Արցախցի ականավոր պլաստիկ վիրաբույժը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Արցախցի ականավոր պլաստիկ վիրաբույժը

Արցախցի ականավոր պլաստիկ վիրաբույժը

Աշխարհահռչակ գիտնական, անատոմ, մարդաբան Անդրանիկ Ճաղարյանը ծնվել է Արցախի Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղում: Այս տարվա մայիսին լրացել է ականավոր գիտնականի ծննդյան 100-ամյակը:

 

Ա. Ճաղարյանը մշակել է դեմքի պլաստիկ վերականգնման մեթոդը: Դեռևս 1970թ.-ին նա ՀԽՍՀ ԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտին կից հիմնել է մարդաբանության լաբորատորիա: Ճաղարյանը բրոնզեդարյան մարդկանց գանգերի հիման վրա վերականգնված դիմաքանդակների պատկերասրահ է ստեղծել ՀԽՍՀ ազգագրության թանգարանում: Վերականգնել է բանաստեղծ Պետրոս Դուրյանի դեմքը, ուրարտական և Շենգավիթի 6000 տարվա բնիկների դեմքերը: Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Երևանի բժշկական ինստիտուտի օպերատիվ-վիրաբուժական և տոպոգրաֆիական անատոմիայի ամբիոնի վարիչ Անդրանիկ Ճաղարյանը բժշկական աշխարհում հայտնի է որպես «Սրտի վիրաբուժության ատլաս»-ի հեղինակ: Նրա վերականգնած դիմաքանդակներից մի քանիսը դարձել են Նոր Զելանդիայի, Լիբանանի ազգային թանգարանների սեփականությունը: Անդրանիկ Ճաղարյանը ԱՄՆ-ի հայ մասնագետների միության անդամ է, համաշխարհային «Գրան պրի»-ի մրցանակակիր է՝ 1958թ., Բրյուսել:

 

Ըստ Արցախի պատմա-երկրագիտական թանգարանի տնօրեն Մելանյա Բալայանի, նա, դեռևս չունենալով բժշկական որևէ կրթություն, աշխատել է անատոմիկում, 16 տարեկանում փորձել է ընդունվել բժշկական ինստիտուտ և երբ նրան ասել են, որ տեղ չկա, նա պատասխանել է, որ իր աթոռն իր հետ բերել է: Տեսնելով տղայի այդօրինակ ձգտումը դեպի բժշկություն, նրան ընդունում են համալսարան: Հետաքրքիրն այն է, որ երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ճաղարյանը վերապատրաստվել ու դարձել է զինվորական օդաչու: Այնուհետև երկար տարիներ ղեկավարել է Երևանի բժշկական ինստիտուտի անատոմիայի ամբիոնը՝ 1960-ական թվականներից  մինչև 1982 թիվը: Հայ իրականության մեջ Անդրանիկ Ճաղարյանը համարվում է եզակի մասնագետը, ով գանգի ոսկորների հիման վրա վերականգնել է մարդու դեմքը: Նա վերականգնել է նաև Հովանավանքի Հասան-Ջալալյանների տոհմի իշխաններից մեկի դիմաքանդակը:

 

Վերջերս այցելելով թանգարան, գիտնականի որդի, քանդակագործ Վլադիմիր Ճաղարյանը հոր մասին պատմող ցուցանմուշներով համալրել է թանգարանի էջը, այդ թվում՝ նրա վիրաբուժական գործիքները, Մարտիրոս Սարյանի նկարած գիտնականի դիմանկարը, տարբեր երկրներից բերված նվիրատվություններ, մասնավորապես՝ արաբական սուլթաններից մեկի նվիրած ձեռնափայտն ու գլխաշորը, որոնք ավելի ամբողջական են դարձնում գիտնականի կենսագրական էջը:

Լիլիա Բաղրյան

1