Բռնատիրությամբ և հարստությամբ նախապաշարված բռնապետը. Էրդողանի 12 սկանդալները…
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Բռնատիրությամբ և հարստությամբ նախապաշարված բռնապետը. Էրդողանի 12 սկանդալները…

Բռնատիրությամբ և հարստությամբ նախապաշարված բռնապետը. Էրդողանի 12 սկանդալները…

 

Յուրաքանչյուր անցնող օրվա հետ Թուրքիայի նախագահ Էրդողանը գնալով ավելի բռնակալ է դառնում: Ընդդիմադիր քրդամետ ԺԴԿ կուսակցության թուրքական խորհրդարանի 11 անդամների ձերբակալությունը վերջինն է Էրդողանի բռնապետական ​​քաղաքականության երկար շարանում:

 

Պենտագոնի նախկին պաշտոնյա և Ձեռներեցության ամերիկյան ինստիտուտի գիտաշխատող Մայքլ Ռուբինը, անցյալ շաբաթ ջախջախիչ  նյութ է հրապարակել Էրդողանի մասին՝ թվարկելով նրա սկանդալային գործողություններից մի քանիսը…

 

Ամփոփելով ձեր ուշադրությանն եմ ներկայացնում Ռուբինի ծավալուն հոդվածը, որը տեղադրվել էր «Նյուզվիք» ամսագրի եվրոպական հրատարակության կայքում՝ «Տասներկու հարց, որ թուրք լրագրողները չեն համարձակվում տալ» խորագրով:

 

  1. Ինչպե՞ս է Էրդողանը դարձել միլիարդատեր:

Էրդողանը մեծացել է աղքատ ընտանիքում՝ մինչ Ստամբուլի քաղաքապետ դառնալը, երբ բախվեց 13 կոռուպցիոն հետաքննությունների: 2004 թվականին, երբ նա Թուրքիայի վարչապետն էր, Անկարայում ԱՄՆ դեսպանատունը Վաշինգտոն ուղարկած հեռագրում գրում էր, որ «նա առնվազն ութ բանկային հաշիվներ ունի Շվեյցարիայում»: Բացի այդ, գաղտնի հեռախոսային ձայնագրություններից բացահայտվեցին նրա հրահանգները՝ «գրեթե մեկ միլիարդ դոլար կանխիկ գումար վերացնելու մասին: Էրդողանն օգտագործեց իր ազդեցությունը դատարանների վրա՝ դատը չեղյալ հայտարարելու և ձերբակալելու այն դատախազներին ու դատավորներին, որոնք ձգտում էին հետամուտ լինել դրան»:

 

  1. Որտե՞ղ է Էրդողանի համալսարանական դիպլոմը:

Էրդողանը պնդում է, որ 1981 թ. ավարտել է Ստամբուլի Մարմարայի համալսարանը: Հնարավոր է, որ նրա դիպլոմը կեղծված է: «Քառամյա բարձրագույն կրթությունը պարտադիր նախապայման է նախագահ լինելու համար: Եթե Էրդողանը ստում է դիպլոմի մասին, արդյոք նա կարո՞ղ է մնալ որպես նախագահ»:

 

3.Արդյոք կա՞ մեկ այլ պատմություն հեղաշրջման փորձի հետևում

Էրդողանը ազատեց աշխատանքից և բանտարկեց իր հազարավոր քաղաքական հակառակորդներին, նրանց մեղադրելով Ֆեթուլլահ Գյուլենի հետևորդները լինելու մեջ, որն իբր եղել է հուլիսի 15-ի հեղաշրջման կազմակերպիչը, ինչը թուրք նախագահն անվանեց «պարգև Աստծո կողմից»:

 

  1. Եթե կա FETO, կա՞ արդյոք ETO:

Էրդողանը Գյուլենի շարժումն անվանում է «Ֆեթուլլիստական ահաբեկչական կազմակերպություն (FETO)…. Եթե թույլատրելի է խոսել FETO-ի մասին որպես ահաբեկչական խմբի, արդյոք հավասարապես ընդունելի՞ կլինի հիշատակել Էրդողանիստների ահաբեկչական կազմակերպությունը (ETO)»:

 

  1. Եթե Գյուլենը ահաբեկիչ է, ապա ինչո՞ւ էր Էրդողանը աշխատում նրա հետ մինչև 2013 թվականը:

Գյուլենը և Էրդողանը գրեթե միևնույն կրոնական փիլիսոփայական սկզբունքների կրողներ էին մինչև 2013 թվականի իրենց բաժանումը: Ինչո՞ւ է այժմ Գյուլենը «ահաբեկիչ» համարվում:

 

  1. Ինչո՞ւ են հաղորդում Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) հարձակումների մասին, բայց ոչ ԻԼԻՊի:

«Երբ PKK-ն կամ քրդական ծայրահեղական խմբերն են հարձակվում, դրանք օրեր շարունակ Թուրքիայում գերիշխող խորագրեր են, քանի որ հետաքննությունը շարունակվում է, իշխանությունները անվանում են կասկածյալներին և այլն… Սակայն երբ ԻԼԻՊ-ն է հարձակվում, Թուրքիայի կառավարությունը արգելում է հրապարակումները  հետաքննության մասին»:

