Ռուսաստան-Թուրքիա՝ մերձեցման խնդիրներ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Ռուսաստան-Թուրքիա՝ մերձեցման խնդիրներ

Ռուսաստան-Թուրքիա՝ մերձեցման խնդիրներ

Օգոստոսի սկզբին, նախագահներ Պուտինի եւ Էրտողանի հանդիպումով, արմատականօրէն փոխուեց տարածաշրջանի գլխաւոր ուժերից՝ Ռուսաստանի եւ Թուրքիայի փոխյարաբերութիւնները։ Տաս ամիս անընդմէջ թշնամական դիրքերից միմեանց հասցէին քննադատական եւ սպառնական յայտարարութիւններից յետոյ, այսօր, իրավիճակը էականօրէն տարբեր է, եւ այդ փոփոխութիւնը կատարուեց շատ արագ։

 

Մի կողմից Ռուսաստանի Դաշնութեաեն (ՌԴ) յարաբերութիւնների վատթարացումը Արեւմուտքի հետ, որպէս հետեւանք ուկրայնական ճգնաժամի եւ յատկապէս Ղրիմի հարցի, ինչպէս նաեւ անցած մէկ տարուայ ընթացքում ՌԴ-ի ակտիւ եւ ուղղակի մասնակցութիւնը սիրիական պատերազմին, առաջացրել են յետխորհրդային տարիներում նախընթացը չունեցող բարդ իրավիճակ՝ ռազմական մրցակցութեան եւ տնտեսական պատժամիջոցների կերպարանքով։

 

Իսկ միւս կողմից՝ 1952-ից ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան սիրիական քաղաքականութեան մէջ չի համագործակցել ու դեռ հակադրուել է իր դաշնակից Արեւմուտքին՝ բացայայտ կամ գաղտնի հովանաւորելով իսլամ ծայրայեղականներին ընդդէմ Սիրիայի իշխանութիւններին ու միաժամանակ ճնշել է քիւրդերին Թուրքիայում կամ հարեւան երկրներում։ Աւելին, Թուրքիան Եւրոպական Միութեան հետ ունի բազմաթիւ տարաձայնութիւններ՝ գաղթականների, թուրք քաղաքացիների վիզայի ռեժիմի վերացման, Թուրքիայում մարդկային իրաւանց խախտումների, հիւսիսային Կիպրոսի ԵՄ-ի կողմից չճանաչելու եւ վերջապէս գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հարցերով։ Սակայն Թուրքիայի յարաբերութիւնները Արեւմուտքի հետ վատթարացման հիմնական խթանը հանդիսացաւ Յուլիսին տեղի ունեցած զինւորական յեղաշրջման փորձը (coup d`etat)։ Էրդողանը, եւ Թուրքիայի հանրային կարծիքի մի զգալի մասը, դրա մէջ մեղադրում են ոչ միայն Էրդողանի մրցակից՝ Գիւլենին, այլեւ՝ ԱՄՆ-ին։ Այն փաստը, որ թրքական ժամանակակից պատմութեան մէջ բոլոր զինւորական յեղաշրջումները եղել են ԱՄՆ-ի գաղտնի սպասարկութիւնների հրահրումով կամ առնուազն լռելեայն համաձայնութեամբ, եւ որ Գիւլենը ապրելով ԱՄՆ-ում գտնուել է տեղի անվտանգութեան կառոյցների հսկողութեան տակ, Էրդողանին բերել է նման եզրակացութեան։ Եթէ ճիշտ լինի այն տեղեկութիւնը, որ Ռուսաստանը զինուորական յեղաշրջումից ընդամէնը ժամեր առաջ դրա մասին տեղեկացրել է Էրդողանին՝ փրկելով նրա իշխանութիւնը եւ գուցէ կեանքը, ապա «եղբայրութեան» պատկերը ամբողջական է դառնում։

 

Արդիւնքում ստացւում է, որ «բնական» դաշնակիցներ լինելու բոլոր ռազմա¬քաղաքական նախադրեալները պատրաստ էին ռուս-թրքական մերձեցման եւ Արեւմուտքի ճնշումները չէզոքացնելու համար։ Նաեւ, տնտեսական բնագաւառում առկայ էր գործակցութեան մեծ պահանջ ու անհրաժեշտութիւն։

