Մեր ուժը՝ Մարտունու Մերուժը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Մեր ուժը՝ Մարտունու Մերուժը

Մեր ուժը՝ Մարտունու Մերուժը

Դժվար է գրել ինչոր մեկի ճակատագրի մասին, երբ քեզ անհայտ են նրա ապրումները, սակայն երբ քո եւ նրա ճակատագրերի միջեւ գտնում ես նմանության եզրեր եւ զգում, որ դու կամ էլ քեզ հարազատ մեկը եւս ունեցել եք նման ապրումներ, ուղեղիդ բոլոր բջիջներով ընկալում ես ցավի ուժը, որ համակում է մարմինդ, հասնում սրտիդ, ստիպում մերթ ժպտալ, մերթ հուզվել

 

Մոսիյանների տանը գտա կիսատ-ծվատ, ապրած-չապրած մանկության հետքեր. այդ հետքերն ամենուր էին. զավակների՝ Արմինեի, Հայկի, Մերուժանի աչքերում, պատերազմի տարիներից մնացած լուսանկարներում, ընտանեկան ալբոմում, նրանց մանկության հիշողություններում, անկեղծ զրույցներում…Դժվար է կորսված մանկության մեջ փնտրել հարազատ մեկի պատկերը եւ գիտակցել, որ այդ պատկերն այլեւս քեզ ոչ ոք չի վերադարձնի, որ այն, ինչ ունես, փոքրիկ մի հուշ է, որը մերթ կա, մերթ չկա…

 

«Հայրիկիս հետ կապված լոկ մի քանի հուշ ունեմ: Եղբայրս՝ Հայկը, շատ փոքր էր, իսկ կրտսեր եղբայրս՝ Մերուժանը, երբ ծնվեց, հայրս արդեն չկար: Մայրս նրան հորս անունով կոչեց: Լոկ ես եմ երեխաներից, որ հիշում եմ հայրիկին: Նրա հետ կապված հուշերս իմ ամենամեծ հարստությունն են, որ պահում եմ սրտումս: Այդ հուշերն ինձ թեւ են տալիս, չեն թողնում որևէ բանից երկնչել կամ վհատվել…>>,-ասում է Մերուժանի դուստրը՝ Արմինեն: Իսկ կինը՝ Գենյան, շտապում է սեղան բացել. «Մերուժը չէր սիրում, երբ որևէ մեկը մեր տնից առանց հյուրասիրության հեռանար: Մեր սեղանը միշտ բաց էր մոտիկ-հեռավորի համար»,- ասում է:

 

Մերուժան Մոսիյան հրամանատարի մասին գիտեն ոչ միայն հայրենի Մարտունիում, այլեւ Արցախում ու Արցախից դուրս, քանզի նրանք, ովքեր ծանոթ են արցախյան պատերազմի պատմությանը, դժվար թե լսած չլինեն նրա հայրենանվեր կենսագրության մասին, քանզի նշանակալից էր նրա՝ որպես հրամանատարի, ու նրա տղաների ներդրումը Մարտունու շրջանի պաշտպանության ու ընդհանրապես Արցախյան գոյապայքարում: Մերուժանն ու նրա «տղաները» /այդպես էին նրանց կոչում/ ամենուր էին, Մարտունու բոլոր կողմերում, որտեղ թշնամին որևէ ոտնձգություն էր ձեռնարկում: Երբ Մերուժն ու տղերքը երևում էին, մարդիկ հանգիստ շունչ էին քաշում եւ ոգեշնչվում նրանց ներկայությամբ, հավատում, որ ամեն ինչ լավ է լինելու:

 

Շարժման առաջին իսկ օրերից անհանգիստ էր: Պատմության ֆակուլտետի ուսանողը շատ լավ հասկանում էր իրավիճակի իսկությունը, եւ ընկերների հետ անցնում է ընդհատակյա գործունեության: «Միասին հոսքային դասեր էինք անում: Ես բանասիրական ֆակուլտետում էի սովորում, նա՝ պատմական,- պատմում է տիկին Գենյան,- շատ լռակյաց երիտասարդ էր: Անտեղի չէր խոսում: Երբեմն անհետանում էր, երբեմն հայտնվում, սակայն դասերին միշտ պատրաստ էր, խելամիտ: Նրա կերպարը բացահայտվեց 4-րդ կուրսում, երբ սկսվեց Շարժումը: Բոլորին կոչ էր անում, որ միանան Շարժմանը, ասում էր՝ հրապարակը չպիտի դատարկ լինի, ամեն օր պիտի հավաքվենք, Արցախի ձայնը պետք է լսելի դարձնենք: Ուսանողներով մասնակցում էինք փետրվարյան ցույցերին. գիշեր-ցերեկ այնտեղ էինք: Ընկերացանք: Բայց ոչ ես, ոչ նա՝ չգիտեինք, որ հետագայում միասին կլինենք: Այդ ժամանակ բոլորս տարված էինք Շարժման գաղափարով: Մի օր՝ ապրիլի 1-ին, հանկարծակի հայտնեց իր զգացմունքների մասին: Ես կատակի վերածեցի՝ մտածելով, որ ապրիլմեկյան կատակ է, սակայն ամեն ինչ իրական էր, փոխադարձ: Հակառակ պատերազմին՝ ամուսնացանք:

