Առատության ու բարիքի տոն
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Առատության ու բարիքի տոն

Առատության ու բարիքի տոն

Հոկտեմբերի 9-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում նշվել է գյուղատնտեսության աշխատողի օրը: Մայրաքաղաքի հրապարակում տեղադրված տաղավարներում ներկայացված են Արցախի բոլոր շրջանների բերք ու բարիքները:

 

Ինչպես տեղեկացրին գյուղատնտեսության նախարարության աշխատակազմից, տոնավաճառ-ցուցահանդեսին մասնակցում էին Արցախի բոլոր շրջանները, նաև հյուրեր՝ Հայաստանի Հանրապետությունից: Այս տարի աննախադեպ մասնակցում է գրացվել. ավելի քան 700 ավտոմեքենա և գրեթե նույնքան էլ սեղանիկներ: Բոլոր շրջանների շրջվարչակազմերի մշակութային բաժինները հանդես են եկել  մշակութային համարներով: Միջոցառման ընթացքում Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ կայացել է տոնական համերգ:

 

Արցախյան հողի բարիքների ցուցահանդեսին ներկա գտնվեցին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

Նախագահը գոհունակությամբ նշել է, որ Բերքի տոնը մեր հանրապետությունում արդեն իսկ դարձել է ավանդական՝ ընդգծելով, որ բարի ավանդույթներն անհրաժեշտ է պահպանել ու շարունակաբար զարգացնել:

 

Քաշաթաղի շրջանի Դրախտաձոր գյուղից Վարդիթեր Ասատրյանը, չնայած այս տարի ավելի քիչ ապրանք է ներկայացրել, սակայն գոհ է տոնավաճառի ընթացքից ու գնորդների առատությունից: Իսկ Հադրութի Ազոխ գյուղից Գոհար Առաքելյանը, բացի գյուղատնտեսական մթերքներից, տաղավարում ներկայացրել է նաև իր պատրաստած մուրաբաներն ու թթուները:

 

Նշենք նաև, որ ինչպես անցած տարիներին, այս տարի ևս տոնավաճառին ակտիվ մասնակցությամբ առանձնացել է Քաշաթաղի շրջանը՝ հաղթող ճանաչվելով «Լավագույն տաղավար» անվանակարգում: Քաշաթաղի վարչակազմի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանը տեղեկացրեց, որ շրջանից բերքի տոնին մասնակցել են 54 համայնքների բոլոր բնակավայրերը, ավելի քան 260 տաղավար 364 ավտոմեքենաներով: Քաշաթաղի շրջանի ներկայացրած ցուցադրական սեղանը, տաղավարները ճանաչվեցին լավագույնը: Աշխատակազմի ղեկավարի փոխանցմամբ, շրջանի բնակչությունը 450 մլն դրամի առևտուր է կատարել:

 

Նմանատիպ տոնավաճառները գյուղատնտեսական ապրանք արտադրողներին, տնտեսվարողներին ու անհատ սեփանակատերերին հնարավորություն են տալիս ներկայացնելու իրենց արտադրանքը անմիջական գնորդին, իսկ գնորդներին՝ մատչելի գներով ձեռք բերելու անհրաժեշտ մթերքներ ու ապրանքներ:

«Ապառաժ»

1