Կրտսեր Հեյդարն Ադրբեջանի ապագա նախագա՞հ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Կրտսեր Հեյդարն Ադրբեջանի ապագա նախագա՞հ

Կրտսեր Հեյդարն Ադրբեջանի ապագա նախագա՞հ

Անցած երկուշաբթի՝ սեպտեմբերի 26-ին, մեր հարևան հանրապետությունում՝ Ադրբեջանում, անց է կացվել սահմանադրական բարեփոխումների հանրաքվե: Դատելով միջազգային ու նաև հենց ադրբեջանական լրահոսից, այդ աղմկահարույց միջոցառումը նպատակ ունի կառավարման համակարգի բարեփոխումների ճանապարհով ամրագրել  իշխանության ժառանգական փոխանցման գործընթացը, ինչն առաջիկայում անհամեմատ  կամրապնդի ներկայումս իշխող ալիևների կլանի դիրքերը:

 

Անշուշտ, հիշում եք, թե ինչպես է նախագահ Հեյդար Ալիևն օրենսդրական մեքենայությունների միջոցով որդուն՝ Իլհամին, բերել իշխանության գլուխ։ Դեռևս 2002թ·՝  իր կենդանության օրոք, նա առաջարկել էր փոխել երկրի հիմնական օրենքը։ Այդ կապակցությամբ տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն, որ առաջինն էր այդ երկրի անկախության  շրջանում, թույլ է տվել նախագահի լիազորությունները հանձնել վարչապետին՝ այն դեպքում, եթե նախագահն ինքն այլևս ի վիճակի չի լինի կատարել իր պարտականությունները։

 

Առաջին սահմանադրական բարեփոխումների նպատակը, ինչ խոսք, հեռագնա էր, բայց, քանի որ գործող նախագահի առողջական վիճակն արդեն իսկ խիստ վատթար էր, ուստի, ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ։ Այսինքն՝ իշխանության փոխանցման հետագա գործընթացի թափանիվը, Հեյդար Ալիևի կամքից անկախ, սկսեց ավելի արագ պտտվել։ Եվ քանի որ նախաձեռնության հեղինակն  այլևս ողջ չէր, չնայած Բաքվից հակառակը պնդող լավատեսական լուրերին, խնդրի իրականացմանն անհապաղ ձեռնամուխ եղավ նրա  գլխավորած իշխանական կլանը՝ արդեն մահացած նախագահի կեղծված ստորագրությամբ հրապարակ հանելով որոշումներ։ Համաձայն դրանց՝ գործող վարչապետ Արթուր Ռասիզադեն 2003-ի օգոստոսի 4-ին իր դիմումի համաձայն, իրականում՝ խորհրդային ժամանակներից հայտնի պարտադիր-կամավոր սկզբունքով,  ազատվեց վարչապետի պաշտոնից՝ նշանակվելով վարչապետի 1-ին տեղակալ, իսկ 1-ին փոխվարչապետ Իլհամ Ալիևը նրա փոխարեն նշանակվեց կառավարության ղեկավար։

 

Իրադարձությունների հետագա ընթացքը դարձյալ հստակ ծրագրված էր՝ նույն թվականի հոկտեմբերի 15-ին անցկացվեցին նախագահական ընտրություններ, որոնց արդյունքում Իլհամ Ալիևը, բնականաբար, հաղթեց և ընտրվեց պետության ղեկավար։ Իսկ ընտրություններից շուրջ 20 օր անց՝ նոյեմբերի 4-ին,  նույն Արթուր Ռասիզադեն նորընտիր նախագահի հրամանագրով վերականգնվեց վարչապետի պաշտոնում։ Ինչպես ասում են՝ գայլերը՝ կուշտ, ոչխարներն էլ ողջ մնացին։

 

Առաջին հանրաքվեից յոթ տարի անց՝ 2009 թ·  մարտին, նախագահ Իլհամ Ալիևը, որն այդ պաշտոնում վերընտրվել էր 2008-ի մարտի 15-ի ընտրություններում՝ ստանալով ընտրազանգվածի 88 տոկոսի քվեն, դարձյալ համաժողովրդական հանրաքվեի միջոցով վերափոխեց սահմանադրությունը՝ հիմնական օրենքում ամրագրելով, որ միևնույն անձը կարող է պետության գլուխ  ընտրվել ավելի քան երկու անգամ, այսինքն՝ առանց որևէ սահմանափակության։  Արդյունքում՝  2013-ի   հոկտեմբերի 9-ին նա երրորդ ժամկետով զբաղեցրեց  պետության ղեկավարի բազկաթոռը։

