Այսպես էլ ապրում ենք
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » «Ապառաժ»-ի խմբագրական » Այսպես էլ ապրում ենք

Այսպես էլ ապրում ենք

Ասել է թե` յուրաքանչյուր նոր պատերազմ հիմնականում ծագում է նախորդի ժամանակ թույլ տված թերություններից կամ նախորդից հետո ստեղծված անթույլատրելի իրավիճակներից: Այդ իրավիճակները լինում են տարբեր՝ երկրի ներսում հետպատերազմական տարբեր զարգացումների, իշխանությունների եւ հասարակական շրջանակների ճիշտ կամ սխալ գործունեության հետ կապված: Հաճախ պատերազմից հետո այդ շրջանակները կամ դրանցից որևէ մեկը մատնվում են թմբիրի, եւ հոգնածությունն ու ձանձրույթը ստեղծում են այնպիսի իրավիճակ, որը հնարավոր է կոչել մեկ բառով՝ անտարբերություն: Ոմանք այն այդպես չեն կոչում, այլ անվանում են բնականոն կյանքին վերադառնալու վիճակ, չէ՞ որ մարդիկ պետք է ձերբազատվեն պատերազմի սթրեսից եւ նորմալ կյանքի անցնեն: Հարց է՝ ով ինչպես է հասկանում բնականոն կյանք ասվածը եւ ով ինչ գործողությամբ է զբաղվում այդ բնականոն կյանքի ընթացքում: Սա է ստեղծում իրավիճակներ, որոնք կամ տանում են դեպի առաջխաղացում, դեպի ձեռքբերումներ, կամ էլ հակառակը՝ դեպի անկում, իսկ անկումներից շատ հաճախ դժվար է լինում բարձրանալը, հատկապես եթե թիկունքիդ ունենում ես ուժեղ հակառակորդ, ով հետեւում ու տեսնում է քո ամեն մի քայլը՝ պատրաստ հարմար պահի հարվածելու մեջքից:

 

Շատ հաճախ պատերազմից հետո  թմբիրի մատնված հասարակությունը իր շուրջը կատարվող բազմապիսի արատավոր երևույթները չի նկատում կամ էլ աչք է փակում այս կամ այն իշխանավորի, զինվորականի կամ որևէ մեկի անընդունելի քայլերի վրա՝ առաջնորդվելով` «մեկ է` ոչինչ չի փոխվի» կարգախոսով: Շատերին հետաքրքրում են սոսկ իրենց ու մաքսիմում իրենց հարևանի սոցիալական խնդիրները, իսկ թե իրենց համար կարևոր որոշումները ո՞ր փակ դռների հետեւում են կայացվում, ի՞նչ պայմաններում, քչերին է հետաքրքրում: Այսպիսի կեցվածքը թույլ է տալիս թե՛ երկրի իշխանություններին, թե՛ այդ երկրի զարգացումերին հետեւող միջազգային հանրությանը` չընկալել տվյալ հասրակությանը որպես գործոն, հետեւաբար եւ՝ հաշվետու չլիներ նրա առաջ, որովհետեւ գիտեն, թե մինչեւ որտեղ է հասնում այդ հասարակության հետաքրքրվածության սահմանը եւ որքան կարող է տեւել նրա հետեւողականությունը:

 

Բոլորը սիրում են խոսել, ոմանք իրենց բակում կամ աշխատավայրում քննադատում են, վերլուծություններ անում, բայց բոլորը սպասում են, որ ինչ-որ մեկը ինչ-որ պահի պիտի իրենց համախմբի, գործի մղի, թեկուզ՝ ըմբոստության: Թե դա ով կլինի կամ երբ կլինի` չգիտեն, միայն գիտեն, որ մեկը պիտի դա անի, պարտավոր է անել ու չի անում: Հետո այս ամենին հետեւում է ձանձրույթը, իսկ ոմանք ասում են. «Այստեղ ապրելու տեղ չէ, լավ է գնամ, գլխիս ճարը տեսնեմ»: Այսպես շատանում են ռուսաստաններում ու ամերիկաներում դեգերողները, որովհետեւ կարևորը, որ իրենց գլխի ճարը տեսնեն, թե չէ իրենց մասին իրենցից բացի մտածող չկա…Իսկ հետո՞ …Հետո` աշխարհը մեծ է. ի՞նչ գիտես` վաղը ինչ կլինի: Իսկ եթե, Աստված մի արասցե, հանկարծ պատերազմ լինի, մեղավոր են երկրում մնացողները եւ այդ մնացողների վրա իշխող ղեկավարությունը, իսկ իրենք…Իրենք` հնարավորության սահմաններում իրենց «գլխի ճարը տեսածները», չեն թողնի, որ իրենց բարեկամներն ու հարազատները մնան պատերազմի ճիրանում. փող կուղարկեն, կկանչեն արտասահման ու կմտածեն՝ ու՞մ համար են մնում, ու՞մ համար են կռվում, եթե երկրի այս կամ այն պաշտոնյան իր որդուն արդեն փախցրել է երկրից եւ  պատերազմի ընթացքն ու լուծումն էլ վերեւների ձեռքում է, գուցեեւ՝ արդեն պայմանավորված…Ռուսաստաններում հայտնված շատերն էլ մի՞գուցե հուզվեն, խնամի-բարեկամներով հավաքվեն, գումար հայթայթեն, օգտակար լինեն հայրենիքին, որպեսզի հետո իրենց զավակներին ասեն՝ մենք մեր հոգու պարտքը կատարեցինք, դուք էլ նույնը կանեք, եթե պատերազմ լինի…

 

 Եւ այսպես էլ ապրում ենք…

«Ապառաժ»-ի խմբագրական, 1 հուլիս, 2016թ.

1