ՊՊԾ գնդի գրոհի 8-րդ օրը. Իրավիճակը Խորենացի փողոցում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » ՊՊԾ գնդի գրոհի 8-րդ օրը. Իրավիճակը Խորենացի փողոցում

ՊՊԾ գնդի գրոհի 8-րդ օրը. Իրավիճակը Խորենացի փողոցում

Շուրջ 170 ժամ է անցել Երեւանի Խորենացի փողոցում տեղի ունեցած միջադեպից, որտեղ զինված խումբը գրոհով վերցրել է ոստիկանության ՊՊԾ գունդը։

 

Գիշերը Խորենացի փողոցում հանգիստ ու խաղաղ է անցել, այս պահին փողոցի այդ հատվածում քիչ մարդ կա, նրանք արեւածագը դիմավորել են Խորենացի փողոցում։ «Նոր Հայաստան» շարժումը գիշերային հերթապահություն է սահմանել, այս գիշեր հերթապահել է «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը։

 

Նախօրեին երեկոյան կրկին Խորենացի փողոցը բազմամարդ էր, որոնք եկել էին իրենց աջակցությունը հայտնելու ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված զինված խմբին: Այստեղ ելույթ են ունեցել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը եւ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեգ Ենիգոմշյանը: Փաշինյանը հայտարարել է, որ գործընթացները կառավարելու բոլոր լիազորությունները զիջում է Ալեգ Ենիգոմշյանին, իսկ ինքն ու իր կուսակիցներն այլեւս չեն լինի հարթակում։

 

Ենիգոմշյանն իր հերթին հայտարարել է, որ ռեժիմը դիմել է կեղծիքի, թե իբր «Սասնա Ծռեր» խումբը որոշել են զենքերը վայր դնել։ Նա նաեւ նշել է, որ ինքը եւս ներկա է եղել Ժիրայր Սեֆիլյանի հետ հանդիպմանը եւ ու Վիտալի Բալասանյանը խեղաթյուրել է նրա խոսքը, թե վերջինս հրաժարվել է Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից։

 

Հիշեցնենք, որ հուլիսի 23-ին «Սասնա ծռեր» խումբը ազատ էր արձակել իրենց մոտ պահվող չորս պատանդներին, այդ թվում՝ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանին, Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին։ Զինված խմբի անդամները նաեւ մամուլի ասուլիս էին տվել, լրագրողների հարցերին պատասխանել էր նաեւ Արցախի ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը, որը վերջին օրերին ակտիվորեն միջնորդական առաքելություն էր իրականացնում։

 

Բալասանյանը, սակայն, այլեւս զրկված է միջնորդական առաքելության հնարավորությունից, Սեֆիլյանի վերաբերյալ նրա հայտարարությունները զայրացրել էին «Սասնա ծռեր» խմբին եւ բողոքի ակցիայի կազմակերպիչներին։

1