ԼՂՀ-ում կարիքավոր ընտանիքներին սոցիալական աջակցության նոր ծրագիրը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Քաղաքական » ԼՂՀ-ում կարիքավոր ընտանիքներին սոցիալական աջակցության նոր ծրագիրը

ԼՂՀ-ում կարիքավոր ընտանիքներին սոցիալական աջակցության նոր ծրագիրը

ԼՂՀ-ում սոցիալական մի շարք ծրագրեր են իրականացվում, որոնք ուղղված են սոցիալապես խոցելի խմբերի սոցիալական վիճակի բարելավմանը:

 

Կառավարությունը դեռևս 2015 թվականին Սոցապ նախարարության հետ համատեղ մշակել է առաջին և երկրորդ խմբի զինվորական հաշմանդամներին, նրանց ընտանիքներում անչափահաս երեխաներին և խնամակալներին հոսանքի և գազի դիմաց վարձավճարների փոխհատուցման ծրագիրը՝ մեկ շնչի հաշվով մոտավորապես 10խորանարդ մետր գազի և 60 կիլովատ սպառած էլեկտրաէներգիայի դիմաց վարձահատույց լինելով: ԼՂՀ Սոցապ նախարար Սամվել Ավանեսյանը նշեց, որ համապատասխան կառույցների՝ «ԱրցախՀԷԿ» և «Արցախգազ» ՓԲԸ-ների հետ կնքվելու են պայմանագրեր յուրաքանչյուր հասցեատիրոջ համար, իսկ սուբսիդավորումն իրականացնելու է ԼՂՀ Սոցիալական Ծրագրերի Հիմնադրամը: Տարեկան հաշվարկով դա կազմելու է մոտավորապես 220մլն. դրամ: Գործելու է կուտակային համակարգ, որը նշանակում է, որ ամառվա ընթացքում գազի և էլեկտրաէներգիայի փոխհատուցման «ավելցուկը» կտեղափոխվի ձմռան ամիսները, իսկ այն համայնքներում, որոնք գազիֆիկացված չեն, փոխհատուցումները կտեղափոխվեն ծախսած էլեկտրաէներգիայի հաշվին:  Սոցապ նախարարությունը հավաքագրելու է առաջին և երկրորդ խմբի զինվորական հաշմանդամների տվյալների ամբողջ բազան՝ ծրագիրը հաջորդ տարի՝ 2017 թվականին կյանքի կոչելու համար:

 

Դրան զուգահեռ ԼՂՀ Սոցապ նախարարությունն Ազգային Ժողովին է ներկայացրել Արցախում կարքավորության աստիճանի գնահատման մասին օրինագիծը: Ըստ ԱԺ Սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ռիտա Մնացականյանի, յուրաքանչյուր պետությունում շատ հստակ պետք է պատասխան տրվի, թե ովքե՞ր են կարիքավորները և ի՞նչ աստիճանի: Կարիքավորության գնահատման հանձնաժողովը շատ լուրջ մասնագիտական մոտեցում պիտի ցուցաբերի այս հարցին:

 

Պետության հռչակումից հետո առաջին գործը, որ պիտի անեինք, սա պիտի լիներ: Բայց քանի որ մենք պատերազմող երկիր էինք և ենք, թվում էր, թե սոցիալական կարգերը հստակ են՝ զոհված զինծառայողներ և նրանց ընտանիքներ, առաջին, երկրորդ և երրորդ խմբի հաշմանդամներ, ի ծնե հաշմանդամներ, հիվանդության հաշմանդամներ, սակայն այդ ամենի հանդեպ չկար մասնագիտական, համակարգված մոտեցում: Մեր պետության գոյության ավելի քան 25 տարիների ընթացքում այդ անապահով խավերի քանակը ոչ թե նվազեց, այլ՝ ավելացավ ներքին բռնագաղթվածների հաշվին: Սակայն կա մի կարևոր հանգամանք՝ պետք է հստակություն մտցվի այդ հարցում, մշակվի շատ ճիշտ մեխանիզմ, չխախտվի արդարության սկզբունքը և չստացվի այնպես, որ նա, ով իսկապես կարիքավոր է, դուրս չմնա և նա, ով կարիքավոր չէ, ընդգրկվի: Այսօրվա վիճակով մեր երկրում նվազագույն աշխատավարձը հնարավորություն չի տալիս աշխարհում ընդունված չափանիշներով մոտենալ անգամ սպառման նվազագույն զամբյուզին և ստացվում է, որ մեր բնակչության համարյա 90%-ն է կարիքավոր: Միջին աշխատավարձ ստացողն անգամ չի կարողանում կյանքի մինիմալ պայմաններ ապահովել: Եւ Սոցապ նախարար Սամվել Ավանեսյանն էլ նախագիծը քննարկման դնելուց առաջ ասաց, որ կարիքավորության աստիճանը որոշելիս իրենք  պիտի զգուշանան ոչ ճիշտ մոտեցումից: Առաջին չափանիշներից մեկը համարվում է բնակարան ունենալ-չունենալը, սակայն կան մարդիկ, որոնք իրենց անունով չեն ձևակերպում, այդ դեպքում ինչպե՞ս մոտենալ հարցին, ի՞նչ  չափանիշներով:

 

ՀՀ-ում տարիներ առաջ փորձել են իրականացնել «Փարոս» ծրագիրը, որն առաջացրեց ժողովրդի բուռն դժգոհությունը և, ի վերջո, ձախողման մատնվեց: Շատ կարևոր է նախագիծը կյանքի կոչելը, բայց շատ ավելի կարևոր է այն ճիշտ իրագործելը: Քանի գնում, մեր երկրում սոցիալական բևեռացումը խորանում է և քանի գնում, այդ բևեռացումն ավելի է խորանում և, աստված մի արասցե, որ օրենքն ընդունելուց հետո վիճակն ավելի վատթարանա: Կամ եթե տվյալ անձի կարգավիճակը փոխվի, այսինքն՝ կարիքավորից դառնա ոչ այնքան կարիքավոր, ինչպիսի՞ն է լինելու մոտեցումը: Մենք, այդ ամենին գումարած, ստիպված ենք մեր երիտասարդ, ստեղծագործող, երկրի ապագայի համար ինչ-որ բան ստեղծող  ուժերի մեծ մասը կենտրոնացնել սահմանների պաշտպանությանը: Եւ, բացի դրանից, խնդիր ունենք մեր սպայակազմը դարձնել մտավորականության հատուկ խավ՝ բնակարանով, սոցիալապես ապահովված կարգավիճակով:

 

Եզրակացնենք՝ կարիքավորության մասին օրինագիծը պետք է մեղմի մեր երկրում սոցիալական բևեռվածությունը, վերջ տա չքավորությանը: Նման նկատառումներից ելնելով ու նաև Սահմանադրության բարեփոխումների նախագծի հրատապությունից ելնելով, օրինագծի ընդունումը հետաձգվել է 2017 թվականը:

 

Լիլիա Բաղրյան

1