 

 

Աշխատում էինք Մարտունու դպրոցում. Մերուժը պատմություն ու իրավագիտություն էր դասավանդում, նաեւ աշխատում էր «Ամարաս» թերթում, այնուհետև՝ Մարտունու կոմերիտշրջկոմում: Դասերից հետո նաեւ տուրիզմի խմբակ էր պարապում՝ դեռ այն ժամանակ գիտակցելով, որ երիտասարդները պետք է կարողանան զենքին տիրապետել, գոյատեւել դրսի պայմաններում, պատերազմական իրավիճակում: Այն ժամանակ արդեն ինքը հասկանում էր, որ լայնամասշտաբ պատերազմն անխուսափելի է, որ առանց զենքի հարցը լուծում չի ստանա:

 

Առավոտյան դասի էր գնում, գիշերը տղերքի հետ հսկում էին Մարտունու սահմանները, զբաղվում զենք հայթայթելու գործով: Երբ հարցնում էի ստեղծված իրավիճակի մասին, ասում էր. «Սա մեր վերջին կռիվն է լինելու թշնամու դեմ: Պիտի հաղթենք:Այլապես՝ եթե պարտվենք, այս ծանր բեռը պիտի ընկնի մեր սերունդների ուսերին: Նրանք պիտի ստիպված լինեն ազատագրել մեր հողերը»… Նա կամավորների ջոկատ հավաքեց. սկզբում մի քանի հոգի էին, հետո ջոկատը վերածվեց վաշտի, միացան Աշանի, Խնուշինակի, Մաճկալաշենի եւ մի շարք այլ գյուղերի կամավորական ջոկատները: Մարտունու շուրջ հզոր պաշտպանություն ձեւավորվեց, որից թշնամին սարսափում էր: Առավոտյան Մերուժը շտապ տուն էր մտնում, վերցնում գրքերն ու շտապում դպրոց: Որպես երիտասարդ մասնագետի՝ տնօրենն ամեն օր լսում էր նրա դասերը, ու ամեն անգամ գովեստի խոսքեր էր ասում՝ սկզբում անգամ չգիտակցելով, թե Մերուժանը որտեղ է լինում գիշերները: Հետո, երբ իմացավ, խնդրեց, որ Մերուժն իրեն էլ անդամագրի ջոկատին, բայց մերժում ստացավ: «Չեմ կարող, իսկ ո՞վ պիտի դպրոցը ղեկավարի: Դուք շատ մեծ գործ եք անում՝ սերունդ եք կրթում»: Հետագայում երբ դպրոցական պարապմունքները նույնպես տեղափոխվեցին նկուղներ, դպրոցի տնօրենին ընդգրկեց իր գումարտակի կազմում»:

 

1989-ին ծնվեց առաջնեկը՝ Արմինեն: Մերուժանը հազվադեպ էր տանը լինում, բայց եղած ժամանակ դստերը դնում էր ծնկներին ու «Սասնա ծռեր» արտասանում: Փոքրիկ Արմինեն անգիտակցաբար, բայց ուշադիր լսում էր:

 

«Եկավ այն պահը, երբ ՕՄՕՆ-ը ռուսական բանակի հետ խուզարկություններ սկսեց Արցախում՝ զենք գտնելու նպատակով: Շրջանի պաշտպանության համար եղած զենքերը հարկավոր էր թաքցնել: Սկզբում անտառներում էին պահում, հետո էլ մեր տան մի սենյակում: Մերուժն ինձ սովորեցրեց զենքին տիրապետելու կանոնները, եւ  գիշերն իրար հերթափոխելով, ինքնաձիգը ձեռքներիս՝ հսկում էինք սենյակը: Իսկ մինչ այդ՝ ինքնաձիգը գիշերները դնում էի Արմինեի տեղաշորի տակ: Մերուժանն ասում էր. «Գիտե՞ս, ՕՄՕՆ-ներն այնպիսի արարածներ են, որ մեծ-փոքր չեն նայում, կարող են տեղաշորի հետ երեխայի էլ շրջել՝ զենք գտնելու: Այնպես որ՝ եթե տանը մոտենան, պիտի ամեն կերպ պաշտպանվենք: Այստեղ ամբողջ շրջանի պաշտպանության համար եղած-չեղած զենք-զինամթերքն է: Սա շատ մեծ պատասխանատվություն է…»:

