիպել է Սիդնեյի հայ համայնքի հետ

Արմեն  Ռուստամյանը հանդիպել է Սիդնեյի հայ համայնքի հետ

ՀՅԴ <<Դրո>> կոմիտեի հատուկ հանձնախումբը Հայ  Մշակույթի տանը  նոյեմբերի 28-ին  ՀՅԴ օրվա առթիվ  ընթրիքի հրավիրեց  Հայաստանի Խորհրդարանի անդամ, ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանին, որը հրավիրված էր ՀՅԴ-ի խոսքը փոխանցելու հայ գաղութին:

 

Հանդիսությունը վարեց Կոմիտեի անդամ  Գևորգ  Վարդանյանը: Ընկեր Վարդանյանը բարի գալուստ մաղթեց հյուր ընկերոջը և մոտավորապես 160 ներկաներին: Հաջորդաբար ելույթ ունեցան Համազգայինի, ՀՕՄ-ի, ՀԲԸՄ-ի շրջանային վարչության  ատենապետները՝ Վիգեն Գալլօղլյան, Նորա Սևակյան և Տիրան Վանրության,որոնք հակիրճ ներկայացրին 3 միության տարած աշխատանքները կրթա-մշակութային, բարեգործական և մարզական բնագավառներում  և բարի գալուստ մաղթեցին հյուր ընկերոջը:

 

ՀԲԸՄ-ի Սիդնեյի մասնաճյուղի կողմից  սրտի խոսք ասաց Սարգիս Մանուկյանը, Սիդնեյի  ՀՅԴ Կոմիտեյի Ավստրալիայի վարիչ մարմնի կողմից Վաչե Թոփուզյանը և ՌԱԿ-ի Ավսրալիայի Մարմնի կողմից Հայկ Լեփեչյանը:Միջոցառումը ճոխացրին Գոլստըն ճեմարանի աշակերտներ Լենա Մկրտչյանը, որն արտասանեց Պարույր Սևակի  <<Հպարտ եմ ես>>-ը, Նանար Մաշլեյանը պարեց <<Սուրբ երկիր>> պարը և այլն:

 

Լեռնային Ղարաբաղի  մշտական ներկայացուցիչ  Քայլար  Միքայելյանն իր խոսքում ողջունեց  Ռուստամյանի կատարած աշխատանքը հօգուտ Արցախի: Նա ասաց, որ իր տարած քաղաքական  աշխատանքի համար Ռուստամյանն Արցախի ժողովրդի ու նախագահ Բակո Սահակյանի մեծ վստահությունն է վայելում: <<Դրո>> կոմիտեի ներկայացուցիչ Հայկ Կայսրյանը ողջունեց հյուրին ևխոսեց այն մտերմության մասին, որ Ավստրալիայի կազմակերպությունը  ստեղծել է Հայաստանի հետ  հավատարիմ <<Դեպի երկիր>> նշանաբանով. <<Հայաստանում այնպիսի գործիչներ պետք է լինեն, որոնք <<ոչ>> ասել կիմանան հակաժողովրդավար գործունեությանը բոլոր մակարդակներում: Այդ գործիչներից է ընկ. Ռուստամյանը, հեռատես և միաժամանակ, իրատես: Շնորհիվ այս երկու հատկանիշների է, որ Ռուստամյանը   և նրա նմանները, ի նպաստ ժողովրդավարության ու արդարության, կարողացան  սահմանադրական փոփոխություններ իրականացնել: Ինչ վերաբերում է Արցախին, ապրիլյան պատերազմից հետո ՀՅԴ-ն կարողացավ կամավորական պահեստազորայինների խումբ ստեղծել և այն դնել  Բանակի տրամադրության տակ>>:

 

Թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հայկազուն Եպիսկոպոս Նաջարյանն ասաց, որ Ռուստամյանի մեջ գտավ իսկական հայրենասերին. <<Ռուստամյանը կարողացավ բանտին չծառայել, սակայն իր Հայրենիքի համար նա զոհողությունը գերադասեց: Իր աշխատանքը խորհրդարանի մեջ պայքար է  հանուն հայության, անմնացորդ  ծառայություն իր հայրենիքին>>:

 

Հյուր պատգամավոր Ա. Ռուստամյանն իր խոսքում ասաց. <<Հուզված եմ և անակնկալի եկած, կարծես Հայաստանում եմ գտնվում, իմ հարազատների մոտ…: Աստվածային մեծ առաքելություն ունեցող ազգ է մեր ազգը: Մենք անպարտելի կդառնանք, որովհետև որակ ենք և Աստվածարար: Արցախյան  հաղթանակը դյուրին չէր, սակայն  նույնքան  դժվար է այն պահելը:Ապրիլյան օրերին զարթոնք տեղի ունեցավ, հույժ զարմանալի, նման  1988-ի զարթոնքին: Կմնա այդ զարթոնքը պահպանելը: Դժբախտաբար, 1988-ից հետո մենք շեղվեցինք մեր նպատակներից, պետք է դաս քաղել…>>: Խոսելով  Սփյուռքի և նրա խաղալիք դերի մասին, ընկ. Ռուստամյանն ասաց. <<Առաջին Անկախության ավարտից հետո Սփյուռքը  պահեց  Եռագույն Դրոշն ու Հանրապետության զինանշանը և դրանք վերադարձրեց  Հայաստանին: Հետապնդեց հայ արդար Դատը…>>:

 

Խոսելով  Արցախի մասին, նա ասաց. << Ազերին ու թուրքը նույն ազգն են… Նրանց նկատմամբ  մեր տարած հաղթանակով, Հայաստան – Արցախ- Սփյուռք միասնական կեցվածքով Հայաստանի  համար պիտի կերտենք նոր, հաջող ապագա: Իսկ սահմանադրական նոր, արդար համակարգով  պիտի կարողանանք հաղթահարել պետականության և ժողովրդի  առջև առկա լուրջ խոչընդոտները>>:

1