Սա մեր տնտեսության զորահանդեսն է. Արծվիկ Մինասյանը «Արտադրված է Հայաստանում-2016» ցուցահանդեսի մասին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Սա մեր տնտեսության զորահանդեսն է. Արծվիկ Մինասյանը «Արտադրված է Հայաստանում-2016» ցուցահանդեսի մասին

Սա մեր տնտեսության զորահանդեսն է. Արծվիկ Մինասյանը «Արտադրված է Հայաստանում-2016» ցուցահանդեսի մասին

Հայաստանի զարգացման հիմնադրամը սեպտեմբերի 19-22-ը՝ «Մերիդիան» էքսպո կենտրոնում կազմակերպել է «Արտադրված է Հայաստանում-2016» ցուցահանդես, որի բացման արարողության ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը:
 
«Որպես նախարար ինձ համար հպարտության զգացում է բոլոր տաղավարներում հայկական արտադրանքներ տեսնելը, զգալը, որ արտադրանքները որակ ունեն, միջազգային մակարդակով անհրաժեշտ մրցակցության պայմաններ կան: Սա մեր տնտեսության զորահանդեսն է, և պատահական չէ, որ սկսած տեխնոլոգիական ապրանքներից, ավարտած սննդի մասով և ծառայություններով, մենք կարող ենք հպարտորեն ասել, որ ունենք այդ ներուժը և տնտեսության մեջ որոշակի դրական փոփոխություններ իրականացնելով` կկարողանանք ոտքի կանգնեցնել մեր տնտեսական ուղղվածության ներուժը»,-լրագրողների հետ զրույցում ասաց Արծվիկ Մինասյանը: 
 
Արծվիկ Մինասյանն ասաց, որ ցանկացած երկրի տնտեսության հիմքը երեք հիմնական ուղղություններն են՝ ներդրումները, տեխնոլոգիաները և մասնագիտական կարողությունները:
 
«Ցանկացած գործողություն, որը հիմնված է մասնագիտական գիտելիքների վրա, դրանք իրենք իրենցով արդեն հեղափոխական են: Եվ մենք ունենք այդպիսին թե՛ բարձր տեխնոլոգիաների ոլորտում, թե՛ նորարարական լուծումների առումով ինովացիոն ոլորտում, և թե՛ հայտնի սննդամթերքի ոլորտում»,- ասաց նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը:
 
Հարցին, թե ինչի՞ն է միտված ցուցահանդեսը և ի՞նչ գործողություններ են անհրաժեշտ այս ոլորտում զարգացում ապահովելու համար, Արծվիկ Մինասյանն ասաց, որ այստեղ անհրաժեշտ են մի քանի գործողություններ՝ որակի վերահսկողության պատշաճ համակարգի ներդրում, որակի ենթակառուցվածքի ամբողջությամբ վերազինում, որը կապահովի միջազգային մրցունակությանը համարժեք և պատշաճ որակ և կապահովի թե՛ ներքին, թե՛ արտաքին սպառողների շահերի պաշտպանությունը:
 
«Այս ցուցահանդեսը միտված է ոչ այնքան և ոչ այն ձևով, որ հայկական ապրանքներն իրացվեն, այլ որքան, որ ցուցադրություն տեղի ունենա, իսկ իրացումն արդեն պետք է կազմակերպենք և իրականացնենք դրսի շուկաներում ինչպես Ռուսաստանն է, Իրանը, ԱՄՆ-ն և այլն»,- ասաց Մինասյանը:
tert.am
1