Իմ և վարչապետի միջև լարվածություն երբևէ չի եղել
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Իմ և վարչապետի միջև լարվածություն երբևէ չի եղել

Իմ և վարչապետի միջև լարվածություն երբևէ չի եղել

Այսօր էկոնոմիկայի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը մամուլի ասուլիս էր հրավիրել, որտեղ նա նշեց, որ ամփոփելու է իր պաշտոնավարման յոթ ամսիների ընթացքում կատարած աշխատանքները: 
 
Նրա խոսքով՝ որպես ՀՅԴ ներկայացուցիչ կարևոր և սկզբունքային է լրատվամիջոցներին ներկայացնել հաշվետվություն իրականացրած գործունեության ու անելիքների մասին: Էկոնոմիկայի նախարարությունը միավորում է 13 գերատեսչություններ ու լիազորություններ, 30 հիմնարար ոլորտներ:
 
Արծվիկ Մինասյանի խոսքով անկախ այն բանից կլինի էկոնոմիկայի նախարարություն թե չի լինի, բոլոր դեպքերում կարևոր կլինեն դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության, ներդրումային քաղաքականության, ազատ տնտեսական գոտիների ուղղությունը, պետություն-մասնավոր համագործակցությունը, տնտեսության կյանքում պետության մասնակցությունը, ներդրողների աջակցության հայեցակարգի մշակումը, գործարար միջավայրի բարելավման, արդյունաբերական արտահանման քաղաքականության վերանայումը:
 
Նախարարը առանձնացրեց ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքներին եկամտաստեղծ գործունեության մեջ ներգրավելու օրենսդրական նախաձեռնությունը, ասելով, որ այդ փաթեթն ամբողջությամբ պատրաստ է և գտնվում է կառավարությունում:
 
Նախարարը նշեց, որ իր պաշտոնավարման ժամանակ կադրային քաղաքականություն իրականացնելիս առաջնորդվել է պրոֆեսիոնալիզմի, հայրենասիրության և պատասխանատվոթյան սկզբունքներով: 
 
Նախարարությունը այդ յոթ ամիսների ընթացքում աշխատել է գերծանրաբեռնված:
 
«Էկոնոմիկայի նախարարությունը կարիք ունի ռեֆորմների»,- ասաց նախարարը: Արծվիկ Մինասյանը նշեց, որ տնտեսական քաղաքականության կենտրոնական հարցը մնում է տնտեսական դոկտրինի մշակման հարցը, որը կտա տնտեսական բոլոր ուղղությունների անելիքների մասին պատկերացումները:
 
Հարցին, թե արդյո՞ք կա լարվածություն վարչապետի ու ՀՅԴ-ական նախարարների միջև, Արծվիկ Մինսյանը նշեց, որ չկա լարվածություն, չկա խնդիր, կա բնականոն աշխատանքային պրոցես:
 
«Վստահ եմ, որ թե ՀՅԴ ԳՄ-ն, թե ՀՀԿ ղեկավար մարմինը քաղաքական համագործակցության հուշագիրը կյանքի կոչելու պատրաստակամություն ունեն, թվացյալ լարվածությունը ավելի շատ առանձին հատվածների ցանկությունն է, քան իրականում կա: Ավելի լավ չէ՞, որ կառավարության նիստերը լինեն բաց բանավիճային»:
 
Նրա խոսքով՝ երբևէ իր և վարչապետի միջև լարվածություն չի եղել, ավելին, ինքը շնորհակալ է վարչապետին, որ նա հստակ տեսակետ ունի, թե ինչպես թեթևացնել գործարարների վրա դրված բեռը, ինչպես նվազեցնել վարչարարությունը: «Ես շարունակում եմ կատարել իմ պարտականությունները, հրաժարական տալու խնդիր չկա, այս պահին ես ժամանակավոր պաշտոնակատար եմ, կշարունակեմ աշխատել այնքան ժամանակ, մինչև նոր հրաման չլինի»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
1