ԼՂՀ ԱԺ խմբակցությունը հանդիպել է քաղաքաշինության նախարարի հետ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » ԼՂՀ ԱԺ <<Դաշնակցություն>> խմբակցությունը հանդիպել է քաղաքաշինության նախարարի հետ

ԼՂՀ ԱԺ <<Դաշնակցություն>> խմբակցությունը հանդիպել է քաղաքաշինության նախարարի հետ

«Առավել ուշադրություն պետք է դարձնենք շրջաններին եւ գյուղերին: Ապրիլյան դեպքերը մեկ անգամ եւս հուշեցին, որ ինչքան սահմանները լինեն անառիկ, այնքան թիկունքն ավելի ապահով է լինելու»,- ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ  Իշխանյանի հենց այս խոսքերով է հոկտեմբերի 12-ին մեկնարկել ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության հանդիպումը ԼՂՀ Քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանի հետ:

 

Հանդիպմանը քննարկվել են գլխավորապես քաղաքաշինության նախարարության դերակատարությունը գյուղատնտեսության ոլորտում եւ հայեցակարգի մշակման հետ կապված հարցեր:Խմբակցության անդամները ներկայացրել են առանձին ճյուղերի զարգացման  վերաբերյալ իրենց տեսակետները:

 

Գյուղական բնակավայրերում բնակարանաշինության հարցին անդրադառնալով, Կարեն Շահրամանյանը նշել է, որ գնալով այդ հարցն օրախնդիր է դառնում hանրապետությունում, քանի որ այդ տները կառուցվել են առանց շինարարական նորմերը հաշվի առնելու:

 

«Շատ դեպքերում անիմաստ է գումար ծախսել այդ տների վրա, քանի որ դրանք  ենթակա են վերակառուցման»,- նշել է Կարեն Շահրամանյանը:

 

Հանդիպման հուզող հարցերից էր նաեւ դպրոցաշինությունը, ճանապարհաշինությունը եւ գյուղերի ջրամատակարարումը:

 

Ըստ Կարեն Շահրամանյանի, դպրոցները կառուցվում են  ԼՂՀ կրթության եւ գիտության նախարարության տրամադրած նախագծերով: Թե ինչու՞ որոշ համայնքներում դպրոցները կառուցվել են պահանջվածից մեծ չափերի, հարցին Կ.Շահրամանյանը պատասխանել է.

 

«Այդ համայնքներում մանկապարտեզը պետք է համատեղվի դպրոցի շենքում: Դա միանգամայն կրճատելու է ծախսերը»:

 

Անդրադառնալով ջրամատակարարման խնդրին՝ նախարարը նշել է, որ 2017 թվականի բյուջեով նախատեսվելու է գյուղերի ջրամատակարարման ծախսերը:

 

Ինչ վերաբերում է ճանապարհաշինությանը, ապա ըստ ԱԺ-ի օրենքի՝  պետական բյուջեից 2.7 միլարդ դրամն ավելացվել է եւ ուղղվելու  է  կապիտալ ծախսերին, որից մոտ 100 միլիոն դրամն ուղղվելու է  ճանապարհների վերանորոգմանը: Սակայն ըստ Կարեն Շահրամանյանի,  ճանապարհաշինությունը համայնքի կողմից իրականացվելիք աշխատանք է:

 

«Ստեփանակերտի քաղաքապետարանը պետական բյուջեից տրամադրվող գումարներով պետք է զբաղվի Ճանապարհների ընթացիկ վերանորոգմամբ»,- շեշտել է Կ.Շահրամանյանը:

 

Խոսելով բազմազավակ ընտանիքներին տներ տրամադրելու գարծընթացի մասին, նախարարը նշել է, որ 5 բազմազավակ երեխաներ ունեցող ընտանքիների համար տների շինարարությունն ավարտվելու է 2017 թվականին: Իսկ 6 բազմազավակ երեխա ունեցող ընտանիքներինը, ըստ կառավարության որոշման, բնակարանային հանձնաժողովի որոշումից հետո պետք է կառուցվի 3 տարվա  ընթացքում:

 

«Առաջնայինը կառուցվում են սոցիալապես անապահով բազմազավակ ընտանիքների տները: Իսկ մնացած դեպքերն՝ ըստ ընթացակարգի»,- ասել է նախարարը:

 

Անդրադառնալով Ասկերան քաղաքում ընթացող զբոսայգու բարեկարգմանը, նախարարը նշեց, որ շինարարությունը կատարվում է պետական բյուջեի հաշվին:

 

ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանն այն կարծիքին է, որ միայն գյուղերի օպտիմալացման ծրագիրը կյանքի կոչելով հնարավոր է կրճատել պետական բյուջեի ծախսերը:

 

Հանդիպման ընթացքում պատգամավորները որոշ այլ հարցեր են ուղղել նախարարին և ստացել համապատասխան պարզաբանումներ:

 

Հիշեցնենք, որ «Դաշնակցություն» խմբակցության հանդիպումները գործադիր մարմնի ներկայացուցիչների հետ պարբերական բնույթ են կրում: Երեկ՝ հոկտեմբերի 11-ին խմբակցությունը հանդիպում  է ունեցել ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ:

1