Ստեփանակերտի քաղաքային շուկա կամ յոլա գնալու արհեստ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Ստեփանակերտի քաղաքային շուկա կամ յոլա գնալու արհեստ

Ստեփանակերտի քաղաքային շուկա կամ յոլա գնալու արհեստ

 

Ստեփանակերտի կենտրոնական շուկայում կարելի է  տեսնել  քաղաքի կոլորիտն իր գույներով , արցախցիներին  իրենց նիստ ու կացով ,  անցյալով ու ներկայով: Համենայն դեպս կենտրոնական շուկայի վաճառականները  այդպես  են  բնութագրում իրենց:

 

Ստեփանակերտի  36-ամյա  բնակչուհի Իննեսսա Բաղդասարյանը, խոսելով շուկայում առևտրով  զբաղվելու  մասին, նշեց,  որ հիմնականում թուրքական  կամ չինական  արտադրության ապրանք են վաճառում: Վերջինս   ասաց, որ նախկինում  ավելի հեշտ էր   Թուրքիայից ապրանք  բերել, սակայն հիմա նախընտրում են Երևանից, քանի որ  Թուրքիա գնալու համար  պահանջվում են ավելի մեծ ծախսեր, դրան  զուգահեռ նաև հյուրանոցի և  սննդի խնդիր կա: Իննեսսա  Բաղդասարյանը   հավելեց, որ Երևանում ևս  Թուրքիայից  և Չինաստանից են  բերում իրենց ապրանքը , ուստի ավելի նպատակահարմար է գնալ Երևան: Զրուցակցիս  համոզմամբ հիմնականում կարողանում են  այնպիսի գներով վաճառել, որ  նորից  գնան ապրանք բերելու: Իսկ  ապրանք  բերելու համար ամիսը մեկ անգամ են գնում Երևան: Նա նշեց, որ շատ հաճախ  կանգնում են  լուրջ խնդրի առաջ: Երբ բերած ապրանքը չի վաճառվում, ստիպված ինքնարժեքից ցածր գնով են իրացնում:

 

 57-ամյա Իրինա Սարուխանյանը, որ նույնպես  հագուստ  և կոշիկ էր  վաճառում, նշեց, որ  հազիվ ամիսը մեկ  անգամ են գնում ապրանքի, քանի որ շուկայում հիմա  առևտուրը  քչացել է, նախկինի համեմատ պակասել է հաճախորդների թիվը: Վերջինս  ասաց, որ մի քանի տարի  առաջ  ավելի հեշտ էր գնալ Թուրքիա և ապրանք բերել, սակայն  հիմա նախընտրում են գնալ Երևան, որն ավելի  նվազ ծախսեր է պարունակում: Իրինա Սարուխանյանը  հավելեց, որ շուկայի հիմնական առավելությունը այն է, որ գինը սակարկելու  հին ու բարի երևույթը մինչ այսօր էլ պահպանվում է   և որ  այստեղ  գները ստանդարտ չեն:

 

Ստեփանակերտի կենտրոնական շուկայում  հագուստից և կոշիկից բացի  վաճառում են  նաև  մրգեր և բանջարեղեն:

 

Ի տարբերություն  հագուստ վաճառողների, որոնք ապրանքի  փչանալու խնդիր չունեն, մրգեր և բանջարեղեն  վաճառողները կանգնած են այդ խնդրի առաջ:

 

68-ամյա Նաիրա Գաբրիելյանը ասաց, որ  մրգեր և բանջարեղեն գնում է քաղաքի  տարբեր  մասերում  գտնվող խանութներից:  Իր խոսքով, եթե բանջարեղենը սկսում է նեխել, տանում են  տուն  և օգտագործում, իսկ  եթե   լրիվ փչանում է,  թափում են: Նաիրա Գաբրիելյանը նշեց, որ  շատ հաճախ գնված  մթերքի  գինը չեն կարողանում հանել :

 

Ի տարբերություն Նաիրա Գաբրիելյանի, 70-ամյա Ռոզա Ներսեսյանը մրգեր և բանջարեղեն  բերում է Երևանից, քանի որ իր կարծիքով այնտեղ գները համեմատաբար էժան են: Նրա խոսքով ամռանը առևտուրը լավ է լինում, իսկ ձմռան ամիսներին՝ ոչ այնքան:

‹‹Ձմռան ամիսներին  գրեթե առևտուր չի լինում, դրան զուգահեռ նաև շուկայում   շատ ցուրտ է: Մթերքը  ցրտահարվում է, այդ պատճառով էլ երկու ամիս գրեթե  չենք աշխատում›› ,- ավելացրեց Ռոզա Ներսիսյանը :

 

Իսկ 61-ամյա Կարեն Սիմոնյանն էլ ասաց , որ բանջարեղենը վերցնում է գյուղացիներից, որոնք  բերում և հանձնում են շուկայում: Նա նշեց, որ այս  տարի  նախորդ տարվա համեմատ  մթերքը թանկ է: Իսկ վերջում հավելեց, որ շուկայում  առևտրով զբաղվելը կրում է սեզոնային բնույթ և խոսել լավ եկամուտի  մասին  անհեթեթ է:

Անի Ավանեսյան

1