Խոսքի ու նկարագրի ներդաշնակության տեր մարդը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Խոսքի ու նկարագրի ներդաշնակության տեր մարդը

Խոսքի ու նկարագրի ներդաշնակության տեր մարդը

Չգրված մի այսպիսի օրենք կա՝ ով իր ընտանիքը լավ է պահում, վտանգված գյուղին, հայրենիքին օրհասական պահին տեր է կանգնում, չի կարող անմասն մնալ նաև այսօրվա խնդիրներից: Հայրենիքի այդպիսի նվիրյալներից մեկն էլ Վազգենն է՝ Ասկերանի շրջանի Խանցք գյուղից: Գաբրիելյանների հայտնի տոհմից է, որի ներկայացուցիչներից են մանկագիր- բանաստեղծ Գուրգեն Գաբրիելյանը և Արցախի նախագահի խորհրդական Գրիգորի Գաբրիելյանցը:

 

Վազգեն Գաբրիելյանը շատ շուտ ըմբռնեց, որ խաղաղ ցույցերին ու միտինգներին փոխարինելու է գալու զենք բռնելու ժամանակը, ու մինչ կամավորական ջոկատների կազմավորումը` արդեն պատրաստվում էր պայքարի, զենք էր հայթայթում: Թուրքի հետ խոսելու միակ ձևն այդ էր՝ուժի դեմ ուժ կիրառել: Սկսեցին դիվերսիոն գործողությունները: Դաշնակցությունից Հրանտ Մարգարյանը գալիս է` տղաներին հավաքագրելու կուսակցության դրոշի ներքո: Պատարայի, Խանցքի և Աստղաշենի տղաներից ձևավորվում է կամավորական մեծ ջոկատ: Միայն Գաբրիելյանների ընտանիքից կամավորագրվում է 15 հոգի: Ջոկատը հետագայում վերածվում է վաշտի: Վաշտը մասնակցում է Լեսնոյի, Խոջալուի, ապա նաև՝ Քյոսալար–Շուշի-Կարագյավ ուղղությունից Սեյրան Օհանյանի հրամանատարությամբ Շուշիի ազատագրման ռազմագործողություններին: Գյուղի տղաները մասնակցել են նաև Ասկերանի, Վարդաձորի ինքնապաշտպանական մարտերին: Վազգենը կողք-կողքի կռվել է սարդարաշենցի «Կայծ»-ի, Ասկոլկայի, Վլադիմիրի, Վարդանի, Լեոնիդի, Վալերի Բալայանի, Նորիկի և այլ նվիրյալ հրամանատարների հետ:

1992 թվականի մայիսի 14-ին էր, երբ Կարագյավի ուղղությունից, ուր թշնամին մեծաքանակ ռազմամթերք էր կուտակել, զենքը դեպի Վարդաձորի (Փրջամալ) ուղղությամբ տեղափոխող ծանրաբեռնված տրակտորը (որի մեջ կային 14 հոգի) ականի վրա պայթում է: Վազգենը վիրավորվում է գլխից, ուսի ոսկորն է ջարդվում, զույգ ոտքի ոսկորները, կրծքավանդակը, աչքն է վնասվում, մի խոսքով՝ վիճակը ծայրահեղ ծանր էր, ամբողջ մարմինը վառված. նույնիսկ բժիշկները հույս չէին տալիս… Ոչինչ չհասկացավ, գիտակցությունը տեղը չէր… Հետաքրքիրն այն էր, որ այդքանից հետո էլ, երբ նրան դնում են ինքնաթիռի մեջ՝ Երևան տեղափոխելու համար, ինքնաթիռը, դեռ օդ չբարձրացած,  վառվում է «Գրադ» կայանքից խփված արկից: Վազգենն ասում է, որ մի բան է միայն հիշում՝ ինքնաթիռում մի մարդ՝ սպիտակ մորուքով, այցելում է իրեն և ասում, որ դուրս գա ինքնաթիռից: Ինքը պատասխանում է, որ չի կարող շարժվել, ծանր վիրավոր է, սպիտակ մորուքով մարդն ասում է՝ չէ, պիտի դուրս գաս: Դրանից հետո` այն է հիշում, որ իրեն քարշ տալով վառվող ինքնաթիռից ցած է նետում, որից անմիջապես հետո ինքնաթիռը պայթում է:

 

«Աչքերս բացում եմ Երևանում ու կնոջս հարցնում, թե որտեղ եմ: Կինս պատասխանում է, թե բժիշկները զոռով, այստեղից- այնտեղից կարկրելով մարդ են սարքել»:

 

Վեց ամիս հետո ստիպում է, որ իրեն տուն տանեն. տուն է վերադառնում հենակներով: Երկու տարի առաջին կարգի հաշմանդամ էր: «Չէի ուզում, ամոթ էի զգում: Ապաքինվելուց հետո ուղղաթիռից իջնելուց մի բուռ հող եմ վերցնում, կարոտով համբուրում. սա իմ հողն է, այստեղից գնացողը չեմ: Մի 50 մարդ էր հավաքվել: Իմ այդ արարքից հետո շատերը, որ մտադրվել էին հեռանալ հայրենիքից, մտափոխվում են, մնում, և ուղղաթիռը դատարկ հետ է դառնում»,-մտաբերում է իմ զրուցակիցը:

 

Երկրորդ կարգի հաշմանդամ դառնալուց հետո էլ Վազգենը միշտ դիրքերում էր՝ հերթապահություն էր անում, զենք էր մատակարարում, ձգտում ամեն ինչում կռվող տղաներին օգտակար լինել`Սրխավենդ, Մարտակերտ… Կռվել ի վիճակի չէր, բայց հենակներով գնում էր պահակակետերը, ո՞նց տանը նստեր, սիրտը կպայթեր: Մինչ օրս էլ Դաշնակցության շարքերում է, կոմունիստների հետ հին հաշիվներ ունի: Իր պապին կոմունիստներն են սպանել, հոր հորեղբայրն էլ Դաշնակցության շարքերում կռվել է Սարիղամիշի մարտերում…Այնպես որ` Դաշնակցության հետ յոթը պորտով է կապված:

 

Հողը ուժ է տալիս, ժամանակն էլ արդար դատավորի պես ամեն ինչ իր տեղն է դնում և հանուն Հայրենիքի զոհվելն էլ իմաստավոր մահ է, -մտորում է կյանք տեսած մարդը: Անիմաստ  ու անտեղի ճոխություններն էլ կոտրում են հասարակ ժողովրդի ոգին»: Անարդարություններից է բողոքում, փախած-գնացած, ետ եկած ու անարդարացիորեն պաշտոններ գրավածներից… «Թշնամական ճամբարով շրջապատված երկրում չարդարացված ճոխություններն անթույլատրելի են: Միասնականության պարագայում շատ ավելի մեծ ձեռքբերումներ կունենայինք:  Ինչևէ, Աստված մեր հայ ազգին ապրելու, պայքարելու հրամայական է տվել: Մեզանից ավելի հզոր ազգեր պատմության թատերաբեմից վերացել են, իսկ հայը հարատևում է, ուրեմն մաքառելու մեր խաչը պատվով կրենք…

     Լիլիա Բաղրյան

1