Դատարանը Պավել Մանուկյանի խափանման միջոցը չի փոխել
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Դատարանը Պավել Մանուկյանի խափանման միջոցը չի փոխել

Դատարանը Պավել Մանուկյանի խափանման միջոցը չի փոխել

Ավարտվել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանի վերաբերյալ գործի վարույթի քննությունը Վերաքննիչ քրեական դատարանում, դատարանը մերժել է պաշտպանության կողմի միջնորդությունը, որով փաստաբանները պահանջում էին փոխել խափանման միջոց կալանքն ու ազատ արձակել: Այս մասին Վերաքննիչ դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասել է Պավել Մանուկյանի պաշտպաններից Հարություն Բաղդասարյանը, հայտնում է Tert.am-ը:

 

Փաստաբանն ասել է, որ դատարանի հիմնավորումը դեռ իրեն չի տրամադրվել, սակայն ենթադրում է, որ այն կլինի ինչպես բոլոր դեպքերում՝ այն է՝ կարող է խուսափել, թաքնվել, այլ արարք կատարել, խոչընդոտել. «Հիմնավորումը, կարծում եմ այդպիսին կլինի, սակայն Պավել Մանուկյանն ի վիճակի չէ փախչելու և այլն, բացի այդ, ինչպե՞ս են պատկերացնում, որ պայքարի դուրս եկած մարդը փախչի»:

 

Անդրադառնալով այն հարցին, թե պաշտպանները շարունակելու են իրավական ընթացքը, Հարություն Բաղդասարյանը պատասխանել է. «Ենթադրում եմ, որ պետք է շարունակվի, որովհետև Հայաստանում պետք է անցնել բոլոր դատական ատյաններով, որպեսզի հնարավորություն լինի Եվրոպական դատարան դիմում ներկայացնել»:

 

Փաստաբանը նաև հայտնել է, որ օգոստոսի 19-ին կեսօրին «Դատապարտյալների հիվանդանոցում» տեղի կունենա Պավել Մանուկյանի վիրահատությունը:

 

Պավլիկ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով, որը սահմանում է շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը և 235-րդ հոդվածով` ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը։ Ըստ մեղադրանքի` մի դեպքում նախատեսվում է 6-12, մյուս դեպքում 3-8 տարվա ազատազրկում:

1