 

Եվ վերջապես, սեպտեմբերի 26-ի հանրաքվեն, որի ժամանակ  ադրբեջանական հանրության քվեարկությանը ներկայացվեց սահմանադրական բարեփոխումների մի ամբողջ փաթեթ՝ բաղկացած փոփոխությունների 29 հիմնադրույթից՝ իրենց ենթակետերով հանդերձ։ Ի դեպ, նշեմ, որ բոլոր երեք սահմանադրական հանրաքվեներն էլ Ադրբեջանում անցել են քվեների 97տոկոսով, ինչը, իրավամբ,  կասկածանք է հարուցում քվեարկության օրինականության նկատմամբ։ Ընդ որում, այդ մասին այս օրերին ահազանգում են Ադրբեջանի բոլոր ընդդիմադիր քաղաքական ու հասարակական կառույցները՝ փաստ առ փաստ վկայակոչելով տարաբնույթ կոպիտ խախտումներն ընտրական տեղամասերում։ Սակայն, ինչպես ասում են, ասողին լսող էլ է պետք, և ընդդիմության բողոքը, փաստորեն, հնչում է որպես ձայն բառբառո հանապատի, ինչպես Ադրբեջանում, այնպես էլ միջազգային ատյաններում։ Վերջիններիս առումով հատկանշական է, որ աշխարհի շուրջ 30 երկրից և 18 միջազգային կազմակերպություններից Ադրբեջան ժամանած դիտորդական առաքելությունները, կարծես միաբերան, դրական եզրակացություններով են հանդես եկել հանրաքվեի ընթացքի մասին։ Անգամ այն հանգամանքը, որ Վենետիկի հանձնաժողովը բացասական գնահատական էր տվել սահմանադրական բարեփոխումների փաթեթին, չի խանգարել, ասենք,  Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) դիտորդական խմբին դրական արտահայտվել հանրաքվեի կազմակերպման և անցկացման ընթացքի ու մակարդակի մասին։ Ակնհայտ զգուշավորությամբ Ադրբեջանին կոչ անելով հարգանքով վերաբերվել Վենետիկի հանձնաժողովի կարծիքին, այդ հեղինակավոր միջազգային կառույցի դիտորդական խումբը կատարել է ընդամենը մեկ, ես կասեի՝ վախվորած  վերապահություն, այն է՝  եզրակացությունն ընդամենը նախնական է, իսկ վերջնական տեքստը կընդունվի ավելի ուշ՝ Եվրոպա վերադառնալուց և ԵԽԽՎ բյուրոյում լրացուցիչ ու վերջնական քննարկումից հետո միայն։ Ժողովրդական իմաստության ասած՝   հարսանիքից հետո՝ տմբլա։

 

Այնուամենայնիվ, ի՞նչ է կանխորոշում խնդրո առարկա սահմանադրական բարեփոխումների փաթեթը։ Թեկուզ և հանրաքվեով անցած բոլոր փոփոխություններն էլ ուշագրավ են, այնուամենայնիվ, նկատի առնելով դրանց մեծ քանակն ու ծավալը, փորձենք թվարկել առավել էականները։

 

Նախ՝ պետության ղեկավարի՝ նախագահի, լիազորությունների ժամկետը երկարաձգվում է երկու տարով, այսինքն՝ դառնում է յոթ տարի։  2018թ· Ադրբեջանում պետք է տեղի ունենան հերթական նախագահական ընտրությունները։ Տրամաբանական է ենթադրել, որ Իլհամ Ալիևը չորրորդ անգամ ևս կառաջադրի իր թեկնածությունը և այդ անգամ արդեն կընտրվի յոթ տարի ժամկետով, այսինքն՝ մինչև 2025թ·։

 

