Արցախի մարզիկները մասնակցեցին Իրանի 48-րդ համահայկական խաղերին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » Արցախի մարզիկները մասնակցեցին Իրանի 48-րդ համահայկական խաղերին

Արցախի մարզիկները մասնակցեցին Իրանի 48-րդ համահայկական խաղերին

Սեպտեմբերի 13-21-ը Թեհրանում անց են կացվել Իրանի 48-րդ շրջանի Համահայկական խաղերը, որոնք նվիրված էին «Ալիք» օրաթերթի 85-ամյակին: Այս տարի խաղերին մասնակցում էր մոտ 900 մարզիկ-մարզուհի՝ իրանահայ համայնքի երեք թեմերից, Հայաստանից, Արցախից ու Վրաստանից:

 

Արցախի 51 հոգանոց պատվիրակության կազմում ընդգրկված էին 39 մարզիկ-մարզուհիներ, ովքեր հանդես էին գալիս տարբեր մարզաձևերում: Բոլոր մարզաձևերում մեր ներկայացուցիչները պատվավոր տեղեր զբաղեցրին: Արցախը ներկայացնող շախմատիստները բոլոր տարիքային խմբերում տարբեր մեդալների արժանացան: Ինչպես տեղեկացրեց Իրանի համահայկական խաղերին Արցախի շախմատի թիմի ներկայացուցիչ, Ստեփանակերտի Շախմատի դպրոցի մարզիչ Սարգիս Ասատրյանը, շախմատի թիմում ընդգրկված էին թվով 7 հոգի, որոնք 3 տարիքային խումբ էին ներկայացնում՝ մինչև 11 տարեկաններ, 13-18 տարեկաններ և 18-ից բարձր:

 

8-11 տարեկան տղաների մրցաշարում առաջին և երկրորդ տեղը գրավել են համապատասխանաբար Արցախը ներկայացնող Սևակ Մանուկյանը և  Տիգրան Պետրոսյանը: 13-18 տարեկանների միջև մրցաշարում, 7 հնարավորից վաստակելով 6,5 միավոր, առաջին պատվավոր տեղն է զբաղեցրել Ալեքս Մանուկյանը (Արցախ): 18 տարեկանից բարձր տղաների մրցաշարում ոսկե մեդալի է արժանացել Սարգիս Ասատրյանը:

 

Ձեռնունայն չեն վերադարձել նաև Արցախի շախմատի թիմի գեղեցիկ սեռի ներկայացուցիչները: Այսպես, Արցախը ներկայացնող Սաթի Ղազարյանը և Էլինա Նազարյանը արժանացել են արծաթե մեդալների:

 

Ընդհանուր թիմային հաշվարկում Արցախի թիմը դարձել է գավաթակիր:

 

Հաջորդիվ կներկայացնենք Արցախի թիմի հաջողություններն այլ մրցաձևերում:

«Ապառաժ»

1