Թալիշը վերակենդանանում է. Հայաստանից՝ Ալաշան, Ալաշանից՝ Թալիշ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Թալիշը վերակենդանանում է. Հայաստանից՝ Ալաշան, Ալաշանից՝ Թալիշ

Թալիշը վերակենդանանում է. Հայաստանից՝ Ալաշան, Ալաշանից՝ Թալիշ

Թեեւ Թալիշում 2015-16 թվականի ուսումնական տարին չի եզրափակվել վերջին զանգով, 2017-ի նոր ուսումնականը մեկնարկելու է կրթօջախի վերակառուցված գյուղապետարանի շենքում՝ առաջին զանգի հնչյունների ղողանջի ներքո:

 

Քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը երեկ՝ նոյեմբերի 28-ին, լրագրողների հետ հանդիպմանը նշել է, որ արդեն պատրաստ է Թալիշի հատակագծման նոր նախագիծը:

 

«Նախագծի համաձայն գյուղը կունենա առանձին մանկապարտեզ, հանդիսությունների տուն, կբարեկարգվի գյուղի ողջ տարածքը և գեղեցիկ տեսք կստանա գյուղ մտնող հատվածը,- ասել է Կ.Շահրամանյանը եւ հավելել,- պետք է ազատվենք գյուղում առկա ավերակներից և վերակառուցենք բոլոր բնակելի տներն ու ներհամայնքային ճանապարհները»:

 

Համալիր աշխատանքները հիմնականում իրականացվելու են «Հայաստան» համահայկական հիմնադրամի 19-րդ հեռուստամարաթոնի շրջանակում հանգանակված գումարի հաշվին: ԼՂՀ կառավարությունն էլ հնարավոր բոլոր միջոցները կօգտագործի Թալիշի վերականգնման ուղղությամբ:

 

Արդեն վերականգնվել են Թալիշի ենթակառուցվածքները. գյուղը էլեկտրաֆիկացված է, ապահովված գիշերային լուսավորությամբ, վերանորոգվել է նաեւ ճանապարհը: Ընթացքի մեջ է ջրամատակարարման ցանցի վերականգնումը:

 

«Որքանո՞վ է  անվտանգ Թալիշում բնակություն հաստատելը» մեր հարցին ի պատասխան ԼՂՀ քաղաքաշինության նախարարն ասել է, որ Մատաղիս գյուղն ու Մարտակերտ քաղաքը սահմանից նույն հեռավորության եւ նույն խոցելիության մակարդակում են գտնվում, սակայն մարդիկ այնտեղ ապրում են:

 

«Մենք գտնվում ենք պատերազմական իրավիճակում, ի՞նչ երաշխիքի մասին է  խոսքը,-  նշել է Կարեն Շահրամնյանը,- եթե մտածենք, որ անպայման պետք է երաշխիք լինի, որից հետո գյուղը վերակենդանացնենք, նշանակում է որ թալիշցիները չպետք է  տեղափոխվեն»:

 

Ըստ նախարարի՝ կառուցվող շինությունները գտնվում են գյուղի համեմատաբար անվտանգ գոտում: Իսկ անվտանգ ապրելու համար՝ այլ միջոցներ եւս ձեռնարկվում են:

 

«Ինչպե՞ս է կազմակերպվելու Թալիշ վերադարձած բնակիչների զբաղվածության հարցը» մեր հնչեցրած այս հարցի պատասխանը հետեւյալն էր.

 

«Տղամարդիկ ներգրավելու են առաջնագծում իրականացվող աշխատանքներին, ինչ վերաբերում է կանանց, ապա  նախատեսում ենք Թալիշում բացել փոքրիկ արտադրամաս»,- ասել է Կ.Շահրամանյանը եւ նշել, որ խոսքը Ղարմետաքսկոմբինատի մասնաճյուղի մասին է:

 

« Թալիշ տեղափոխվելով թալիշցիները զրկվելո՞ւ են տրամադրվող նպաստներից» եւ « Ազատվելո՞ւ են արդյոք հարկերից» հարցերը դեռեւս քննարկման փուլում են:

 

Արցախի հյուսիսային դարպաս՝ Թալիշ, տեղափոխվելու «երթուղին» հետեւյալն է՝ Հայաստանից՝ Ալաշան, Ալաշանից՝ Թալիշ:

 

Թալիշի վերակենդանացման ծրագիրը ենթադրում է ոչ միայն թալիշցիների վերադարձ: Թալիշ տեղափոխվելու ցանկություն ունեցող բոլոր ընտանիքների համար նույնպես ստեղծվելու են  անհրաժեշտ պայմաններ:

 

Հավելենք, որ այսօրվա դրությամբ Ալաշանում է բնակվում շուրջ 30 ընտանիք՝ 126 հոգի: Արցախի այլ բնակավայրերում ապաստարան գտած թալիշցիների թիվը 114 է, Հայաստանի Հանրապետությունում՝ 240:

 

Գլխավոր նկարն արվել է Թալիշում

29.12.2015 թ.

Լուսինե Թեւոսյան

 

 

1