Վիժվածքներին սանձելու հրամայականը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Վիժվածքներին սանձելու հրամայականը

Վիժվածքներին սանձելու հրամայականը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Տրապիզոնում անցկացրած հանրահավաքի ժամանակ ամբոխը հայերին վիրավորող վանկարկումներ է թույլ տվել՝ ենթարկվելով Էրդողանի պրովոկացիային: Թուրքական Haber.sol.org-ի  հաղորդմամբ՝ իր ելույթում Էրդողանը հայտարարել է. «Հիշեք, թե ինչ էի ասում ձեզ: Մի օր պիտի մեռնենք, չէ՞: Պիտի: Բայց ասեմ՝ կա մարդու պես, մեկ էլ կնոջ պես մեռնել… Մի բան կասեի, բայց դա չեմ ասի»: Այս խոսքերից հետո հավաքվածները սկսում են վանկարկել` «Հայ վիժվածքները մեզ չեն վախեցնի»:

Թուրքիայում և Ադրբեջանում հակահայկական ռասիզմը սահմաններ չի ճանաչում: Եթե Ադրբեջանում ատում են հայերին և այդ ատելությունը կաթիլ-կաթիլ սերմանում դպրոցական դասագրքերով ու հորինված պատմություններով, ապա Թուրքիայում «հայ» արտահայտությունը վաղուց ի վեր հավասարեցված է ամենածանր հայհոյանքին: Հայոց ցեղասպանությունը շարունակվում է մարդկանց ուղեղներում` այդ հրեշագործության հոգեբանական-գաղափարական հասունացման մակարդակում, կրթության, պետական քարոզչական մեքենայի կողմից ամբոխների ուղեղների մասսայական լվացման և տարատեսակ մանիպուլյացիաների միջոցով: Սա երկարաժամկետ հեռանկարում վերածվում է լուրջ սպառնալիքի: Չնայած դրան՝ ընդհանուր արձագանքն այնպիսին է, կարծես տեղի ունեցողն առօրեական բան է:

 

Նոր ողջակիզում թույլ չտալու լավագույն միջոցն անվտանգության ուժեղ և կուռ համակարգի ստեղծումն է՝ հզոր, մարտունակ և անդադար արդիականացվող բանակով: Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ Հայաստանը չունի բնական դաշնակիցներ, և սա փաստ է, որի հետ անհրաժեշտ է համակերպվել: Իր բնական ռեսուրսների, աշխարհագրական դիրքի, մարդկային պոտենցիալի սահմանափակության պատճառով, որքան էլ Հայաստանը ջանք թափի, դժվար է մրցակցել թուրք-ադրբեջանական տանդեմի հետ: Սա ստիպում է գտնել ազգային և պետական անվտանգության ապահովման այլընտրանքային եղանակներ:

 

Իսրայելը, օգտագործելով իր ահռելի սփյուռքի հսկայական պոտենցիալը, ստեղծել է համաշխարհային հրեականության հավերժ թիրախավորվածության մտապատկերը: Միջազգային կազմակերպությունները, շատ պետությունների կառավարություններ արագ արձագանքում ու չեզոքացնում են հրեաների դեմ ռասիստական բնույթի գործողությունները: Սա դարձել է համաշխարհային հրեականության և Իսրայլեի անվտանգության կարևոր բաղադրիչներից մեկը:

 

Թուրք-ադրբեջանական ֆաշիզմն ու շովինիզմը հայկական աշխարհի առջև դնում են օր առաջ միջազգային կանխակալ կարծիք ձևավորելու և դա պաշտության մեխանիզմ դարձնելու հրամայականը՝  կառուցված միանգամայն հիմնավորված թուրքական «հակահայկականության» ֆենոմենի անընդունելիության գաղափարական առանցքի շուրջ: Մինչդեռ Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքական ղեկավարների կողմից պարբերաբար հնչող ազգային, էթնիկական բնույթի վիրավորանքները հավաքական, առավել ևս` պաշտոնական մակարդակով գրեթե ոչ մի արձագանքի չեն արժանանում: Աշխարհը դրանք չի նկատում: Ուշքի բերելու առանձին դեպքերը, ինչպես, օրինակ, Շվեդիայում թուրք ազգայնականին աշխատանքից ազատելը, Թուրքիայի նախագահին պատասխանատվության կանչելու` Մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանի նախաձեռնությունը, անհատական բնույթ ունեն:

 

Ընդամենը մի քանի ամիս առաջ` ապրիլյան պատերազմի ժամանակ, հակահայկական ռասիզմն իր ողջ դաժանությամբ դրսևորվեց ադրբեջանական բանակի զինվորների կողմից Արցախի Թալիշ գյուղի ծերունի ամուսիների և գերեվարված ու զոհված հայ զինծառայողների մարմինների դաժան խոշտանգմամբ: Դրանք սնվել էին հենց հայերի ֆիզիկական ոչնչացման և դրա հերոսացման տարածվող գաղափարախոսությունից:  Եվ չնայած ակնհայտ փաստերին, չնայած Ադրբեջանի դեմ ռազմական հանցագործությունների հատկանիշներով միջազգային դատարանում գործընթաց սկսելու հավաստիացումներին, քառօրյա պատերազմից անգամ 6 ամիս անց պարզ չէ՝ ո՞ր փուլում է գտնվում պրոցեսը:

 

Հայաստանի արտաքին քաղաքականությունը, Սփյուռքի լոբբիստական կազմակերպությունների ջանքերն ավանդաբար կենտրոնացած են եղել Հայոց ցեղասպանության միջազգայնորեն ճանաչմանը հասնելու վրա: Վերջին շրջանում վեկտորները որոշակիորեն փոխվել են. առաջնային է դառնում Ցեղասպանության ժխտման քրեականացումը: Արգենտինայից, Ուրուգվայից և Շվեյցարիայից, Սլովակիայից հետո 2014թ. Հունաստանն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը որպես քրեական հանցագործություն բնորոշող օրենք: Այս տարի Ֆրանսիայի խորհրդարանում վերջապես 10 տարվա դադարից հետո կրկին շրջանառության մեջ դրվեց ժխտողականությունը քրեականացնող օրենքի նախագիծը, որը պառլամենտի երկու պալատներն ընդունեցին երեք օր առաջ:

 

Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքների ընդունումը հակահայկական ռասիզմը զսպելու, արգելակելու, դրա շուրջ համապատասխան միջազգային ընկալում ձևավորելու առումով ավելի նպատակային արշավ է: Նման նախադեպերի հիման վրա արդեն անհրաժեշտություն է հասնել նրան, որ այս մոտեցումը որդեգրվի նաև միջազգային այն կազմակերպություններում, որոնք արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Բայց Ցեղասպանությունը միջազգային հանրությանն առավելաբար մատուցվում է ոչ թե որպես հայության առջև ծառացած մերօրյա իրական անվտանգության մարտահրավեր, այլ որպես պատմաքաղաքական փաստ: Այն երկրները, որոնք ճանաչում են Ցեղասպանությունը կամ ընդունում են դրա ժխտումը քրեականացնող օրենքներ, առաջնորդվում են հիմնականում պատմական ճշմարտության, հումանիստական արժեքների ու բարոյականության հանդեպ իրենց պարտքը կատարելու ներքին մղումներով, որոշ դեպքերում՝ Թուրքիայի հետ քաղաքական հաշիվներով: Հակահայկական ռասիզմի խնդիր, որպես այդպիսին, նրանց համար գոյություն չունի: Հենց այս ընկալումն է անհրաժեշտ փոխել, որպեսզի ամեն վիժվածք իրեն իրավունք չվերապահի նման կերպ արտահայտվելու ամբողջ ազգի մասին:

 

Գևորգ Դարբինյան

yerkir.am  

1