Հայ դատի հանձնախմբերի գլխավոր մարտահրավերը թուրք-ադրբեջանական հակահայ արշավն է
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Հայ դատի հանձնախմբերի գլխավոր մարտահրավերը թուրք-ադրբեջանական հակահայ արշավն է

Հայ դատի հանձնախմբերի գլխավոր մարտահրավերը թուրք-ադրբեջանական հակահայ արշավն է

Մոնրեալի հայկական կենտրոնում սեպտեմբերի 18-ին անցկացվել է Կանադայի Հայ դատի հանձնախմբի զորակցական նվիրահավաքի ընդունելություն, որին ներկա էին Հայ դատի ավելի քան 150  գործիչներ, համակիրներ և զորակիցներ:  
 
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Կանադայի Հայ դատի հանձնախմբից:
 
Կանադայի Հայ դատի հանձնախմբի գործունեության, անցյալի և ներկայի, առաջիկա տարիների աշխատանքները համապարփակ ներկայացրել է  ՀՅԴ Կանադայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Րաֆֆի Տոնապետյանը, շեշտելով, թե հանձնախմբի գործունեության գլխավոր կիզակետն է` հայ ժողովրդի պահանջատիրական դատը, Արցախի և Ջավախքի հիմնահարցերը, կանադական քաղաքական դաշտի վրա դաշնակցային և նահանգային մակարդակներում տարվող Հայ դատի գծով քարոզչական նպատակուղղված աշխատանքները: Միաժամանակ նա ներկաներին ծանոթացրել է  Կանադայի Հայ դատի հանձնախմբի Օտտավայի գրասենյակի նորանշանակ գործավար Սեւակ Պելեանին։
 
ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր Խաչատուրյանը զեկուցեց տարբեր երկրներում տարվող աշխատանքների մասին, հայտնելով, թե ներկայում 35 շրջաններում գործող Հայ դատի հանձնախմբերի դիմագրաված գլխավոր մարտահրավերը թուրքական եւ ադրբեջանական հակահայ քարոզչական արշավն է։ Նա շեշտեց, որ Հայ դատի հանձնախմբի այսօրվա կիզակետը՝ հայրենի պետականության ամրապնդումն ու հայոց պահանջատիրության արդար լուծումն է:
 
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ, ատենապետ Րաֆֆի Համբարյանը հայտնել է, որ Հայ դատի զինվորագրյալները, հայ ժողովրդի երկրորդ բանակն են, որոնց պարտականությունն է քաղաքական կուլիսների հետևում կատարել  քարոզչության եւ լոբբիստական դժվարին աշխատանք։ Նա նաև հայտնել է, որ Հայ դատի հանձնախումբն իբրև հայության պաշտպանական վահան, անխափան և վճռական պիտի շարունակի հայության պահանջատիրական դատի հետապնդումը։
 
 Հանդիսության ավարտին հայտարարվեց, որ նվիրահավաքին գոյացել է 170 հազար դոլար։
armenpress.am
1