Ի՞նչ փոխզիջումներ, մեզ միայն զիջումներ են պարտադրում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Ի՞նչ փոխզիջումներ, մեզ միայն զիջումներ են պարտադրում

Ի՞նչ փոխզիջումներ, մեզ միայն զիջումներ են պարտադրում

Սանկտպետերբուրգյան հանդիպումից անմիջապես հետո հանրությանը ներկայացվեց կամ, այսպես ասած, «գաղտնազերծվեց» «Կազանյան փաստաթուղթը» կամ «Մադրիդյան նորացված սկզբունքները», ինչից կարելի է մի քանի հետևութուններ անել: Նախ` գրեթե կասկած չկա, որ Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման ժամանակ քննարկվել է հենց այդ տարբերակը, և կարելի է հետևություն անել, որ խնդրի կարգավորման ռուսական կողմի նախաձեռնությունը, այսպես ասած` «Լավրովի պլանը» հենց դա է ենթադրում: Սակայն, ուշադրության է արժանի հենց այն ժամանակահատվածը, թե երբ «գաղտնազերծվեց» վերը նշված փաստաթուղթը, այսինքն` Ռուսաստանի նախաձեռնած հանդիպումից անմիջապես հետո, ինչն ապացուցում է, որ հենց դա է Արցախյան հիմնախնդրի կարգավորման ռուսական տարբերակը:

 

Սակայն էլ ավելի ուշագրավ է այն, թե ինչու հրապարակվեց այդ փաստաթուղթը, ինչու և ով որոշեց դա «գաղտնազերծել»: Առաջին հարցի պատասխանը կարելի է համարել այն, որ «գաղտնազերծելով» «Կազանյան փաստաթուղթը», արտաքին խաղացողները փորձում են շոշափել հայ հանրության տրամադրությունները և՛ Հայաստանում, և՛ Արցախում, ու հասկանալ, թե հասարակությունը որքանով է պատրաստ գնալ զիջումների: Իսկ երկրորդ հարցի պատասխանը միանգամայն չի կարելի տալ, և այն կարող է տարբեր ենթադրությունների տեղիք տալ:

 

Նախ` չպետք է բացառել, որ դա կատարվեց դրսի ուժերի նախաձեռնությամբ, իսկ պատճառը կլասիկ բնույթ է կրում՝ բաց թողել տեղեկատվական արտահոսք` փորձելով նախապատրատել հասարակությանը կատարվող փոփոխություններին և հնարավորինս մեղմ ու սեփական շահերը հնարավորինս քիչ վնասելով հասնել այդ փոփոխություններին: Սակայն չի կարելի բացառել, որ նախաձեռնողը հայաստանյան իշխանություններն էին, սակայն, ի հեճուկս շատերի ենթադրությունների, պատճառը կարող է լինել ոչ թե հասարակությանը նախապատրաստելը զիջումներին, այլ, ընդհակառակը, հասարակության լայն զանգվածներին ներկայացվող և ակամայից հայ հանրության համար անթույլատրելի և անընդունելի այդ փաստաթղթի կետերով փորձում են հանրության միջոցով անընդունելի դարձնել այդ փաստաթուղթը, որպեսզի դրսի ուժերին կարողանան ընդիմանալ, այսինքն` ցույց տալ դրա անընդունելի լինելու հանգամանքը՝ հաշվի առնելով հասարակությունում առկա մեծ դժգոհությունները:

 

Նման իրավիճակներին մենք արդեն ականատես ենք եղել, մասնավորապես` ռուսական զենքի վաճառքի մասով: Իսկ հիմա անցնենք առավել կարևորին՝ նրան, ինչ առաջարկվում է «Կազանյան փաստաթղթով»: Նախ՝ հասկանալի է, որ այն ենթադրում է փուլային կարգավորում, իսկ մենք գիտենք, որ Ադրբեջանի հետ փուլային կարգավորման ոչ մի խնդրում չի կարելի հասնել, քանի որ Ադրբեջանը ցանկացած պահի կարող է ետ կանգնել իր կողմից ստանձնած պարտավորությունների կատարումից: Դա եղել է անցյալում, եղել է և վերջերս՝ ի դեմս Վիեննայում ձեռք բերված պարտավորությունների կատարումից հրաժարվելու: Ուստի, նման տարբերակը մեզ համար ի սկզբանե պետք է անընդունելի լինի:

 

Սակայն, էլ ավելի խորանալով վերը նշված փաստաթղթի և, այսպես ասած, փոխզիջումային մոտեցման մեջ, հասկանում ենք, որ մեզ՝ հայերիս համար ոչ միայն «Կազանյան փաստաթուղթը», այլև նույն «Մադրիդյան սկզբունքները» ու այլ փաստաթղթեր, որոնք ներկայացվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից, ոչ թե փոխզիջումներ են ենթադրում, այլև զիջումներ: Կոպիտ ասած` այդ բոլոր փաստաթղթերում սևով սպիտակի վրա գրված է տարածքներ` Արցախի կարգավիճակի և անվտանգության դիմաց: Ինչ է սա նշանակում:

 

Իրավական տեսանկյունից դիտարկելով այս հարցը, մենք տեսնում ենք, որ այդ փաստաթղթերը մոլորեցնում են մեզ: Նախ՝ ոչ մի տեղ հստակ չի ամրագրվում Արցախի Հանրապետության կարգավիճակը, այսինքն` նրա իրավունքների ճանաչումը միջազգային հանրության կողմից, այլև նախատեսվում է ինչ որ անցումային, անհասկանալի, միջազգային իրավունքից դուրս ինչ որ կարգավիճակներ: Ինչ վերաբերվում է ընդհանրապես տարածքների, այն էլ` շատ ու կարևոր տարածքների փոխանակմանը կարգավիճակի ու անվտանգության դիմաց, ապա սա միանգամայն անընդունելի է մեզ համար, ինչպես նաև միջազգային իրավահարաբերությունների տեսանկյունից աբսուրդային իրավիճակ է ստեղծում:

 

Նախ՝ կարգավիճակի հարցը վաղուց որոշվել է, ընդ որում` ժողովրդի կամարտահայտության միջոցով: Քաղաքական և անձնական իրավունքներն իրականացնելու համար քաղաքակիրթ մարդկությունը դեռևս ոչինչ ավելին չի հնարել, և ասօր խոսել կրկնակի հանրաքվե անցկացնելու մասին, մեղմ ասած` անհասկանալի է: Բացի այդ, եթե պարզ լեզվով խոսենք, ապա մեզ առաջարկում են զիջել մեր ինքնորոշման իրավուքը և դա սակարկության առարկա դարձնում: Այստեղից ակամայից հարց է առաջանում. արդյոք մարդու հիմնարար իրավունքների հիմնաքար հանդիսացող ինքնորոշման իրավունքը կարող է դառնալ սակարկության առարկա, արդյոք այդ իրավունքը կարող է գնահատվել, կարող է փոխարինվել մեկ այլ բանով, արդյոք այդ իրավունքի իրականացման համար պետք է ինչ որ գին վճարել, տվյալ դեպքում` տարածքներ:

 

Ընդ որում, այդ տարածքները Արցախի վերահսկողության տակ են հայտնվել ոչ թե մեր կամքով, այլև Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիայի արդյունքում, որով նա պատասխանեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործմանը: Այդ տարածքները մենք ազատագրեցինք` իրագործելով մեր մեկ այլ հավաքական իրավունքը՝ ինքնապաշտպանության իրավունքը: Արցախի անվտանգության համակարգը, ի տարբերություն մյուս կոնֆլիկտային երկրների, որտեղ անվտանգությունն ապահովվում է միջազգային հանրության ներգրավվածությամբ, մենք սեփական ուժերով արդեն ստեղծել ենք: Այստեղ պետք է նկատել առաջին հայացքից աննկատելի մի բան՝ մեզ առաջարկվող փաստաթղթերում սակարկվում է ոչ միայն արցախի ժողովրդի քաղաքական ու հավաքական իրավունքները, այլև ամենաբնական, ամենահասարակ ու ամենապարզ իրավունքները՝ Արցախում բնակվող յուրաքանչյուրի կյանքի անձեռնմխելիության, արժանապատվության, ազատ ապրելու և այլ անձնական իրավունքները, այսինքն` քաղաքակիրթ լեզվով մեզ ասում են` դուք տվեք տարածքներ, որպեսզի ձեր կյանքին վտանգ չսպառնա և իրավունք ունենաք անվտանգ ու ազատ ապրելու ձեր տներում, ձեր հայրենիքում, ձեր գյուղում ու քաղաքում: Սա ոչ այլ ինչ է, քան շանտաժ, և ավելին` հանցագործություն է՝ սպառնալիք հազարավոր մարդկանց կյանքին: Ի դեպ, ոչ մի խոսք չկա Շահումյանի, Գետաշենի օկուպացման մասին, ոչ մի խոսք չկա Սումգայիթում, Բաքվում, Ադրբեջանի մյուս շրջաններում, Գանձակում, Հյուսիսային Արցախում բնակվող հայության իրավունքների մասին, նրանց վերադարձման, կրած վնասների փոխհատուցման մասին:

 

Փոխարենը խոսվում է միայն ու միայն Արցախի Հանրապետության տարածքից արտագաղթած ադրբեջանցիների վերադարձի և իրավունքների մասին: Ու այս ամենից հետո ենթադրել, որ մենք գնում ենք փոխզիգման, մեղմ ասած` միամտություն է: Այդ փաստաթղթերով մեզ միայն ու միայն առաջարկում են զիջումներ, քանի որ միայն ու միայն մենք ենք զիջում և մեր տարածքները, մեր իրավունքները, մեր պահանջները:

Վահե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱն

1