 

  1. Ինչո՞ւ է Թուրքիայի հետախուզությունը օգնում «Նուսրա ճակատին» և ԻԼԻՊին:

«Անհերքելի փաստեր կան, որ թե «Նուսրա ճակատը»՝ «Ալ-Քաիդայի» սիրիական թևը, թե ԻԼԻՊ-ը, Թուրքիայի իշխանություններից ստացել են զենք, աջակցություն և սարքավորումներ: Երբ լրագրողները բացահայտեցին այս պատմությունը և լուսանկարչական ապացույցներ ներկայացրեցին, Էրդողանի պատասխանը եղավ՝ լուրը հրապարակած թերթի խմբագրի ձերբակալումը: Նույն կերպ, երբ թուրք զինվորները կանգնեցրեցին զենքի առաքումը դեպի Սիրիա, Էրդողանը հրամայեց ձերբակալել ոչ թե մաքսանենգներին, այլ զինվորներին…»:

 

  1. Արդյոք թո՞ւրք մահապարտների ջոկատ էր կանգնած Փարիզի սպանությունների հետևում:

«2013 թ. մարդասպաններ մահապատժի ենթարկեցին երեք քուրդ ակտիվիստների, Փարիզի իրենց գրասենյակում: Նրանք երեքն էլ PKK-ի անդամներ էին… ֆրանսիայում ձերբակալված Օմար Գյունեյը 32-ամյա մի թուրք էր, որը Ֆրանսիա էր տեղափոխվել 9 տարեկան հասակում: Սպանությունից հետո կատարված հեռախոսազանգերի ստուգումից պարզվել էր, որ նա հետ է զանգել Թուրքիայի հետախուզական ծառայության գործակալներին…»:

 

  1. Ինչո՞ւ է Էրդողանը իր փեսային նշանակել նավթային տնտեսության նախարար:

«Էրդողանի 37-ամյա փեսան՝ Բարաթ Ալբայրաքը, դարձել է Թուրքիայի էներգետիկայի նախարար 2015 թ. նոյեմբերի 24-ին: Արդյոք նա՞ էր ամենաբարձր որակավորում ունեցողը, թե՞ այլ գործոններ են դեր խաղացել»:

 

  1. Կարո՞ղ ենք խոսել Էրդողանի կապերի մասին:

Էրդողանի մտերիմ ընկեր, սաուդյան գործարար Յասին ալ-Քադին, ըստ ԱՄՆ գանձատան դեպարտամենտի, «մեղադրվել է «Ալ-Քաիդայի» առաջնորդ Ուսամա բեն Լադենի հետ մինչև 2014 թվականը ունեցած կապերի մեջ»: Էրդողանը համառորեն հայտարարել է. «Ես ճանաչում եմ պարոն Քադիին: Ես հավատում եմ նրան, ինչպես ինքս ինձ: Անհնարին է, որ պարոն Քադին կապված լինի որևէ ահաբեկչական կազմակերպության հետ կամ աջակցի դրանցից որևէ մեկին»:  Էրդողանը մտերիմ է նաև աֆղանստանցի Գյուլբեդին Հեքմաթյարի հետ, որը «կապեր ունի «Թալիբանի» և «Ալ-Քաիդայի» հետ»: Մյուս ընկերը՝ Խալիդ Մեշալը («Համաս» խմբավորման զինված առաջնորդ), Թուրքիա էր ժամանել որպես Էրդողանի անձնական հյուր…

 

  1. Ի՞նչ գործարք եք կնքել Պուտինի հետ:

Էրդողանն ու Պուտինը, վերջերս խաղաղություն կնքելուց հետո, համաձայնության եկան գազամուղի ծրագրի շուրջ և բանակցություններ վարեցին Թուրքիայի կողմից ռուսական հրթիռային համակարգի ձեռքբերման վերաբերյալ: Եղե՞լ են արդյոք այլ գաղտնի համաձայնություններ:

 

  1. Ինչո՞վ է պայմանավորված դատարանի կողմից «Արդարություն և զարգացում» կուսակցության փակման մերժումը:

2008 թ. Թուրքիայի սահմանադրական դատարանը շատ մոտ էր Էրդողանի իշխող կուսակցության լուծարմանը: Սակայն, վերջին պահին, դատավորներից մեկը փոխեց իր քվեն: Պնդումներ կան, որ «մի գործարար, որը երկար ժամանակ հետապնդումների էր ենթարկվում Էրդողանի կողմից, գումար է փոխանցել այդ դատավորի հաշվեհամարին քվեարկությունից անմիջապես առաջ»:

 

Նոյեմբերի 6-ին, Ստամբուլում դոկտորի պատվավոր կոչում ստանալու արարողության ժամանակ Էրդողանը հպարտորեն հայտարարեց. «Ինձ չի անհանգստացնում, որ ինձ անվանում են բռնապետ. մեկ ականջիցս մտնում, մյուսից դուրս է գալիս»:

 

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

1