Մի՛ մոռացեք վարսավիրներին եւ կոշկակարներին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Գաղափարական » Մի՛ մոռացեք վարսավիրներին եւ կոշկակարներին

Մի՛ մոռացեք վարսավիրներին եւ կոշկակարներին

Ո՞վ չի ցանկանում, որ բան փոխվի, անկախ նրանից, թե ինչ մասնագիտությամբ է աշխատում եւ մանավանդ, եթե չի աշխատում: Օրինակ, կոշկակարներն ուզում են, որ ավելի շատ կոշիկ կարեն, վարսավիրներն ուզում են, որ ավելի շատ մազ կտրեն, մայրերն ուզում են, որ իրենց որդիները տուն դառնան՝ սահմանից եւ արտասահմանից, սա հայրերն էլ են ուզում, Պավլիկենք ուզում են, որ նախագահը հրաժարական տա, նախագահն ուզում է, որ Պավլիկենք զենքը վայր դնեն…Այս ամենը կոչվում է՝ փոփոխություն ստեղծված իրավիճակից եւ, հետեւաբար, փոփոխություն բոլորն են ուզում՝ կոշկակարից մինչեւ նախագահ:

 

Այլ հարց է, թե ի՞նչ ենք անում մենք, որպեսզի լինեն այդ փոփոխությունները: Պավլիկենք, օրինակ զենք են վերցրել եւ շենք գրավելով են ուզում ոչ թե հասնել, այլ պարտադրել փոփոխությունը: Ավելին, նրանք ցանկանում են, որ բոլոր կոշկակարները, ովքեր ուզում են ավելի շատ կոշիկ կարեն, միանան իրենց, բոլոր վարսավիրներն, ովքեր ուզում են ավելի շատ մազ կտրեն, միանան իրենց… եւ այդ ժամանակ, նրանց կարծիքով, Սերժ Սարգսյանը հրաժարական կտա, քանի որ երբ ցանկացած երկրում յուրաքանչյուր իշխանության դեմ դուրս են գալիս ոչ թե մի խումբ մարդիկ, այլեւ կոշկակարներն ու վարսավիրները, այդ նախագահը հրաժարական է տալիս, կամ էլ հեռացնում են:

 

Բայց այստեղ մի նրբություն կա: Մեր երկրում կան կոշկակարներ, վարսավիրներ, եւ անգամ դարբիններ ու փականագործներ, որոնց համար կարեւոր չէ, թե ո՞վ է երկրի նախագահը: Նրանք ամեն օր գնում են իրենց արհեստանոց, ամեն օր աշխատում են, երբեմն՝ փող են աշխատում եւ իրենք, ինչպես ասում են, իրենց փողի տերն են: Նրանք վստահ են, որ յուրաքանչյուր նախագահի ժամանակ իրենք էլի կոշիկ են կարելու, ոչ թե օրինակ նախարար են դառնալու, մազ են կտրելու, ոչ թե պատկերասրահի տնօրեն են նշանակվելու եւ այդ պատճառով էլ նրանց համար նշանակություն չունի, թե նախագահի անունն ինչ է: Որքան շատ են երկրում նման մարդիկ, այնքան հնարավոր չէ այդ երկրում հեղափոխություն անել: Բանն այն է, որ այս մարդիկ հեղափոխության գլխավոր խոչընդոտն են, միեւնույն ժամանակ՝ երկրի շարժիչ ուժը: Գուցե այս մարդիկ ընտրությունների ժամանակ գնում են եւ ընտրում ոչ գործող իշխանությանը, որպես կանոն այդպես էլ լինում է, քանի որ մարդիկ միշտ դժգոհ են իշխանություններից, մանավանդ՝ աշխատող մարդիկ: Բայց կարեւորն այն է, որ այս մարդիկ իրենց անձնական, ընտանեկան հաջողություններն ու մանավանդ անհաջողությունները չեն կապում օրվա իշխանության հետ: Նրանք ցանկանում են փոխել այդ իշխանությունը, բայց նրանք ամենաշատը ցանկանում են աշխատել, ու քանի որ նրանք աշխատում են նաեւ օրվա իշխանությունների ժամանակ, ու քանի որ ցանկացած իշխանության ժամանակ էլ կարելի է աշխատել, ապա նրանք հասկանում են, որ իրենց կյանքում գլխավորը ոչ թե օրվա իշխանությունն է, այլ հենց իրենք: Օրինակ, կոշկարարը, երբ տվյալ օրը ունենում է երկու պատվեր, այնինչ նա կարող է օրը 15 պատվեր կատարել, նա ոչ թե բողոքում է իշխանություններից, այլ փորձում է ավելի լավ կարել, որպեսզի ավելի շատ մարդիկ հենց իր մոտ բերեն իրենց կոշիկները: Նույնը վարսավիրները, նրանցից իմաստունները, հրաշալի հասկանում են, որ եթե նրանց մոտ օրը մեկ-երկու հոգի է գալիս մազ կտրելու, դա ոչ թե նրանից է, որ օրվա իշխանությունները վատն են, կամ թույլ չեն տալիս, որ մարդիկ վարսավիրանոց գնան, այլ նրանից է, որ ինքը «բակերը» հավասար չի կտրում, օրինակ: Ապա, քանի որ իմաստուն է, ոչ թե սեփական անհաջողությունների մեջ մեղադրում է իշխանություններին, այլ սովորում է բակերը հավասար կտրել…

 

Այս մարդկանց մենք չե՞նք մոռացել: Իմ կարծիքով՝ մոռացել ենք: Համենայն դեպս, երբ երկրում լարված իրավիճակ է լինում, մի մասը իշխանության հրաժարականն է պահանջում, մի մասն էլ հրաժարական չի տալիս, ես երբ գնում եմ վարսավիրանոց, այնտեղ միշտ աշխատող իմ վարսավիրին եմ տեսնում, ով, չնայած հարցեր է տալիս՝ էս իրավիճակի մասին, իր կարծիքն է հայտնում իշխանությունների մասին, պարտադիր՝ վատ, բայց տղերք, նա այդ ամենն անում է իմ մազերը կտրելով, այսինքն՝ աշխատելով: Նա ոչ թե բռունցքները վեր պարզած, կամ, դատարկ ափերը ցույց տալով, հրապարակում կանգնած է, նա ոչ թե այսպես հրապարակում կանգնածների մասին փիս-փիս ստատուսներ է գրում, նա աշխատում է եւ երբ վերջին անգամ՝ մի քանի օր առաջ ես նրա մոտ մազերս էի կտրում, նա ինձ ասաց, որ այդ օրը ես նրա 20-րդ «գոլդ» հաճախորդն եմ:

 

Մի տեսակ ես սիրում եմ այս մարդկանց, այս հայրենասեր մարդկանց, որոնք ի տարբերություն հեղափոխությունների, միշտ կան. բանն այն է, որ մարդիկ ավելի շատ մազ կտրելու եւ կոշիկի կարիք ունեն, քան հեղափոխության:

 

Հովիկ Աֆյան

1