Կառավարությանն ուղղված 18 հարցերից 11-ը՝ «Դաշնակցություն» խմբակցությանն էր
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Կառավարությանն ուղղված 18 հարցերից 11-ը՝ «Դաշնակցություն» խմբակցությանն էր

Կառավարությանն ուղղված 18 հարցերից 11-ը՝ «Դաշնակցություն» խմբակցությանն էր

Նոյեմբերի 30-ին կայացած ԼՂՀ Ազգային ժողովի 4-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստին կառավարությանը հարց ու պատասխանին հերթագրված տասը պատգամավորներից վեցը «Դաշնակցություն» խմբակցությունն էին ներկայացնում: Խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանն այս հանգամանքը պատգամավորական լիազորությունների ճիշտ եւ նպատակային կատարման հետ է կապում: Խմբակցության հանդիպումները համայնքներում պարբերական բնույթ են կրում, իսկ բնակիչների կողմից բարձրացվող հարցերը շատ են լինում:

 

Խմբակցության ղեկավար Դ. Իշխանյանի հարցն էներգետիկայի ոլորտից էր: Էկոնոմիկայի նախարարը հաստատեց՝ «Արցախէներգո» և «Արցախգազ» ընկերությունները մասնավորեցվում են. գործընթացն ավարտին է մոտենում: Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի մատակարարման ցածր լարմանը՝ նախարարը նշել է, որ էներգոհամակարգում կա մեծ ներդրման անհրաժեշտություն, հատկապես` օդային գծերում, որոնք կառուցվել են  մի քանի տասնյակ տարիներ առաջ:

 

««Արցախէներգո»-ն մասնավորեցնող ընկերության կողմից նախապատրաստման փուլում է գտնվում 2017 թվականի ցանցի ներդրումային ծրագիրը, որը հիմնականում ուղղված է այդ խնդիրների լուծմանը»,- նշել է ԼՂՀ Էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը:

 

Խմբակցության ղեկավարի բարձրացրած հարցերի շարքում էր նաեւ Արցախի 25 համայնքներում տրասպորտի գնի բարձրացման հարցը: «Տեղյակ չեմ, կոնկրետ ի՞նչ համայնքների եւ թանկացումների մասին է խոսքը»,- նշել է Ա. Խաչատրյանը՝ հավելելով, որ հարցը կուսումնասիրվի եւ կներկայացվի:

 

Խմելու ջրի որակի հարցը եւ պայմանագրային զինծառայողների բուժզննում վճարի հարցը բարձրացրել է ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը: Վարչապետ Արայիկ Հարությունյանը նշել  է, որ այդ հարցերը մանրամասն քննարկվելու են 2017 թվականի բյուջեի քննարկման ժամանակ:

 

Պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանի հարցը գյուղացիական աջակցությունների, սուբսիդավորումների եւ վարկերի ուշացման խնդրի վերաբերյալ էր: ԼՂՀ գյուղնախարար Արամ Մխոյանը պարզաբանեց, որ համապատասխան ժամկետում պահանջներ ներկայացնելու դեպքում դրանք տրամադրվում են:

 

Արցախի չգազաֆիկացված համայնքներին հեղուկ գազի մատակարարման հարցը բարձրացրել է պատգամավոր Արմեն Սարգսյանը: Պատասխանողը կրկին էկոնոմիկայի նախարարն էր: «Ցանկացողներին հեղուկ գազը հասցվում է, սակայն մենք պատրաստ ենք օժանդակել նաեւ նման նախաձեռնություն ստանձնած ընկերությանը»,- նշել է նա:

 

Հնարավո՞ր է, որ կառավարությունը փոխատուցի խոզի գլխաքանակի կորուստը. պատգամավոր Ռիտա Մնացականյանի հարցին ի պատասխան վարչապետ Արայիկ Հարությունյանը նշել է. «Ապրանքի դիֆիցիտի դեպքում պետությունը պարտավոր է աջակցել, սակայն մինչեւ ավելցուկի շեմը: Վնասը փոխհատուցվում է նաեւ ապահովագրության պարագայում»:

 

Տեղական ինքնակառավարման մարմիններին քաղաքացիական ակտերի գրանցման որոշակի գործառույթներ փոխանցելու հարցը պատգամավոր Լեռնիկ Հովհաննիսյանինն էր:

 

ԼՂՀ արդարադատության փոխնախարար Կարեն Դանիելյանը պարզաբանեց, որ դա զուտ մասնագիտական գործընթաց է: «Նախկին փորձը ցույց է տվել, որ գոնե մեկ տառասխալի պատճառով այսօր քաղաքացիները մեծ խնդիրների առաջ են կանգնում»,- պարզաբանել է նա եւ նշել, որ նախարարությունն անցել է էլեկտրոնային գրանցման համակարգին, եւ այդ ծրագրի շրջանակներում, հնարավոր է, որոշ ենթաշրջանններում, մասնագետների վերապատրաստումից հետո կատարվեն գրանցումներ:

 

Ընդհանուր առմամբ կառավարությանն ուղղված 18 հարցերից 11-ը՝ «Դաշնակցություն» խմբակցությանն էր:

 

Օրակարգի վերջին կետում պատգամավորական հայտարարություններ են եղել: Պատգամավոր Հայկ Խանումյանն արտաքին քաղաքականությանն է անդրադարձել, Գագիկ Բաղունցը` կրթության գերակայությանը, իսկ Ալյոշա Գաբրիելյանը՝ օրենսդիր — գործադիր հարաբերություններին եւ ԱԺ-ի դերակատարությանը:

 

«Առաջադրվելիք նոր Սահմանադրությունում ջանում ենք հնարավորինս մեծացնել ԱԺ-ի դերակատարությունը: Սակայն, ես` որպես պատգամավոր, վիրավորված եմ, որ այսօր եւ ընդհանրապես, ԱԺ-ում ընթացող գործընթացներին որոշ նախարարությունների, պետական ծառայությունների առաջին դեմքերը խուսափում են ներկայանալ: Սա մտահոգիչ է: Ես ոչ մի անգամ այստեղ չեմ տեսել ուժային կառույցների առաջին դեմքերին: Սա դիտում եմ որպես արհամարհական վերաբերմունք ԱԺ-ի նկատմամբ:

 

Նույնիսկ լսումների եւ քննարկումների ժամանակ են բացակայում: Գոնե տեղակալները ներկայանան: Հնարավոր չէ՞, որ այս կառույցների ներակայացուցիչներն այսօր հարց ու պատասխանին ներկա լինեն: Սա մեր հեղինակության հարցն է»,- նշել է Ալյոշա Գաբրիելյանը:

 

Հ.Գ. «Ապառաժ»-ը առանձին նյութերում անդրադառնալու է «Դաշնակցություն» խմբակցության պատգամավորների բարձրացրած հարցերին եւ լուսաբանելու է պատասխանատու անձանց կողմից հնչեցված պատասխանները:

 

Լուսինե Թեւոսյան

1