Այդ ներդրումը դիմադրելու ու հաղթանակի գրավական է
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Այդ ներդրումը դիմադրելու ու հաղթանակի գրավական է

Այդ ներդրումը դիմադրելու ու հաղթանակի գրավական է

«Ապառաժ»-ը հավաքագրեց Արցախի Ազգային Ժողովի Դաշնակցություն խմբակցության անդամների կարծիքը «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի Հեռուստամարաթոն- 2016-ի վերաբերյալ:

 

ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԼՂՀ Աժ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանն ասաց, որ «Համահայկական Հիմնադրամի վերջին տարիների դրամահավաքը թերահավատության տեղիք էր տվել և կարծես անվստահության էլեմենտներ կար Հիմնադրամի և նվիրատուների միջև, բայց այս տարվա հանգանակված գումարները մեզ հուշում են, որ Հիմադրամը կարևոր և լուրջ անելիքներ ունի մեր իրականության մեջ և կարծում եմ, դրա մեջ պետք է տեսնել ապրիլյան ռազմագործողությունների և դրան հաջորդած իրողությունները և այն իրավիճակը, որ ստեղծվել էր ապրիլից այս կողմ: Ի վերջո, թե՛ հենց ապրիլյան օրերին և թե՛ դրան հաջորդած ամիսներին հայ ժողովրդի բոլոր հատվածները ցույց տվեցին, որ կարող են մեր հիմնական նպատակների և մեր առջև ծառացած հիմնախնդիրների հաղթահարման գործում լինել միասնական և տարակարծությունները մի կողմ դնել: Այդ իսկ առումով ողջունելի է դրամահավաքի մասնակիցների կողմից ցուցաբերված այդպիսի վերաբերմունքը և առիթն օգտագործելով ուզում եմ իմ խորին շնորհակալությունը փոխանցել հայ ժողովրդի բոլոր զավակներին, ովքեր իրենց կարելության սահմաններում կարողացան համապատասխան նվիրատվություն ունենալ այս կարևոր գործում: Այդ ներդրումը չպետք է դիտարկել զուտ որպես նյութական: Այդ ներդրումը թե՛ բարոյական է և թե՛ դիմադրելու ու հաղթանակի գրավական: Մենք մեր մեջ ուժ պիտի գտնենք երկրորդական հարցերը և տարակարծությունները մի կողմ դնել, մանավանդ՝ նոր սպասվող մարտահրավերներին դիմակայելու համար, ավելի նոր մոտեցումներ ցուցաբերել, ավելի նոր բարձունքներ գրավել, իսկ այդ նոր բարձունքները մեզ համար արդեն իսկ նախանշված են՝ դա Հայաստանի և Արցախի զարգացման ապահովումն է,  հայ ժողովրդի հավաքական ուժի ցուցադրումով»:

 

ԼՂՀ ԱԺ նախագահի տեղակալ, Արցախի ՀՅԴ ԿԿ-ի անդամ Վահրամ Բալայանը նշեց. «Հեռուստամարաթոնն ապացուցեց, որ Արցախը նորից ու նորից մնում է համայն հայության ոգեշնչման աղբյուրը: Հարցը հավաքվող գումարների չափի մեջ չէ, այլ այն նվիրումի, որ հայությունը ցուցաբերում է Արցախի հանդեպ: Մենք երախտապարտ ենք այդ նվիրումի, հայրենասիրության այդ բարձր դրսևորման համար: Արցախը համահայկական միասնության գագաթնակետին է»:

 

ԼՂՀ Աժ Դաշնակցություն խմբակցության անդամ, արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ  Ալյոշա Գաբրիելյանն ասաց, որ «Անսպասելի ու ուրախալի է  համարում Հիմնադրամի հանգանակված միջոցները՝ ուղղված Արցախի սահմանամերձ բնակավայրերի վերականգնմանը և կցանկանար ի սրտե իր խորին երախտագիտությունը հայտնել բոլոր նրանց, ովքեր գեթ մի լումա են ներդրել Արցախի հզորացման գործընթացին»:

«Ապառաժ»

1