Ռուբեն Վարդանյանը կրթաթոշակ է հիմնում Մերձավոր Արևելքի ոչ հայ երիտասարդների՝ AUA-ում ուսանելու համար
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Ռուբեն Վարդանյանը կրթաթոշակ է հիմնում Մերձավոր Արևելքի ոչ հայ երիտասարդների՝ AUA-ում ուսանելու համար

Ռուբեն Վարդանյանը կրթաթոշակ է հիմնում Մերձավոր Արևելքի ոչ հայ երիտասարդների՝ AUA-ում ուսանելու համար

Ռուբեն Վարդանյանը կրթաթոշակ է հիմնում, որպեսզի Սիրիայի, Լիբանանի և Իրաքի երիտասարդները ուսանեն Հայաստանի ամերիկյան համալսարանում (AUA)։

 

Գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ հատուկ կրթաթոշակ է հիմնում, որը Սիրիայի, Լիբանանի և Իրաքի ոչ հայ երիտասարդներին հնարավորություն կտա ուսանելու Հայաստանի ամերիկյան համալսարանում։

 

Այս մասին Ռուբեն Վարդանյանը հայտարարել է Հայաստանի ամերիկյան համալսարանի 25-ամյակին կազմակերպված միջոցառմանն իր ելույթում` նոյեմբերի 20-ին։

 

«Ես կարծում եմ, որ Հայաստանը միայն նման կերպ՝ դառնալով տարածաշրջանային առանցք, կարող է հաջողակ լինել՝»,- ասել է Վարդանյանը՝ ընդգծելով, որ Հայաստանի ամերիկյան համալսարանը պետք է ոչ միայն ներսի և դրսի հայերի, այլև արտասահմանցիների համար դառնա կրթություն ստանալու վայր։

 

Նա հիշեցրել է, որ անցած տարի իր տիկնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հետ հիմնել էր 100 երեխաների համար հատուկ կրթաթոշակ, որպեսզի Սիրիայից, Լիբանանից և Իրաքից հակամարտություններից տուժած երեխաները հնարավորություն ստանան ուսանելու Միացյալ համաշխարհային քոլեջների համակարգում, այդ թվում՝ Դիլիջանի միջազգային դպրոցում։

 

«100 տարի առաջ արաբ շատ ընտանիքներ, թեև հարուստ ու հաջողակ չէին, օգնեցին մեր պապերին վերապրել։ Այդ իսկ պատճառով մենք հիմնեցինք 100 երեխաների հատուկ կրթաթոշակը»,- ասել է Ռուբեն Վարդանյանը՝ ընդգծելով, որ Մերձավոր Արևելքը բազմաթիվ հայ ընտանիքների հայրենիքն է դարձել։

 

«Կրթությունը ոչ միայն ապագայի, այլև ներկայի համար կարևոր ներդրում է։ 21-րդ դարում կրթությունը պարտադիր է ոչ միայն սոցիալապես, այլև տնտեսապես հաջողակ լինելու համար։ Այժմ հիմնական արժեքն այլևս հողը չէ՝ թե ինչքան հող ունես, ինչքան նավթ ունես, ինչքան այլ հանածոներ ունես։ Հիմնական հարցը՝ քանի խելացի մարդ կա, որ ապրում է քո երկրում,- ասել է Վարդանյանը։- Կարևոր է հասկանալ, որ կրթությունը աշխարհի ապագայի հիմնական շարժիչներից է լինելու, և մենք մրցակցային առավելություն ունենք՝ մենք խելացի ժողովուրդ ենք»։

1