Համով-հոտով «ԱրցախԷթնոՖեստը»
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Համով-հոտով «ԱրցախԷթնոՖեստը»

Համով-հոտով «ԱրցախԷթնոՖեստը»

Հյուրասիրությամբ հայտնի Արցախում այսօր՝ սեպտեմբերի 16-ին, նոր համով-հոտով միջոցառում է կայացել՝ «ԱրցախԷթնոՖեստ» առաջին միջազգային փառատոնը: Միջոցառումը նախաձեռնել է ԼՂՀ Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը:

 

Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ ԱԺ պատգամավորներ, պաշտոնատար այլ անձինք:

 

Ազգային երգերի ու պարերի ներքո «համով» հրավերը սիրով ընդունած ներկաները համտեսեցին ֆրանսիական, կորեական, վրացական, սիրիական, ռումինական, մոլդովական, եւ ի հարկե հայկական ու արցախյան խոհանոցների բազմազան ու համեղ կերակրատեսակները:

 

«Արցախյան պատերազմից հետո, մենք որոշեցինք այսպիսի լիցքաթափող միջոցառում իրականացնել: Իսկ Արցախը հայտնի է իր հյուրասիրությամբ, այդ պատճառով որոշեցինք սկսել հենց հյուրասիրությունից»,- նշել է  ԼՂՀ Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը:

 

«Երկրի համը» խորագիրը կրող փառատոնում ներկայացվել են ֆրանսիական կրեպը, ռումինական մամալիգան, բրնձով պատրաստված կորեական ուտեստներ, սիրիական աղցաններ, արեւելյան քաղցրավենիք, վրացական սացիվին, ինչպես նաեւ Արցախյան խոհանոցի այցեքարտ ժենգյալով հացը, կուրկուտը եւ ավանդական խորովածը, որոնք ճաշակեցին ներկաները:

 

 Էթնիկական ուղղվածություն ունեցող այս միջոցառումը կազմակերպիչները խոստանում են ավանդական դարձնել:

«Ապառաժ»

1