Ավելի քան 160 մարդ օգտվել է Արցախի սոցիալական ծրագրերի հիմնադրամից
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Ավելի քան 160 մարդ օգտվել է Արցախի սոցիալական ծրագրերի հիմնադրամից

Ավելի քան 160 մարդ օգտվել է Արցախի սոցիալական ծրագրերի հիմնադրամից

Արցախի սոցիալական ծրագրերի հիմնադրամը ստեղծվել է 2015թ. փետրվարի 24-ին ԼՂՀ կառավարության  կողմից: Հիմնադրամն  իրականացնում է  իր անվանը համահունչ սոցիալական ծրագրեր: «Ներկա պահին ունենք այդպիսի 3 ծրագիր,- ասում է հիմնադրամի տնօրեն Մարատ Հասրաթյանը: Դրանցից ամենակարեւորը ԼՂՀ մայրաքաղաքում  եւ շրջաններում բնակարանային պայմանների  բարելավման ծրագիրն է, որը գործում է հետեւյալ  կարգավիճակ ունեցող քաղաքացիների համար՝ երկրորդ եւ երրորդ խմբի զինվորական հաշմանդամություն ունեցողներ, զոհված զինծառայողների երեխաներ, փախստականներ, միածնող ընտանիքներ, 4 եւ ավելի երեխաներ ունեցող ընտանիքներ: Պետական ֆինանսավորում է տրվում ինչպես կանխավճարի տեսքով, այնպես էլ տոկոսադրույքի սուբսիդավորման տեսքով: Հիպոթեքային վարկավորմամբ բնակարաններ, բնակելի տներ գնելու կամ տներ կառուցելու եւ վերանորոգելու համար, ինչպես նաեւ որպես կանխավճար տրամադրվել է  44մլն. 627 հազար դրամ եւ օգտվել են 94 քաղաքացիներ»:

 

Ըստ  Մարատ  Հասրաթյանի, երկրորդ ծրագիրը  գյուղական բնակավայրերում 18-40 տարեկան նորաստեղծ ընտանիքներին, ովքեր տվյալ համայնքում ապրում են 5 տարուց  ոչ պակաս,  պետական ֆինանսական աջակցությունն է՝ կիսակառույց տունն ավարտին հասցնելու համար: Այս ծրագրի շրջանակներում ընտանիքներին անհատույց տրամադրվում է 3 մլն դրամ այն պայմանով, որ այդ գումարը մինչև վերջին լուման ներդրվի առանձնատան շինարարության վրա: Երկրորդ ծրագրի համար տրամադրվել է 189 մլն. 340 հազար դրամ եւ օգտվել են 64 քաղաքացիներ:

 

Երրորդ ծրագիրը Ստեփանակերտ քաղաքում ուսումնառու անձանց ներքաղաքային տրանսպորտից  օգտվելու համար մինչև 30 տոկոս սուբսիդավորում տրամադրելն է:    Վերջին ծրագրից օգտվել է 17 քաղաքացի:

 

Սվետլանա Արզանգուլյանը մեկն է այն շահառուներից, ով ծրագրից օգտվել է որպես փախստականի կարգավիճակ ունեցող քաղաքացի: Սվետլանան 2016թ. փետրվարին Ներդրումային հիմնադրամից ստացել է 7,5 մլն դրամ գումար, որով Ստեփանակերտում գնել է 2 սենյականոց բնակարան:

Լիլիա Բաղրյան

1