 

Մի օր իմացա, որ անդամագրվել է Դաշնակցությանը, կուսակցական գրականություն բերեց տուն: Երբեմն գրքերը տանում էր իր հետ՝ հնարավորության դեպքում կարդալու համար: 1992 թվականի սեպտեմբերի 1-ից ՀՅԴ Կենտրոնական կոմիտեի անդամ էր»:

 

Մերուժանը միաժամանակ զբաղվում էր նաեւ լրագրությամբ: Տեղեկատվական շրջափակման ժամանակ շրջանի գյուղերից իրավիճակի մասին հավաքագրված տեղեկությունները փոխանցում էր Դաշնակցության խողովակով՝ ներկայացնելով արցախյան իրականությունը, թշնամու ոտնձգությունները, հարձակումները: Գենյան հնարավորինս օգնում էր նրան: Նախ՝ ֆաքսով, հետո միայն հեռակապով  փոխանցում էին տեղեկատվությունը:

 

«Հիշում եմ, երբ պիտի ծնվեր ավագ որդիս՝ Հայկը, վիճակը Մարտունիում ծանր էր: Նկուղային կյանքի պայմաններում դժվար չէր կռահել, թե ինչ էր նշանակում երեխա ունենալ, երբ ամուսինդ կռվի դաշտում է, իսկ քեզ շրջապատող մարդիկ պիտի իրենց կյանքը վտանգեն՝ քեզ նկուղային հիվանդանոց տեղափոխելու համար: Մերուժանը որոշեց ինձ ուղարկել Գորիս՝ ծնողներիս մոտ: Մերուժն ու Սերգեյը /Սերգեյ Շահվերդյան/ ինձ ճանապարհում էին: Թռիչքից առաջ հուզվեցի, Սերգեյը ժպտաց ու ասաց՝ մի մտածիր, շուտով վերադառնալու ես ազատագրված Լաչինով: Այդպես էլ եղավ: Մայիսի 17-ին Հայկը լույս աշխարհ եկավ, ժամեր անց՝ 18-ի գիշերը  Լաչինն ազատագրվեց: Առաջին բանը, որ անցավ մտքովս, Սերգեյի խոսքերն էին: Ես գրկեցի երեխային եւ ուրախությունից լաց եղա…Մայիսի 18-ի գիշերը տղերքն ինձ այցի եկան ազատագրված Լաչինով»:

 

Մերուժանին ճանաչողներն ասում են՝ նա ոչ միայն լավ հրամանատար էր, այլեւ՝ հավատարիմ ընկեր: Զոհված ընկերների ընտանիքներին երբեք աչքաթող չէր անում: Ամեն օր այցելում էր որևէ մեկի ընտանիքին, ծանոթանում ընտանիքի հոգսերին, փորձում օգնել, աջակցել հնարավորինս:

 

Իսկ մարտերի ժամանակ շատ անգամ անհավատալի իրավիճակից ընկերներին կարողացել է հանել: Ընկերներից մեկը պատմում էր, որ Մարտակերտում ջոկատով շրջափակման մեջ էին հայտնվել: Դիրքն այնպիսին էր, որ հնարավոր չէր փրկվելու հույս անգամ ունենալ: Բայց Մերուժանի հնարամտության, ռազմական հնարքներին տիրապետելու մեծ ընդունակության շնորհիվ նրանք կարողացան անկորուստ դուրս գալ շրջափակումից: Հաջորդ ընկերը շարունակում է, որ ինքը վիրավորվել էր, եւ Մերուժանին խնդրում էր իրեն թողնել, մնացածներին գոնե հասցնել հանել շրջափակումից: Սակայն Մերուժանը ոչ միայն չի թողնում վիրավոր ընկերոջը՝ մյուսներին փրկելու տրամաբանությամբ, այլեւ անձամբ ինքը վիրավորին շալակած դուրս է հանում տեղանքից, որը բավականին հեռու է լինում:

 

Դողում էր ամեն մի ընկերոջ կյանքի, առողջության համար: Իր սիրելիներին, հարազատներին, մտերիմներին, ընկերներին, բոլորին նվիրված էր անմնացորդ: Համարյա չէր քնում, որ ամեն ինչ հասցներ: Ինչպես ընկերներն են պատմում՝ արդեն գիտեին, որ ամեն գիշեր պահակակետերի իրենց գիշերային այցելուն անպայման Մերուժանն էր… Անընդհատ ստուգում էր իրավիճակը: Ուզում էր վստահ լինել, որ ամեն պահակակետում ամեն ինչ նորմալ է, զինվորները քնած չեն եւ այլն…

 

«Ազատ ժամանակ չէր ունենում, երբ ես կամ ընկերները ինչ-որ բան էինք հարցնում, անընդհատ ասում էր՝ միլիոն գործ ունեմ, միլիո՛ն… Սկզբից չէի հասկանում, հետո արդեն ինձ համար պարզ էր, որ, իրոք, բոլորը նրա խոսքին ու խորհրդին են սպասում, զօր ու գիշեր զբաղված է, պիտի ամեն ինչ ճիշտ ժամանակին անի, մարդիկ նրան ապավինում ու հավատում էին…»,-ասում է կինը եւ հավելում, որ դուստրը՝ Արմինեն, շատ էր կապված հոր հետ: Ամեն օր փախչում էր տնից հորը տեսնելու համար: Ինքը՝ Արմինեն էլ աղոտ հիշողություններ ունի. «Հիշում եմ՝ գումարտակը տեղակայված էր Մարտունու դպրոցում: Ես մայրիկից թաքուն փախչում էի տնից, անցնում ճանապարհն ու թաքուն մտնում դպրոց: Այնտեղ կապավոր կանայք կային, ովքեր սիրով ընդունում էին ինձ: Ես հետաքրքրությամբ հետեւում էին նրանց աշխատանքին, երբեմն հեռակապով ես էլ էի տղերքի հետ ինչ-որ բան թոթովում, ու նրանք աշխուժանում էին: Երբ հայրիկը ներս էր մտնում, թաքնվում էի սեղանի տակ, որպեսզի չբարկանա, որ փախել եմ տնից,- պատմում է Արմինեն: – Նման միջադեպ արդեն եղել էր, երբ գումարտակ վազելու ճանապարհին շունը հետեւիցս էր ընկել, եւ ես՝ 2-3 տարեկան փոքրիկս, թողնելով կոշիկներիցս մեկը՝ լացելով հասել էի գումարտակ»:

 

Մարտունու շրջանի մոտոհրաձգային գումարտակի հրամանատար Մերուժան Մոսիյանի մարտական ուղին բավականին ընդգրկուն է՝ Մարտունի, Քելբաջար, Կուբաթլու, Մարտակերտ, Աղդամ, Ֆիզուլի, Մարզիլի…Մարզիլին եղավ նրա խաչատեղին, քանզի այնտեղ՝ 1993 թվականի օգոստոսի 23-ին, ընկերների՝ Մհեր Ջուլհաճյանի, Արտակ Մնացականյանի, Լևոն Համբարձումյանի և Ռուդիկ Ավագյանի հետ մահաբեր ականի պայթյունից անմահանում են՝ իրենց սրտերում տանելով Արցախի ազատագրման ու Միացյալ Հայաստանի երազանքը…

Այդ օրը լրանում էր Մերուժանի եւ Գենյայի ամուսնության 5-րդ, իսկ Մհերի եւ Կարինի ամունության՝ 1-ին տարին: Նախորդ օրը խոստացել էր, որ մի քիչ շուտ տուն կգան, որ ամուսնության տարեդարձ նշեն…

Մերուժանը չհասցրեց տեսնել կրտսեր որդուն, սակայն գիտեր, որ զավակ պիտի ունենան, եւ հավատացած էր, որ նա հաղթանակի ծնունդ պիտի լինի… Այդպես էլ եղավ: 1994 թվականի մայիսի 14-ին ծնվեց որդին, որին կինը Մերուժան կոչեց: Հոր հաղթական անունն ու հաղթական երազանքը փոխանցվեց որդուն: Ասել է թե՝ հերոսների գործը կտակվեց սերունդներին՝ Մհերներից Մհերներ, Արմեններից Արմեններ, Մերուժաններից Մերուժաններ…

Հերմինե ԱՎԱԳՅԱՆ

1