ԼՂՀ իշխանությունները պատրաստ են համագործակցել ՄԱԿ-ի հետ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Միջազգային » ԼՂՀ իշխանությունները պատրաստ են համագործակցել ՄԱԿ-ի հետ

ԼՂՀ իշխանությունները պատրաստ են համագործակցել ՄԱԿ-ի հետ

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի 33-րդ նիստի բացման արարողությանը ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ-Հուսեյնն ասել էր, որ 2016թ. ապրիլյան դեպքերից հետո իրենք չեն կարող այցելել Արցախ եւ ստուգել մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ հակասական բողոքները: Ըստ հանձնակատարի, վերջին տասնամյակներում 100-հազարավոր ներքին տեղահանվածների եւ փախստականների խնդրանքները պատշաճ կերպով չեն ուսումնասիրվել ոչ իր գրասենյակի, ոչ միջազգային հանրության կողմից:

 

Սեպտեմբերի 29-ին կայացած ԱԺ-ի նիստում կառավարության հարց ու պատասխանի ժամանակ վերոնշյալ խնդրի վերաբերյալ հարցը բարձրացրել էր ԼՂՀ Ազգային ժողովի «Շարժում-88» խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանը:

 

«Ապառաժ»-ի հետ զրույցի ժամանակ պատգամավորը նշել է, որ միջազգային հանրությունը պետք է արձագանքի այդ հանցագործություններին՝ դրանց կրկնությունը կանխելու նպատակով:

 

«Մտահոգություն ունեմ, որ որոշ ժամանակ անց մեր խաղաղ բնակչության եւ մարտիրոսված զինվորների խոշտանգումների դեպքերը կարող են հակադարձվել եւ վերագրվել մեզ»,- նշել է պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանը:

 

ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը համապատասխան խողովակներով պատասխան նամակ է հղել Զեյդ Ռաադ ալ-Հուսեյնին եւ իրազեկել է նրան Արցախում ընդունելու պատրաստակամության մասին: ԱԳՆ նախարար Կարեն Միրզոյանը հավաստիացրել է, որ ԼՂՀ իշխանությունները բաց են ՄԻԳՀԳ հետ անկեղծ համագործակցությանը՝ ուղղված ժողովրդավարական նորմերի և սկզբունքների ամրապնդմանը, ինչպես նաև կոնֆլիկտային իրավիճակներում մարդու իրավունքների պաշտպանությանը:

 

ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը սպասում է  ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի պատասխան նամակին: Ստանալու դեպքում խոստացան անմիջապես տեղեկացնել «Ապառաժ» թերթին:

 

Այս խնդրի վերաբերյալ մեր թերթի հարցմանը պատասխանելով, ԼՂՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը անդրադարձավ նաեւ ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիայի և դրա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրագործված մարդու իրավունքների զանգվածային և կոպտագույն խախտումների ու ռազմական հանցագործությունների մասին միջազգային հանրությանը տեղեկացնելու ուղղությամբ ԱԳՆ կատարած աշխատանքներին:

«Մասնավորապես, ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում և Եվրոպայի Խորհրդում տարածվել են ԼՂՀ ԱԳՆ հայտարարագրերը, որտեղ մանրամասներ են ներկայացվել ադրբեջանական ագրեսիայի պատճառների ու հետևանքների, ինչպես նաև Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրագործված մարդու իրավունքների խախտման կոպտագույն դեպքերի և ռազմական հանցագործությունների փաստերի առնչությամբ։ Միջազգային կազմակերպություններում ԼՂՀ ԱԳՆ-ի կողմից  տարածվել են նաև Պաշտպանության նախարարության և Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի հայտարարությունները, ԼՂՀ Գլխավոր դատախազության կողմից տրամադրված նյութերը՝  ադրբեջանական կողմի  հանցագործությունների առթիվ հարուցված քրեական գործերի վերաբերյալ»,- մեր հետ զրույցում նշել է Անի Սարգսյանը:

 

Անի Սարգսյանը կարեւորել է նաեւ արտերկրում ԼՂՀ մշտական ներկայացուցիչների և ԱԳՆ-ի պատասխանատու աշխատակիցների աշխատանքը: Աշխատանքներ են տարվել նաև միջազգային իրավապաշտպան կառույցների հետ։ Մասնավորապես, մի շարք հանդիպումներ են անցկացվել այդ կառույցների ներկայացուցիչների հետ, բացի այդ, ԱԳՆ-ն օժանդակել է ԼՂՀ օմբուդսմենի՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության և Պաշտպանության բանակի զինվորների նկատմամբ ապրիլի 2-5 ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերի կատարած դաժանությունների մասին միջանկյալ հրապարակային զեկույցը մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող համապատասխան կազմակերպություններում տարածելու գործում։

 

«Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրագործված հանցագործությունների պատասխանատուների անպատժելիությունը խրախուսում է հետագայում ևս Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը, այդ իսկ պատճառով ղարաբաղյան կողմը շարունակելու է քայլեր ձեռնարկել՝ ուղղված միջազգային հանրության իրազեկմանը և նրա կողմից ադրբեջանական կողմի  գործած հանցագործությունների դատապարտմանը»,- շեշտել է մամուլի քարտուղարը:

 

Լուսինե Թեւոսյան

 

1