«Գութան» երգի-պարի ազգագրական փառատոնը Ստեփանակերտում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » «Գութան» երգի-պարի ազգագրական փառատոնը Ստեփանակերտում

«Գութան» երգի-պարի ազգագրական փառատոնը Ստեփանակերտում

Հոկտեմբերի 3-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում առաջին անգամ կայացել է «Գութան» երգի-պարի ազգագրական փառատոնը:

 

Սեպտեմբերի 28-ին Երեւանում մեկնարկած «Գութան 2016» ազգագրական երգի-պարի փառատոնի միասնականության գաղափարը եւ ոգեւորվածությունը հասավ Արցախի հող: Ավանդույթի համաձայն՝ փառատոնը մեկնարկեց Կոմիտասի «Գութանի երգը» կատարման ձայնագրությամբ, այնուհետեւ փառատոնի բոլոր մասնակից երգչախմբերի կատարմամբ հնչեց «Հայեր միացեք» երգը:

 

«Գութան» ազգագրական երգի-պարի փառատոնի պատասխանատու, ժողովրդական երգիչ Արսեն Գրիգորյանի խոսքով,  արդեն 3-րդ տարին շարունակվող համահայկական փառատոնի հիմքում ազգայինը վերագտնելու եւ արժեւորելու նպատակն է:

 

«Եկել ենք, մեր խոսքն ենք բերել, մեր սերն ենք բերել մեր ժողովորդին: Մեր ամբողջական Հայաստանը մեկտեղ՝ Վերածննդի հրապարակում. Կիլիկյան Հայաստանից մինչեւ Արցախ, Լոռիից մինչեւ Զանգեզուր: Ամբողջությամբ ներկայացնելու ենք. երգով, պարով, տարազներով: Ամենակարեւորը սերն  է այս ամեն ինչի հիմքում»,- նշել է Ա.Գրիգորյանը:

 

Յուրաքանչյուր խումբ ներկայացրեց Հայաստանի մեկ տարածաշրջանը:

 

«Սասնա Ծռեր» ազգագրական խմբի ղեկավար Հովհաննես Մկրտչյանը մեր հետ զրույցում նշել է, որ Արցախում փառատոնի կազմակերպումը ունի թիրախային նշանակություն.

 

«Եկել ենք Արցախ, որպեսզի էլ ավելի ամրացնենք ու ոգեւորենք մեր սահմանապահող թե զինվորին, թե ժողովրդին»,- ասել է Հ.Մկրտչյանը:

 

Իսկ մինչ բեմի վրա ելույթ էր ունենում այս կամ այն խումբը, հանդիսատեսը եւ մնացած խմբերը կողքից ձայնակցում եւ պարում էին: Մեծ մասսայականություն վայելող փառատոնի նպատակը հայկական ազգային ավանդական երգն ու պարը տարածելն ու ճանաչելի դարձնելն է: Ազգագրական երգերն ու պարերը ներկայացվել են, ինչպես կենդանի կատարումներով, այնպես էլ կենդանի նվագակցությամբ, այն էլ միմիայն օգտագործելով ազգային նվագարանները` դուդուկ, բլուլ, շվի, զուռնա, պկու, կոպալ, դհոլ:

 

«Այս տարի մենք մեծ հաղթանակ ենք համարում, որ կարողացել ենք  փառատոնը բերել Արցախ, որովհետեւ այս ձեւով մենք Հայաստանը Արցախի հետ ենք կապում՝ համարելով Արցախը Հայաստանի անբաժան մաս: Դա մեզ համար շատ կարեւոր  է»,- նշել է «Նուբար» ավանդական երգի-պարի խմբի ղեկավար Լուսինե Նազարյանը:

 

Իր ձևաչափով եզակի փառատոնը խթան է հանդիսանալու Արցախում ազգագրական նորաստեղծ և երիտասարդ խմբերի համար: ԼՂՀ Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության միջոցառումների կազմակերպման եւ կապերի բաժնի պետ Արուս Գասպարյանի խոսքով՝ Արցախում «Գութան» երգի-պարի փառատոնի կազմակերպումը շարունակական բնույթ է կրելու:

 

Փառատոնի ժամանակ ԼՂՀ Մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը շնորհակալագրեր հանձնեց փառատոնի կազմակերպիչ Արսեն Գրիգորյանին եւ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի տնօրենին:

 

Հիշեցնենք, որ փառատոնն անց է կացվում 2014 թվականից «Մրրո» հայ ազգային երգարվեստի կենտրոն ՀԿ-ի նախաձեռնությամբ:

«Ապառաժ»

1