Խնդիրների լուծման ստեղծագործական ուղիներ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Խնդիրների լուծման ստեղծագործական ուղիներ

Խնդիրների լուծման ստեղծագործական ուղիներ

Հոկտեմբերի 9-ին Ստեփանակերտում կայացած Բերքի տոնին ներկայացված հարյուրավոր տաղավարների մեջ առանձնանում էր մեկը: Գյուղական բերք ու բարիքների կողքին իր արտադրանքն էր ցուցադրում Լիլիթ Տոնոյանը: Ցուցանմուշները  բնական հումքից պատրաստված օճառներն ու բնական յուղերն են: Լիլիթ Տոնոյանը Քաշաթաղի շրջանի Գողթանիկ համայնքի ֆիզիկայի ուսուցչուհին է: Մասնագիտությամբ կենսաֆիզիկոս է, այժմ սովորում է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայում:

 

 Օճառների պատրաստման գաղափարը ծագել է «ԷկոԼաբ» կայուն զարգացման բնապահպանական ծրագրին մասնակցելուց հետո։ Որպես համայնքի զարգացման ծրագիր, Լիլիթ Տոնոյանն առաջարկեց բացառապես բնական հումքից օրգանական օճառներ պատրաստել, դրանք վաճառել, վաճառքից ստացված հասույթով գյուղի դպրոցում «Ստեղծագործարան» բացել։ Քանի որ գյուղում խմբակներ, երեխաների համար ակումբ չի գործում, ուստի որոշեց երեխաների համար որևէ օգտակար բան անել: Ստեղծագործարանի նորոգման աշխատանքներն արդեն սկսված են, դրանից հետո ստեղծագործարանում մի շարք սեմինարներ, ֆիլմերի դիտումներ, բնապահպանական միջոցառումներ և այլ հետաքրքիր աշխատանքներ են իրականացվելու:

 

Օճառները պատրաստում է հիմնականում իր մշակած բաղադրատոմսերով: «Կան հայտնի, դեռևս հնագույն  ժամանակներից մեզ հասած բաղադրատոմսեր, որոնք ևս օգտագործում եմ, սակայն հիմնականում իմ մշակած յուրօրինակ բաղադրատոմսերով եմ աշխատում: Կախված յուրաքանչյուրի մաշկի տեսակից, կազմում եմ հատուկ բաղադրատոմսեր, օգտագործելով համապատասխան բնական յուղեր և դեղաբույսեր»- նշում է Լիլիթը։  Արցախյան հողում աճող բույսերը օրինակ՝ ուրցը, նանան, երիցուկը և զանազան դեղաբույսեր ևս օճառների ու բնական յուղերի հիմքն եմ կազմում։

 

«Մեր երկիրը հարուստ է բազմատեսակ դեղաբույսերով և չպետք է անտեսել այս հանգամանքը ու օգտվել բնության բարիքներց, ինչու չէ նաև Արցախը աշխարհին ներկայացնել այս ապրանքատեսակով »,- ասում է Լիլիթը։

 

Լիլիթը նաև պատերազմից մնացած ծանր հիշողությունները մոռացության տալու միջոց է գտել: «Նախատեսում ենք նաև այսպես կոչված «պատերազմական աղբի» վերամշակման ծրագիր իրականացնել, որի ընթացքում ստեղծագործարանի անդամները զինամթերքի մնացորդներից ինչ-որ կրեատիվ իրեր են պատրաստելու, այսինքն վատ հիշողությունները վերածվելու են գունագեղ, գեղեցիկ իրերի»,- նշում է Լիլիթ Տոնոյանը:

 

Նման արտադրանքի պահանջ իրականում կա, եթե իրազեկ լինեն: Արցախում առաջին անգամ է ներկայացնում: Վաճառքը հիմնականում քույրն է կատարում՝ Երևանում: Արտադրանքով շատերն են հետաքրքրված, ուզում են Արցախի համար ինչ-որ բանով օգտակար լինել: Շատերն են սիրել այս յուրօրինակ ծրագիրը։

 

Ստեփանակերտում տոնավաճառի այցելուները հիմնականում զարմացած էին, մի մասը հայտնել է, որ Երևանում արդեն տեսել է նման արտադրանք, սակայն Արցախում սա նորամուծություն է: Վաճառքի մեծ մասը նախնական պայմանավորվածության համաձայն է եղել, հիմնականում Soap for hope ֆեյսբուքյան խմբի (https://www.facebook.com/Soap-for-Hope-2044789849080149/?ref=ts&fref=ts) միջոցով մարդիկ պատվերներ են կատարել և տոնավաճառի ընթացքում ձեռք բերել, մի քանի գնորդներ էլ տեղում ծանոթացան ու հետաքրքրվեցին:

 

«Այս ծրագրի միջոցով ուզում եմ բոլորին ցույց տալ, որ անհնարին ոչինչ չկա և իրական փոփոխությունը գալիս է ներսից, երբ մենք ինքներս ամեն ջանք, եռանդ ու ստեղծագործ միտք ենք ներդնում մեր շուրջը գեղեցիկ դարձնելու համար»,- ասում է երիտասարդ կենսաֆիզիկոսը։

Տ. Աղաջանյան

1