ՀՕՄ-ը կրկին Արցախում է`զինվորի կողքին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » ՀՕՄ-ը կրկին Արցախում է`զինվորի կողքին

ՀՕՄ-ը կրկին Արցախում է`զինվորի կողքին

ՀՕՄ-ի Հայաստանի Շրջանային վարչության նախաձեռնությամբ տեղի ունեցավ ՀՕՄ-ի հերթական այցը Արցախի սահմանային զորամասեր։ Այցին մասնակցում էին ՀՕՄ-ի Հայասատանի Շրջանային վարչության ատենապետուհի Դիանա Հովսեփյանը, վարչության մյուս անդամները, ՀՕՄ-ի «Ուժեղ բանակ, Ամուր սահման` Հզոր Հայրենիք» հանձնախմբը, ՀՕՄ-ի Արցախի մեկուսի միավորի վարչության ատենապետուհի Կարինե Դադայանը և փոխատենապետուհին, ԱՄՆ Արևմտյան ափի ՀՕՄ-ի գրասենյակի տնօրեն և Արցախի բարերար Ժասմեն Բունիաթյանը։

 

ՀՕՄ-ուհիները այցելության ընթացքում հանդիպեցին հրամանատարական կազմի և դիրքապահ զինվորների հետ, ծանոթացան նրանց առօրյային, իրենց մայրական երախտագիտության և բարեմաղթանքի խոսքը հղեցին նրանց` մաղթելով բարի և խաղաղ ծառայություն:

 

ՀՕՄ-ի Հայասատանի Շրջանային վարչության ատենապետուհի Դիանա Հովսեփյանը իր խոսքում նշեց, որ. «Մեր ազգային պայքարում պարտադիր չէ բոլորի ձեռքին զենք լինի, սակայն պարտադիր է բոլորս լինենք զենք բռնողների կողքին, որովհետև դա էլ է պայքար, որովհետև հզոր զենք է նաև թիկունքում համախմբված ու անկոտրում աշխատանքը։ Զենք բռնողի թիկունքն ամուր պահելը վեհ առաքելություն է, և այդ առաքելությունը արդեն 126 տարի է իր ուսերին է կրում համահայկական սփռում ունեցող, բարեսիրական կազմակերպություն ՀՕՄ-ը»։

 

Երկօրյա այցի ընթացքում պատվիրակության անդամները այցելեցին արցախյան պատերազմի հերոսներ Պետրոս Ղևոնդյանի խաչքարին, Շահեն Մեղրյանի հուշաքարին և Վահե Բաղդասարյանի հուշաքարին` մատուցելով իրենց հարգանքի տուրքը անմահ հերոսներին:

 

Պատվիրակները զորամասին և զինծառայողներին հանձնեցին նվերներ, անհրաժեշտ պարագաներ և դեղորայք:

1