Հայ մամուլի այսօրը եւ ապագան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Հայ մամուլի այսօրը եւ ապագան

Հայ մամուլի այսօրը եւ ապագան

Հոկտեմբերի 20-ին Երևանում մեկնարկած Լրագրողների 8-րդ համահայկական համաժողովը հոկտեմբերի 23-ից 24-ը աշխատանքները շարունակել է Ստեփանակերտում: «Հայոց պետականությունը՝ միասնության առանցք» խորագրով համաժողովին մասնակցել են Հայաստանի, Սփյուռքի և Արցախի լրատվամիջոցների ղեկավարներ ու լրագրողներ, օտարալեզու հայկական և ոչ հայկական ԶԼՄ-ներում աշխատող հայ լրագրողներ:

 

Համաժողովի մասնակիցները նախքան համաժողովի մեկնարկը մեկ րոպե լռությամբ հարգեցին ապրիլյան պատերազմում նահատակված զինվորների հիշատակը

 

«Հայկական սփյուռքի զորակցությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացին» և «Հայաստանի և Արցախի հանրապետությունների պաշտպանության համակարգի հետ կապված խնդիրների լուսաբանումը ԶԼՄ-ում» զեկույցներից հետո ծավալվել են քննարկումներ. դրանք ուղղված էին Արցախում, Հայաստանի Հանրապետությունում և Սփյուռքում առկա խնդիրների, լրատվամիջոցների միջև համագործակցության միջոցով լուծմանը խթանելուն:

 

Լիբանանի «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սեւակ Հակոբյանը որոշել է հայրենադարձությունը կիրառել նաեւ հայ մամուլի վրա: Նրա խոսքով՝ հայկական մամուլը սփյուռքում ունի մարդուժի եւ բյուջեի խնդիր: Հայաստանում եւ Արցախում, սակայն, այդ աշխատանքերը կազմակերպելը համեմատաբար էժան է: Որոշումն ունի նաեւ բարոյական կողմ:

 

«Գանք այստեղ արտադրենք, ուղարկենք սփյուռք եւ այնտեղ տպենք եւ տպագիրը բաժանենք: Նույնը  վիրաբերում է էլեկտրոնային կայքերին: Ինչո՞ւ էլեկտրոնային կայքերը թարմացնել Ամերիկայում, Լիբանանում կամ ուրիշ տեղ: Կարելի է նաեւ այստեղ անել, շատ ավելի հարմար պայմաններում»,- նշել է Լիբանանի «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սեւակ Հակոբյանը:

 

Իսկ մինչ հայրենադարձություն կարգախոսը դառնա գործնական միջոց, աշխարհի ավելի քան 30 հայկական լրատվամիջոցների 200 ներկայացուցիչները ժամանել են Արցախ՝ հայկական մամուլում առկա խնդիրներիը քննարկելու եւ  լուծման ուղիներ մշակելու:

 

«Այս համախմբվածությունը եւ այս համատեղ  քննարկումները եւ սփյուռքյան զանգվածային լրատվամիջոցների եւ Հայաստանի հանրապետությնում եւ Արցախում գործող լրատվամիջոցների ներկայացուցիչներին օգնում է միասնաբար քննարկել խնդիրները եւ մտածել նաեւ  վաղվա օրվա համար մարդուժի պատրաստության ամենակարեւոր ուղիները ճիշտ ձեւով որդեգրելու  եւ այդ ուղղությամբ նպատակաուղված աշխատելու»,- իր խոսքում նշել է «Ազդակ» օրաթերթի տնօրեն-գլխավոր խմբագիր, հայ լրագրողների համաժողովներ համակարգող խորհրդի նախագահ Շահան Գանտահարյանը:

 

Համաժողովի նիստերից մեկը հերթական անգամ Արցախում կազմակերպելու հանգամանքը  վերահաստատում է այն անժխտելի իրողությունը, որ Արցախը շարունակում է իր իրավահավասար տեղն ու կարեւոր դերակատարությունն ունենալ համայակական լրատվական դաշտի կայացման ու զարգացման գործում:

 

Արցախի լրագրողների միության նախագահ Կիմ Գաբրիելյանը նշել է, որ համաժողովն ընդհանրապես այդ նպատակն է կրում՝ Սփյուռք, Հայաստան, Արցախ հենակետերի վրա ստեղծվի այդ դաշտը, որպեսզի կարողանանք մեր համազգային խնդիրներին օժանդակել եւ լուծում տալ»:

 

Հայ լրագրողը միջազգային լրագրության  կարեւոր մասն է կազմում եւ հայ լրագրողի խնդիրը չի կարող առանձնացվել միջազգային լրագրությունից: Հայաստանի մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանի խոսքով՝ 90-ականներին Հայաստանը համարվում էր ժողովրդավարության կղզյակ, սակայն, հետագայում մենք նահանջեցինք մեր դիրքերից: Այսօր մենք պետք է հասնենք  միջազգային չափորոշիչներին, եւ ոչ թե համեմատվենք տարածաշրջանի երկրների հետ:

 

«Այժմ մենք ուրախանում ենք, որ մենք  ունենք մի քանի ազատ լրատվամիջոցներ, իսկ Ադրբեջանում չկա: Մենք ունենք քաղաքական կուսակցություններ, Ադրբեջանում սահմանափակված է ընդդիմության գործունեությունը: Մեր նշաձողը չի կարող լինել Ադրբեջանը, որովհետեւ Ադրբեջանը իր հասարակական, քաղաքական, պետական զարգացման  եւ պատմության առումով  չի էլ կարող մեզ հետ համեմատվել: Մեր նշաձողը պետք է լինի առաջադեմ  Եվրոպան»,- նշել է Հայաստանի մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը:

 

Համաժողովի օրակարգային հարցերից էր նաեւ ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական լրատվամիջոցների աշխատանքների քննարկումը:

 

«Կարծում եմ, որ այս ժողովը նաեւ այդ սթափ վիճակը պահելով հանդերձ պետք է անցում կատարի նաեւ տարբեր  ոլորտների մեջ նույն միասնականությունը դրսեւորելու եւ նպատակաուղղված աշխատելու, որովհետեւ Արցախը ի վերջո միայն ռազմական գոտի չէ, Արցախը նաեւ  հանրապետություն է, որտեղ արարում են, ստեղծագործում են եւ հրաշալի նախադրյալներ կան, որը պետք է ներկայացնել համայն աշխարհին»,- «Ազդակ» օրաթերթի տնօրեն-գլխավոր խմբագիր, հայ լրագրողների համաժողովներ համակարգող խորհրդի նախագահ Շահան Գանտահարյանը:

 

Համահայկական համաժողովի մասնակիցները նիստերից հետո այցելելու են նաև Արցախի առաջնագիծ՝ մոտիկից ծանոթանալու դիրքապահ զինվորների առօրյային:

 

Լուսինե Թեւոսյան

1