ՊՊԾ գնդի գրոհի 9-րդ օրը. Իրավիճակը Խորենացի փողոցում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » ՊՊԾ գնդի գրոհի 9-րդ օրը. Իրավիճակը Խորենացի փողոցում

ՊՊԾ գնդի գրոհի 9-րդ օրը. Իրավիճակը Խորենացի փողոցում

Շուրջ 200 ժամ է անցել Երեւանի Խորենացի փողոցում տեղի ունեցած միջադեպից, որտեղ զինված խումբը գրոհով վերցրել է ոստիկանության ՊՊԾ գունդը։

 

Գիշերը Խորենացի փողոցում հանգիստ ու խաղաղ է անցել, այս պահին փողոցի այդ հատվածում քիչ մարդ կա, նրանք արեւածագը դիմավորել են Խորենացի փողոցում։

 

Նախօրեին երեկոյան կրկին մեծ բազմություն է հավաքվել Խորենացի փողոցում. այստեղ տեղի է ունեցել հանրահավաք, որտեղ ելույթ են ունեցել Ալեք Ենիգոմշյանը, դերասանուհի Թամար Հովհաննիսյանը, «Հայազն» կուսակցության անդամ Արմեն Հովհաննիսյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, «Արձագանք» ստուդիայի հիմնադիր Եղիշե Պետրոսյանը, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը։

 

Մինչ այդ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածք մտած զինված խումբը այրել է գնդի ծառայողական մեքենաներից մեկը եւ վառվող մեքենան դուրս բերել փողոց: Ենիգոմշյանը հայտարարել է, որ մեքենան այրելը բողոքի նշան էր, քանի որ զինյալներին զրկել են ուտելիքից, բժշկական օգնությունից, անջատել են գնդի էլեկտրամատակարարումը։ Այդուհանդերձ, ըստ նրա, բանակցությունները շարունակվում են: Բանակցությունները շարունակվելու մասին հայտարարել է նաեւ Վիտալի Բալասանյանը:

 

Հայտնի է դարձել, թե ով է փոխարինելու Արցախի հերոս, ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանին «Սասնա ծռերի» եւ իշխանությունների միջեւ բանակցություններում։  Նախաձեռնող խմբի անդամներից մեկը մեր թղթակցին հայտնել է, թե նոր բանակցողը Սիսիանի «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանն է՝ «Աշոտ Երկաթը»։

 

Երեւանի Խորենացի փողոցից քաղաքացիական հագուստով անձինք քիչ առաջ մի տղամարդու են բերման ենթարկել։ Ալեք Ենիգոմշյանը հայտարարել է, որ բերման ենթարկվածը Տիգրան Ավագյանն է։

 

Նախօրեին Խորենացի փողոցում էր նաեւ Երեւանի փոխոստիկանապետ, գնդապետ Վալերի Օսիպյանը, որը գրեթե յոթ օր անցկացրել էր պատանդի կարգավիճակում։

news.am

 

Նշենք, որ Օսիպյանն ու ՀՀ փոխոստիկանապետ, գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանը վերջին պատանդներն էին, որոնք «Սասնա ծռեր» խումբը ազատ էր արձակել հուլիսի 23-ին։

1