Մենք դեռ հնարավորություն կունենանք վերադարձնելու մեր կորցրած դիրքերը. Լևոն Մնացականյան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Մենք դեռ հնարավորություն կունենանք վերադարձնելու մեր կորցրած դիրքերը. Լևոն Մնացականյան

Մենք դեռ հնարավորություն կունենանք վերադարձնելու մեր կորցրած դիրքերը. Լևոն Մնացականյան

ԼՂՀ պաշտպանության նախարար  Լևոն Մնացականյանը հարցազրույց է տվել ИА REGNUM-ին, որում խոսել է ապրիլյան չորսօրյա պատերազմի մասին:

 

Հարցազրույցը ներկայացնում ենք կրճատումներով:

Հարցին` ինչո՞ւ այդքան մեծ եղան մարդկային և տարածքային կորուստները, կարո՞ղ է դա համարվել հետախուզության ձախողում, Մնացականյանը պատասխանել է. «Իսկ ո՞վ ասաց, որ կորուստները մեծ են: Բնական է, որ մեզ համար յուրաքանչյուր կորուստ անթույլատրելի է, սակայն մարտական գործողությունները դրանով են դաժան, որ հանգեցնում են մարդկային և տարածքային կորուստների: Այդ պատճառով ասել` կորուստները շատ են եղել, թե` քիչ, ընդհանրապես ինչ-որ գնահատական տալ` սխալ է: Ադրբեջանական կողմի կորուստները շատ ավելին են եղել:

 

Ինչ վերաբերում է հետախուզությանը, ապա մենք օգտագործել ենք մեզ համար հասանելի բոլոր հետախուզական միջոցները և որոշ տեղեկություն ենք ունեցել հակառակորդի գործողությունների մասին ու քայլեր ենք ձեռնարկել: Այդ պատճառով չի կարելի ասել, որ հետախուզությունը ձախողվել է: Այնուամենայնիվ, մենք չենք իմացել, որ նման մասշտաբի հարձակում կլինի: Այդ իմաստով` որոշ բացթողումներ կան… Կարճ ժամանակում, սակայն, մեզ հաջողվեց վերադարձնել որոշ դիրքեր, և վստահ եմ, որ մենք դեռ հնարավորություն կունենանք վերադարձնելու մեր կորցրած դիրքերը»:

 

Հարցին, թե պատերազմի օրերին երկու կողմերը ակտիվորեն անօդաչու սարքեր են կիրառել, ինչպե՞ս իրենց դրսևորեցին հայկական արտադրության անօդաչուները` Ադրբեջանի կողմից կիրառվող իսրայելական անօդաչուների համեմատ, ԼՂՀ պաշտպանության նախարարը պատասխանել է, որ դժվար է համեմատել սարքերը, քանի որ դրանք ուղղակիորեն չեն կռվում միմյանց դեմ: «Ամեն դեպքում` մեր կողմից կիրառված անօդաչու սարքերը ցույց տվեցին իրենց արդյունավետությունը. մեր առջև դրված խնդիրները կատարվել են»,- շեշտել է նա:

 

Լրագրողը հետաքրքրվել է նաև` կա՞ն, արդյոք, մեթոդներ, որոնք օգնում են հակազդել իսրայելական ժամանակակից հակատանկային հրթիռային համալիրներին, որոնք պատերազմի օրերին մեծ խնդիր դարձան: Ի պատասխան, Մնացականյանը ասել է. «Իհարկե, մենք կատարելագործում ենք հակառակորդի հակատանկային համալիրների հետ պայքարի միջոցները` ինչպես պասիվ, այնպես էլ ակտիվ: Մենք հույս ենք դնում ժամանակակից տեխնոլոգիաների վրա»:

 

Հարցին` ո՞ւր է ուղղվել Սփյուռքի կողմից հավաքված մոտ 8 մլն դոլարը, արդո՞ք բանակը մթերքով, ժամանակակից զինամթերքով ապահովելու ուղղությամբ, Մնացականյանը պատասխանել է, որ իրենք այդ ամենի համար ունեն միջոցներ:  «Ավելին` մենք ներդնում ենք շատ ավելի մեծ գումարներ, քան դուք նշեցիք»,- ընդգծել է նա:

 

«Ինչ վերաբերում է օգնությանը, ապա, իհարկե, այն դրականորեն է ազդել մեր հնարավորությունների վրա»,- նշել է նախարարը:

 

Հարցին, թե Ադրբեջանը պատերազմի օրերին  սպառնացել է գնդակոծել Ստեփանակերտը, «Սմերչ» կիրառել, ինչպիսի՞ն կլինի ԼՂՀ-ի պատասխանը տվյալ դեպքում, ՊՆ ղեկավարը պատասխանել է. «Եթե Ադրբեջանը հարվածի Ստեփանակերտին, ապա կձեռնարկվեն համապատասխան քայլեր: Ինչպիսի՞, թող հանելուկ մնա: Ուղղակի պատասխանը անհամեմատելի կլինի»:

Լրագրողին հետաքրքել է նաև ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը:

 

«Իհարկե, ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը միշտ կա, ավելին` այն բարձր է: Դատելով հակառակորդի այսօրվա պահվածքից` նա դեռ լիովին չի հրաժարվել նման մտքից: Այդ պատճառով ցանկացած պահի հնարավոր է մարտական գործողությունների վերսկսում: Այնուամենայնիվ, ապրիլյան պատերազմը որոշ զսպող ազդեցություն ունեցավ հակառակորդի վրա: Դա երևում է նրանց հայտարարություններից. առաջ ասում էին, թե կհաղթեն 3 օրում, այժմ նման բան չեն ասում: Հույս ունեմ, որ ընդհանրապես կհրաժարվեն նման մտքից»,- պատասխանել է ԼՂՀ ՊՆ ղեկավարը:

 

1