Երևանում բացվեց պոլսահայ լուսանկարիչ Նուրան Աքքայայի «Հայերը՝ Թուրքիայում» ցուցահանդեսը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Երևանում բացվեց պոլսահայ լուսանկարիչ Նուրան Աքքայայի «Հայերը՝ Թուրքիայում» ցուցահանդեսը

Երևանում բացվեց պոլսահայ լուսանկարիչ Նուրան Աքքայայի «Հայերը՝ Թուրքիայում» ցուցահանդեսը

«Առնո Բաբաջանյան» համերգասրահում բացվեց պոլսահայ ժամանակակից  լուսանկարիչ Նուրան Աքքայայի «Հայերը՝ Թուրքիայում» ցուցահանդեսը, կայացավ  «Հայերը» ալբոմի շնորհանդեսը:

Նուրանը ծագումով Սեբաստիայից է: Նա առաջին անգամ է Հայաստանում: Հայերեն հասկանում է, սակայն խոսել չի կարողանում:  Սիրած երգերից է «Դլե Յաման»-ը: Եթե հնարավորություն լինի, կփոխի անունը՝ Հրանտ:

 

«Իմ կնունիք անունն է»,- լրագրողների հետ զրույցում  ասաց Նուրան Աքքայան:

 

«Թուրքահայերս գաղտագողի ենք ապրում, միշտ մնում ենք չբացահայտված: Ցանկացա 21-րդ դարում այդ վայրագույրը բարձրացնել: Աշխատեցի այս նկարների միջոցով  տեսանելի  դարձնել Թուրքիայի հայերին, քանի որ մեր այս երկու հասարակությունը՝ Հայաստանի հայերը և Թուրքիայի հայերը, իրարից հեռու են: Աշխատեցի, որ այս նկարները կամուրջ հանդիսանան նրանց միջև»,- նշեց լուսանկարիչը:

 

Նուրան Աքքայան պրոֆեսիոնալ լուսանկարիչ չէ: Այս ծրագրի վրա 6-7 տարի է աշխատել:

 

«Որոշ նկարներ անելիս մարդիկ իրենց սիրտը բացեցին: Օրինակ, մի կին, ըստ հոր պատմածների, կազմել է քարտեզի նման մի բան, որի վրա պահում է իր ընտանեկան հիշողությունները. նկարված է իրենց տունը, եկեղեցին, գյուղի դպրոցը: Մի քանի ժամ խոսակցությունից հետո միայն այդ կինը գնաց,  հանեց մի տետրի միջից և ցույց տվեց ինձ:

 

Ներկայացված նկարներում ամեն ինչ բնական վիճակում է, չեմ ասել՝ հատուկ այսպես կանգնեն, այնպես նստեն»,- հավելեց նա:

 

Ցուցահանդեսում ներկայացված է 50 լուսանկար, գրքում՝ շուրջ 100: Արված լուսանկարների առանցքում պոլսահայ հասարակությունն է, նրա տարբեր խավերի ներկայացուցիչների դիմանկարները: Լուսանկարներն արված են տարբեր շրջաններում՝ Պոլիս, Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցի, Մուսա լեռան հայկական վերջին՝ Վաքըֆլի գյուղ, Կարս, Կեսարիա:

 

Սա  լուսանկարչի առաջին ցուցահանդեսն է: Մտադրություն ունի «Հայերը՝ Թուրքիայում» ցուցահանդեսը ներկայացնել նաև Թուրքիայում, սակայն դեռ վերջնական որոշում չկա՝ որտեղ և երբ:

 

Ցուցահանդեսի բացմանը ներկա սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ասաց, որ նախարարության հերթական կարևորագույն ծրագրերից մեկն է:

 

«Պոլսահայ համայնքի հետ անընդհատ աշխատում ենք, հրավիրում երգի, պարի խմբեր, կազմակերպում ցուցահանդեսներ, գրքերի շնորհանդեսներ, նշում թերթերի հոբելյաններ: Հպարտ եմ, ուրախ, նաև տխուր, որ Պոլսում այդպիսի հրաշալի մշակութային համայնք ունենք, շատ ազգային, մշակութային գործեր են այնտեղ ծնվում»,- նշեց նախարարը:

 

Խոսելով Նուրան Աքքայայի լուսանկարների մասին՝ Հ. Հակոբյանը նշեց, որ ներկայացված են հասարակ մարդիկ, հայկական սրբատեղիները, եկեղեցիները որպես հայ ժողովրդի լինելության, հավատքի կենտրոններ:

 

«Նուրանը պատկերել է հետաքրքիր մի բանալի, որն ապագային բանալին է, որը մենք պետք է բացենք և առաջ տանենք»,- հավելեց նախարարը:

Նուրան Աքքայան ծնվել է 1972 թվականին Պոլսում: Լուսանկարչությամբ սկսել է հետաքրքրվել 1984 թվականից:  1992 թվականին ավարտել է «Մարմարա» համալսարանի կենսաբժշկական գործիքների արհեստագիտության բաժինը:  Ներկայումս ֆրանսիական բժշկական հաստատություններից մեկում աշխատում է իբրև տեխնիկական սպասարկման բաժնի տնօրեն:

1