ԱԳՆ պատասխանը Լավրովին. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է լինի առանց նախապայմանների
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » ԱԳՆ պատասխանը Լավրովին. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է լինի առանց նախապայմանների

ԱԳՆ պատասխանը Լավրովին. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է լինի առանց նախապայմանների

Հայաստանի արտգործնախարարությունը արձագանքել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարների մասին: ՀՀ ԱԳՆ-ն ընդգծել է, որ Երևանի սկզբունքային դիրքորոշումն է՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է լինի առանց որևիցե նախապայմանների, հայտնում է «Ազատություւն» ռադիոկայանը:

 

Հոկտեմբերի 14-ին Երևանում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովին, լրագրողների հետ ճեպազրույցում Լավրովը որոշեց կարևորել Թուրքիայի դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում:

 

Սերգեյ Լավրովը, մասնավորապես, ասել է. «Այն որ Թուրքիան կարող է դրական դեր խաղալ՝ ապահովելով Լեռնային Ղարաբաղի ապաշրջափակումը՝ ապահովելով տարածաշրջանում տնտեսական նորմալ փոխգործակցություն, կարևոր գործոն է, որը մենք միշտ հաշվի ենք առնում: Եթե հանկարծակի Հայաստանն ու Թուրքիան վերադառնան իրենց պայմանավորվածությունների կատարմանը՝ առանց այն կապելու ղարաբաղյան հակամարտության հետ, մենք միայն ուրախ կլինենք: Սակայն մեր պատկերացմամբ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար առանցքային կլինի առաջընթացը ղարաբաղյան կարգավորման գործում»:

 

Անդրադառնալով այն հարցին, թե Հայաստանի համար որքանով է ընդունելի Լավրովի մոտեցումը, ըստ որի հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը կապվում է ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ` արտգործնախարարի մամլո քարտուղար Տիգրան Բալայանն ասել է.«Տարիներ շարունակ Ռուսաստանի դիրքորոշումը՝ հնչեցված ամենաբարձր մակարդակով, եղել է և համահունչ է մեր այն սկզբունքային դիրքորոշմանը, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է լինի առանց որևիցե նախապայմանների: Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ մեր այդ սկզբունքային դիրքորոշմանը»:

 

«Չեմ կարծում, որ Ռուսաստանի դիրքորոշումը փոփոխություն է կրել», — հավելել է Բալայանը:

1