 

Սա, անկախ այն իրողութիւնից, որ Ռուսաստանն ու Թուրքիան օրինաչափօրէն առաւել «բնական» հակառակորդներ են թէ’ Սիրիայում, թէ’ Կովկասում, թէ´ Միջին Ասիայում եւ թէ’ Արեւելեան Եւրոպայում։ Յատկապէս, նկատի առնելով Թուրքիայի բազմամեայ ակտիւ անդամակցութիւնը՝ ՆԱՏՕ-ին։

 

Միեւնոյն տրամաբանութեամբ կարելի է պատկերացնել թէ ինչ պայմաններում կարող է յարատեւել ու նոյնիսկ խորանալ ռուս-թրքական բարեկամութիւնը կամ ընդհակառակը՝ վերանալ։

 

Առայժմ, թրքական ներխուժումը հիւսիսային Սիրիա չի հանդիպել ՌԴ-ի հակադարձութեանը, թէեւ խիստ քննադատուել է սիրիական իշխանութիւնների կողմից։ Դրանով հանդերձ, ՌԴ-ի միջնորդութեամբ, յառաջիկայ շաբաթներին, հաւանական է որ Թուրքիաի եւ Սիրիայի նախագահները հանդիպեն Մոսկուայում։

 

Հետեւաբար, եթէ տարածաշրջանում, ինչպէս նաեւ Արեւելեան Եւրոպայում ՌԴ-ԱՄՆ յարաբերութիւնները կամ Թուրքիա-Արեւմուտք կապերը դրական տեղաշարժ ունենան, ապա ռուս-թրքական բարեկամութիւնը իր ներկայ «պարտադրեալ» վիճակից դուրս գալով կը վերադառնայ օրինաչափ՝ սահմանափակ վիճակին։ Նախանշանները յուշում են, որ թէ՛ ԱՄՆ-ն եւ թէ՛ ԵՄ-ն փորձում են մի կողմից լեզու գտնելով Թուրքիայի հետ, իսկ միւս կողմից՝ սիրիական հարցով բանակցելով Ռուսաստանի հետ տկարացնել իրենց համար վտանգաւոր Թուրքիա-Ռուսաստան մերձեցումը։

 

Այնուամենայնիւ, ամենայն հաւանականութեամբ ռուս-թրքական «սիրաբանութիւնը», գոնէ ներկայ ուժգնութեամբ, երկարատեւ չի լինելու եւ աշխարհաքաղաքական իրողութիւնները գերիշխող են լինելու։

 

Սակայն, թէկուզ կարճատեւ, բայց այս մերձեցումը կարող է խիստ բացասական հետեւանքներ ունենալ Հայաստանի եւ հայ ժողովրդի համար։ Կասկած չկայ, որ Ռուսաստան-Թուրքիա մերձեցումը, եւ վերջինիս միջնորդութեամբ ու լծակով՝ Ադրբէջանի հետ միասին ճնշման տակ են դնելու Հայաստանի Հանրապետութեանը, նրանից պահանջելով տեղաւորուել նոր պայմանների գծած շրջանակի մէջ։

 

Ինչ խօսք, սա խիստ սահմանափակելու է ՀՀ-ի խուսանաւելու կարելիութիւնները՝ նրան պարտադրելով հաշուի նստել նոր իրադրութեան անցանկալի հետեւանքների հետ եւ փորձել չէզոքացնել դրանք։ Իսկ յաջողելու համար նախապայման է՝ երկրում ապահովել միասնականութիւն՝ հիմնւած արդարութեան, ժողովրդավարութեան ու քաղաքացիների նկատմամբ յարգանքի վրայ. ինչպէս նաեւ՝ հայրենիքի ու համայն հայութեան ներուժի խելամիտ եւ կազմակերպւած ձեւով օգտագործումը։

«Դրօշակ»-ի խմբագրական

16.09.2016թ.

1