Եգիպտոսն առաջին իսլամական պետությունն է, որ բարձրացրեց Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Եգիպտոսն առաջին իսլամական պետությունն է, որ բարձրացրեց Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը

Եգիպտոսն առաջին իսլամական պետությունն է, որ բարձրացրեց Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը

Եգիպտոսի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի նախագահ Արմեն Մազլումյանը Tert.am-ին պատմեց, որ հիմա Եգիպտոսի խորհրդարանի պատգամավորները Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի տեքստն են պատրաստում, որ ներկայացնեն խորհրդարանի նախագահին, որն էլ պետք է հարցը խորհրդարանի օրակարգում ներառի:

 

«Եգիպտոսն առաջին իսլամական պետությունն է, որ բարձրացրեց Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը: Խնդիրը շատ նուրբ է, հնարավոր է, որ խոչընդոտների հանդիպի, այն քաղաքական շահերի հետ է կապված, այդ ամբողջ տարածաշրջանի քաղաքականության հետ է կապված»,- ասաց նա՝ միաժամանակ նշելով, որ պետք չէ մտածել, որ բանաձևի ընդունումը հաջողությամբ չի պսակվի:

 

Հիշեցնենք, որ Եգիպտոսի խորհրդարանի պատգամավոր Մուստաֆա Բաքրին հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով երկրի խորհրդարանին ու կառավարությանը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

 

Մուստաֆա Բաքրին հայտարարել է, որ պատմական փաստաթղթերը վկայում են, որ 1915-1922 թվականներին թուրք-օսմանցիները 1.5 միլիոն հայ են ոչնչացրել: Այդ փաստերը քննարկելու համար նա կոչ է արել խորհրդարանի հատուկ նիստ հրավիրել: Բաքրիի ներկայացրած նախագծի տակ ստորագրել է 337 պատգամավոր:

 

Արմեն Մազլումյանը հիշեցրեց, որ Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի նախօրեին իրենք Եգիպտոսում մեծ աղմուկ էին բարձրացրել և մարդկանց ուշադրությունը հրավիրել Հայոց ցեղասպանության փաստի վրա: «Հայոց ցեղասպանության մասին տեղեկատվություն տարածվեց Եգիպտոսի հեռուստաընկերություններով, գրքերով, համալսարաններում շատ աշխատանք տարվեց: Դրանից հետո խնդրի նկատմամբ եգիպտացիների մոտ թեմայի շուրջ հետաքրքրությունը բարձրացավ: Եվ երբ Թուրքիայի հետ Եգիպտոսի հարաբերությունները վատացան, և Թուրքիան սկսեց միջամտել այդ երկրի ներքին քաղաքականությանը, Եգիպտոսը որոշեց ինչ-որ դիրք բռնել՝ հակազդելու Թուրքիայի քաղաքականությանը»,- ասաց նա:

 

Միաժամանակ Արմեն Մազլումյանն ընդգծեց, որ չնայած քաղաքական հանգամանքները՝ Թուրքիային «պատժելու» կամ «վախեցնելու» Եգիպտոսի ցանկությանը, դատապարտող բանաձևը նախաձեռնող պատգամավորներն իրենց խոսքում անընդհատ նշում են, որ հարցը քաղաքական չէ, այլ մարդասիրական է․ «Ասում են՝ իրավազուրկ եղած հայերը պետք է իրենց իրավունքի տերը լինեն: Ասում են, որ իրենք միշտ էլ իրավազրկված երկրների կողքին են կանգնել»:

 

Անդրադառնալով նրան, թե ինչ կտա Եգիպտոսի խորհրդարանում Հայոց ցեղասպանության հարցը բարձրացնելը ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում, Եգիպտոսի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի նախագահը շեշտադրեց․ «Հատկանշական է, որ Հայոց ցեղասպանության մասին խոսում է իսլամիստական պետությունը: Կարծիք կա, որ Ցեղասպանությունը կրոնի պատճառով չի եղել, այլ Պանթուրքիզմի ծրագիրն իրագործելու համար է արված եղել այն: Դա մեծ պատճառ կլինի, որ իսլամական պետությունն ընդունի Հայոց ցեղասպանությունը: Հետո՝ Եգիպտոսի ճանաչումից հետո միջազգային հանրության կողմից Թուրքիայի վրա ճնշումները կշատանան»:

 

Արմեն Մազլումյանը նկատեց, որ նման գործընթացները, որ աշխարհի տարբեր մասերում տեղի են ունենում, կստիպեն Թուրքիային, որ ընդունի իր պարտությունը և հայ ժողովրդին հատուցում տա:

 

Եգիպտոսի խորհրդարանում Հայոց ցեղասպանության դատապարտման գործընթացի շարունակականությունը պահելու և վերջնական արդյունքին՝ դատապարտմանն ու բանաձևը ընդունելուն հասնելու համար, Արմեն Մազլումյանի խոսքով, պետք է շարունակեն սերտ կապեր պահել եգիպտացի խորհրդարանականների հետ:

 

«Պետք է ճիշտ ներկայացվեն հարցերը, չպետք է նաև արտաքին միջամտություններ լինեն․ սա Եգիպտոսի ներքին հարցն է, իրենք են որոշել և իրենք պետք է այդ որոշումն ընդունեն: Պետք է նաև Հայաստանն իր հարաբերությունները սերտացնի ընդհանրապես Արաբական աշխարհի և մասնավորապես Եգիպտոսի հետ: Միշտ պետք է Եգիպտոսի կողքին մնանք»,- ասաց նա:

1