Ապա՝ սահմանադրությունից հանվում է դրույթն առ այն, որ Ադրբեջանի նախագահ կարող է ընտրվել երկրի 35 տարեկանից ոչ երիտասարդ քաղաքացին։ Դա նշանակում է, ինչպես համակարծիք նշում են գրեթե բոլոր քաղաքական վերլուծաբանները, որ հնարավոր է 2025-ի ընտրություններում կառաջադրվի և կանցնի կրտսեր Հեյդար Ալիևի թեկնածությունը, ով ներկայում 19 տարեկան է,  այն ժամանակ կլինի 28 տարեկան։ Այսպիսով կապահովվի իշխանական կլանի վերարտադրության հաջող գործընթացը։ Այլ կերպ ասած՝ կհավաստվի, որ ռուսական հեքիաթից հանրահայտ Կաշչեյը, իրոք, անմահ է, տվյալ պարագայում՝ մեկ անձի մեջ մարմնավորելով Ալիևների իշխանական գերդաստանի երեք սերունդների ներկայացուցիչներին։

 

Այնուհետև առաջարկվում է սահմանադրության մեջ մտցնել առաջին փոխնախագահի և փոխնախագահի պաշտոններ։ Իսկ դա նշանակում է, որ նախքան նախագահ ընտրվելը՝ կրտսեր Հեյդար Ալիևը կարող է նշանակվել այդ պաշտոններից առաջինում։ Քանզի, հաջորդ դրույթի համաձայն՝ պաշտոնից նախագահի վաղաժամկետ հեռանալուց հետո մինչև պետության ղեկավարի ընտրությունները նրա լիազորությունները հանձնվելու են ոչ թե վարչապետին, ինչպես դա  սահմանադրորեն ամրագրված էր մինչ այդ, այլ առաջին փոխվարչապետին, հավանաբար՝ դարձյալ նույն  կրտսեր Հեյդարին։

 

Բացի այդ, առաջարկվում է Հիմնական օրենքի մեջ մտցնել կետեր, համաձայն որոնց նախագահին իրավունք է վերապահվում վաղաժամկետ ցրել խորհրդարանը՝ Ադրբեջանի Ազգային մեջլիսը և հայտարարել պետության ղեկավարի արտահերթ ընտրություններ։ Այս դրույթը, ըստ իս, իշխանության վերարտադրության վերը նշված գործընթացն արագացնելու միտում ունի՝ կապված գալիք  հնարավոր քաղաքական և կամ ռազմական՝  գործող իշխանությունների համար ոչ այնքան ցանկալի և հաճելի անակնկալների հետ։

 

Եվ, վերջապես, նկատի առնելով, որ բարեփոխված սահմանադրությամբ երկրի քաղաքացիներին իրավունք է տրվում  խորհրդարանում ընտրվել ոչ թե 25, այլ 18 տարեկանից, ապա կասկած չի մնում, որ կրտսեր Հեյդար Ալիևն իր քաղաքական կարիերան կսկսի արդեն իսկ հաջորդ խորհրդարանից։

 

Մի խոսքով՝ չընդլայնեմ թվարկումները , սահմանադրական բարեփոխումները,  ոչ այլ ինչ, քան ապաշնորհ տանտիկնոջ կողմից  սև թելով կարկատած սպիտակ վերնաշապիկ է հիշեցնում։

 

Սակայն, ըստ իս, առանձնապես զավեշտականը մեկ այլ իրողության մեջ է։ Դատելով այդ երկրի ԿԸՀ հաղորդագրությունից, Ադրբեջանի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն հաջողությամբ անցել է նաև··· Ղարաբաղում։ Այո, հենց այդպես էլ ասվում է՝ Ղարաբաղում։ Ընդ որում՝ այդ ընտրատարածքն ընդգրկում է Ադրբեջանի տասնյակ բնակավայրեր։ Մասնավորապես, պարզվում է, որ, օրինակ,  լաչինցի 45 956 ընտրողներ քվեարկությանը մասնակցել են  58 քաղաքում և շրջանում կամ, ավելի կոնկրետ՝ Լաչինի ընտրատարածքի մեջ մտնող 102 ընտրական տեղամասերում։

 

Որքան տեղյակ եմ՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում, որը տեղի է ունենում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո, հայկական կողմը վիճելի փոխզիջումների համատեքստում երբեք Ադրբեջանի հանդեպ նման տարածքային նկրտում չի արտահայտել։ Մինչդեռ Բաքուն ահա կարծես այդ տարածքներն առաջարկում է մեզ, երևի թե իբրև  բարի կամքի արտահայտություն։ Իսկ մենք, պարզվում է, համառորեն հրաժարվում ենք այդ վիթխարի տարածքներն ընդունել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմի մեջ։ Երևի թե այստեղ են ասել՝ վերցրու, չեմ ուզում։

Միքայել Հաջյան

1