ԼՂՀ փոխվարչապետն այցելել է ԱՄՆ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » ԼՂՀ փոխվարչապետն այցելել է ԱՄՆ

ԼՂՀ փոխվարչապետն այցելել է ԱՄՆ

Մեկ տարի առաջ ԼՂՀ Կառավարությունը եւ Հայ օգնության միությունը ծրագրել են Ստեփանակերտի «Սոսե» մանկապարտեզի նորակառույց շենքի շինարարությունը: Այդ ծրագրի շրջանակներում ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, գտնվելով ԱՄՆ-ում, մասնակցել է այնտեղ կազմակերպված մի շարք դրամահավաք միջոցառումների:

 

«2012 թվականից ԼՂՀ փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնելուց հետո ունեցել եմ մի քանի գործուղումներ ԱՄՆ: Խոստովանելու համար ասեմ, որ այդ գործուղումների ընթացքում եղել են նաեւ ճանաչողական այցեր,- «Ապառաժ»-ի հետ զրույցում ասել է Արթուր Աղաբեկյանը,- Ստեփանակերտի «Սոսե» մանկապարտեզի շենքն իր տեսակով բացառիկ է լինելու ԼՂՀ տարածքում, գո՞ւցե նաեւ ՀՀ՝ տարածքում, եւ այդ ծրագիրը մոտ 1 միլիոն դոլարից ավելի ծրագիր է, որը պետք է կյանքի կոչվի 2016 թ. եւ 2017 թ. առաջին կիսամյակի ընթացքում»:

 

Աշխարհի 25 երկրներում գործող ՀՕՄ-ի կառույցները եւ Կենտրոնական վարչությունը կազմակերպում են տարբեր դրամահավաք միջոցառումներ, որոնց շնորհիվ այսօր ընթանում են մանկապարտեզի շինարարական աշխատանքները:

 

«ԱՄՆ Արեւմտյան շրջանի ՀՕՄ-ի կառույցի նախաձեռնությամբ Գլենդել քաղաքում կազմակերպվել է մեծ դրամահավաք միջոցառում, որի շրջանակներում ԱՄՆ Արեւմտյան շրջանը պետք է իր խոստացած գումարի չափը տրամադրի ՀՕՄ-ի Կենտրոնական վարչությանը՝ մանկապարտեզի շինանարությունը կազմակերպելու նպատակով»,- նշել է Ա.Աղաբեկյանը:

 

Ծրագրի շրջանակներում կազմակերպված միջոցառումների ժամանակ Ա.Աղաբեկյանը մոտ 700 հոմուհինների, ՀՕՄ-ին սատար անձանց եւ կազմակերպություններին ներկայացրել է Արցախում տիրող սոցիալական վիճակը, ապրիլյան քառօրյա պատերազմական գործողություններից հետո վերականգնողական շրջանը, խոսել՝ Ստեփանակերտի «Սոսե» մանկապարտեզի շինարարության ծրագրի կարեւորության մասին:

 

«Հավաստիացնում եմ, որ ծրագիրը հաջողությամբ է պսակվելու: Ես խոսել եմ Արեւմտյան շրջանի կառույցի ՀՕՄ-ուհիների հետ եւ ուրախությամբ կարող եմ տեղեկացնել, որ արդեն ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ գույքի եւ խաղահրապարակների մասով եւ խոստացված ժամանակաշրջանում՝ 2017 թվականի առաջին կիսամյակում մենք ամբողջությամբ պետք է ավարտենք շինարարությունը»,- ասել է փոխվարչապետը:

 

Ա.Աղաբեկյանի խոսքով՝ ծրագիրն ընթանում է սահմանված ժամանակացույցին համապատասխան, եւ ակնկալվում է, որ «Սոսե» մանկապարտեզի սաները 2017թ. սեպտեմբերից կհաճախեն նորակառույց մանկապարտեզ:

 

«Ակնկալում ենք, որ ՀՕՄ-ի բոլոր կառույցներն իրենց խոստացած գումարները ժամանակին տրամադրելու են ՀՕՄ-ի Կենտրոնական վարչությանը, որպեսզի հնարավոր լինի ծրագիրն ավարտել ժամանակին»,- շեշտել է նա:

 

Այցի շրջանակներում Արթուր Աղաբեկյանը հանդիպել է նաեւ Արցախի բարեկամներ- բարերարների հետ, ովքեր տասնյակ տարիներ իրենց ներդրումներն են բերում Արցախի զարգացմանը:

 

Հերոս եւ Անահիտ Քաջբերուներին եւ Ժանեթ Միրզայանին Ա.Աղաբեկյանը հանձնել է «ԼՂՀ վարչապետի երախտագիտության հուշամեդալ»: Առանձին անհատների հետ քննարկել է նաեւ հետագա համագործակցության մի շարք ծրագրեր:

 

«Օգտվելով առիթից՝ ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել մեզ աջակից բոլոր այն հայրենակիցներին, ովքեր ոչ միայն հիմա, այլ ընդհանրապես իրենց ապրած կյանքով են ապացուցում, որ իրենք ընդմիշտ մնալու են ԼՂՀ բարեկամներն ու աջակիցները: Իմ անձնական շնորհակալությունն եմ ուզում հայտնել հատկապես Ժասմեն Բունիաթյանին»,- հավելել է Ա.Աղաբեկյանը:

 

«Ուզում եմ շեշտել, որ այս ծրագրից անմասն չի մնացել եւ չի մնալու նաեւ ԼՂՀ Կառավարությունը: Այն իր մասնակցությունն է բերելու թե՛ գումարի, թե՛ աշխատանքների կազմակերպման մասով՝ մինչեւ գործը ավարտին հասցնելը»,- եզրափակել է փոխվարչապետը:

 

Հիշեցնենք, որ Ստեփանակերտի «Սոսե» մանկապարտեզի նորակառույց շենքի նախագծման պատվիրատուներն են ԼՂՀ Կառավարությունը եւ ԼՂՀ քաղաքաշինության նախարարությունը:

 

Զրույցը՝ Լուսինե Թեւոսյանի

1