Նոր կառավարության ծրագրով կանանց զինվորական ծառայության անցնելու հնարավորությունները կընդլայնվեն
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Նոր կառավարության ծրագրով կանանց զինվորական ծառայության անցնելու հնարավորությունները կընդլայնվեն

Նոր կառավարության ծրագրով կանանց զինվորական ծառայության անցնելու հնարավորությունները կընդլայնվեն

Կառավարության ծրագրի նախագծով, որը հոկտեմբերի 20-ին ՀՀ ԱԺ արտահերթ նիստում կներկայացվի Ազգայի ժողովի դատին, պաշտպանության ոլորտում նորամուծություններ են սպասվում:

 

Մասնավորապես, ծրագրով նախատեսվում է կամավորության սկզբունքով կանանց զինվորական ծառայության անցնելու հնարավորությունների ընդլայնում: Ի դեպ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ղեկավարած կառավարության ծրագրում նման դրույթ չի եղել:

 

Նկատենք, որ Հայաստանում Զինված ուժերում կանանց ծառայությունը կարգավորվում է «Զինապարտության մասին» ՀՀ օրենքով, որի 3-րդ հոդվածի համաձայն, զինապարտներ են համարվում նախազորակոչային, զորակոչային տարիքի և պահեստազորում հաշվառված արական, ինչպես նաև զինվորական մասնագիտություն ունեցող կամ զինվորական ծառայություն անցած իգական սեռի քաղաքացիները: Սակայն կանանց համար զինվորական ծառայությունը Հայաստանում պարտադիր չէ, ինչպես Իսրայելում է:

 

Նոր կառավարությունն առաջարկում է բանակ-հասարակություն կապի զարգացում, ինչը դարձյալ նախատեսված չի եղել նախորդ կառավարության ծրագրով: Մասնավորապես, նոր կառավարությունն առաջարկում է.

 

«Զինվորական կառավարման մեխանիզմների արդիականացում. մարտական հերթապահության և մարտական խնդիրների լիարժեք ու արդյունավետ կատարմանը զուգահեռ՝ հանրային իրազեկման պատշաճ ապահովում, բանակ-հասարակություն կապի զարգացում, զինված ուժերում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների երաշխիքների, հասարակական և միջանձնային առողջ հարաբերությունների ապահովում, ինչպես նաև հայրենասիրության, բարոյական նորմերի, կարգապահության և կանոնադրական հարաբերությունների ամրապնդում»:

 

Նախատեսվում է նաև արժանիքների և կրթական չափանիշների վրա հիմնված ծառայողական առաջխաղացման թափանցիկ համակարգի ստեղծում, ռազմական կրթության ոլորտում  ժամանակակից կրթական ու մեթոդական ծրագրերի ներդրում:

 

Նաև նշվում է. «զորակոչային համակարգում արդարության սկզբունքի ամրապնդմամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը յուրաքանչյուր զինապարտ քաղաքացու մասնակցության ապահովում՝ զինվորական ծառայությունը դիտելով որպես կրթության և դաստիարակության, օրինապաշտ քաղաքացու ձևավորման կարևոր գործընթաց»:

Աղբյուր` Panorama.am

1