Թալիշ. անորոշ ապագա. մեղավորներն էլ ես ու դո՞ւ...
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Քաղաքական » Թալիշ. անորոշ ապագա. մեղավորներն էլ ես ու դո՞ւ...

Թալիշ. անորոշ ապագա. մեղավորներն էլ ես ու դո՞ւ…

Թալիշ չհասած` մեքենայի անիվը պայթում է։ Գյուղ ոտքով ենք բարձրանում, վարորդը հետ է դառնում` օգնություն կանչելու։

 

Անիվը պատահական չէ փչացել. 130 ընտանիք ունեցող Թալիշն այս օրերին  դատարկ է.  մեքենայի ձայնը կխախտեր գյուղում թագավորող լռությունը:

 

DSC_0163

 

Դժվար է եւ անսովոր տեսնել Թալիշն այդպիսին: Թալիշ առաջին անգամ այցելել էի Ամանորի նախաշեմին: Անբացատրելի հպարտություն էի զգացել այդ մարդկանց համար, որովհետեւ նրանց ականջներում ամեն օր նույն ձայնն էր՝ պատերազմի ձայնը, որին կես վախով ու կես ցավով, բայց նաեւ արհամարհանքով էին վերաբերում: Դա էր ապացուցում այն, որ բոլոր տներում, դպրոցում, մանկապարտեզում տոնածառեր էին եւ նախատոնական տրամադրություն: Միաժամանակ, նաեւ մի անբացատրելի փայլ կար նրանց աչքերում, հատկապես՝ երեխաների, ինչպիսին լինում է հուսառատ ու սպասող հայացքներում: Հույս, որ գալիք տարի գուցե լռեն կրակոցները եւ իրենցից քիչ հեռու՝ սահմանին կանգնած զինվորի կյանքն այլեւս վտանգված չլինի: Խաղաղության հույսն էր, որ  տեսա բոլորի աչքերում․․․

 

DSC_0102

 

DSC_0080

 

DSC_00523 (1)

 

Հեռվում երեւում է մանկապարտեզի կլոր-քառակուսի շենքը։ Այն ժամանակ գրել էի մանկապարտեզի խնդիրների մասին՝ երեխաների թիվը մեծ էր, իսկ խաղասենյակն ու ննջասենյակը՝ փոքր, խաղալիքները հին էին, մաշված, ջուր չկար, պահեստային սենյակ չկար։ Այդ առեղծվածային շինությունն ուներ միայն մեկ առավելություն՝ մանկապարտեզ էին հաճախում 25 երեխա, 9 աշխատող, երկու բառով ասած՝   կյանք կար․․․/Նյութի հղումն այստեղ/

 

Շենքի 2-3 աստիճաններով բարձրանալը դժվար է։ Կանգնում եմ մուտքում․ տեսարանը ծանր է։ Կլոր-քառակուսի շենքն ուներ մի մուտք, հիմա՝ ռմբակոծության արդյունքում, շենքի գրեթե բոլոր կողմերից հնարավոր է մտնել մանկապարտեզ․․․ Ամեն ինչ տակնուվրա է, ակամայից ուզում եմ ետ իրենց տեղը կախել դարակները, շարել այստեղ-այնտեղ թափված խաղալիքները, կպցնել պատից պոկվող պաստառները, տետրերն ու գունավոր մատիտները դնել տեղը․․․Պատերազմը ներխուժեց այստեղ ու, թվում է, տեր դարձավ: Բայց մի բան կա պատերազմից ուժեղ. դա իրերն են, որոնք հուշում են նրանց իսկական տերերի  մասին․․․Ոչ ոք չի կարող այդ տերերից խլել իրենց իրերը՝ իրենց մանկությունը․ նրանք պիտի հետ գան. հետ են գալու, եթե․․․

 

DSC_0387

 

DSC_0442

 

DSC_0426

 

DSC_0395

 

 

Մանկապարտեզին հաջորդող շենքը գյուղի հարսանյանց սրահն է։ Բնակիչներից շատերի հարսանիքներն ու ուրախություններն այստեղ են անցել: Հիմա սրահից գրեթե ոչինչ չի մնացել։ Առաստաղը ամողջությամբ ավերվել է՝ ջարդելով բոլոր սեղան-աթոռները։ Չգիտեմ՝ հաջորդ անգամ ե՞րբ այս սրահից կհնչի ուրախության մեղեդի։

 

 

DSC_0463

 

Արեւը շողում է։ Քայլում եմ դեպի գյուղի վերեւի հատվածը, որտեղ դպրոցն է՝ գյուղի ամենավտանգավոր հատվածը։

 

Դեկտեմբերին, երբ եկա, Թալիշի դպրոցի տնօրեն Տանյա Միժունցը կես-կատակ, կես-լուրջ ասաց, որ քանի սահմանը հանգիստ է՝ աշխատում են արագ փակել աշակերտների քառորդները․․․ Այս անգամ դպրոցի տնօրենը չհասցրեց փակել քառորդները․․․Հիմա դպրոցից  անզեն աչքով կարելի է տեսնել թշնամու դիրքերը:  Չէ՛, դրանք  նրանցը չէին, մերն էին, ապրիլին գրավեցին, այդ պատճառով դպրոցում վերջին զանգ չի հնչել: Այս տարի Թալիշի ավարտական դասարանի աշակերտների վերջին զանգը հնչել է այստեղ-այնտեղ․․․

 

DSC_0647

 

 

Դպրոցի պատից կախված է առաջադիմություն ցուցաբերած երեխաների լուսանկարները: Լուսանկարներում պատկերված երեխաների մեջ փնտրում եմ ծանոթ հայացք, փորձում եմ վերհիշել Նոր տարվա հանդեսը: Այստեղ տոնածառն էր, որի շուրջ բոլորը հավաքվել էին, բոլորը՝ սիրուն շորերով, ուրախ, բոլորը՝ հրաշքի սպասումով: Այդ օրը շատ զարմացա. երեխաներից շատերը, ցավոք,  չէին հավատում Ձմեռ պապիկին և ամանորյա հրաշքին: Սակայն բոլորի շուրթերից հնչում էր միայն մեկ ցանկություն՝ խաղաղությո՛ւն․․․

 

 

«Ձմեռ պապիկից, մի քանի տարի է, խնդրում եմ, որ երազանքս իրականություն դարձնի: Ուզածս խաղաղություն է, ինձ ուրիշ ոչ մի բան պետք չէ: Բայց երևի խաղաղությունը շատ թանկ գին ունի, և եթե Ձմեռ պապիկն ամենակարող լիներ՝ այն կբերեր…»,- այս խոսքերն է ասել 5-րդ դասարանում սովորող Անին։

 

Այսօր Ստեփանակերտի հյուրանոցներում ապաստանած փոքրիկների ոչ փոքրիկ երազանքները չեն փոխվել։

 

7-ամյա Գոռի հետ ծանոթացել էի Նոր տարվա հանդեսի ժամանակ: Այն ժամանակ` հարցիս, թե ի՞նչ է ուզում, որ Ձմեռ պապիկը բերի, նա պատասխանել էր, որ ավտոմատ է ուզում, որպեսզի` եթե թուրքերը գան, պաշտպանվի։  Այսօր Գոռի երազանքը նույնն է՝ նա  հպարտ-հպարտ կեցվածքով ավտոմատ է ուզում, բայց այս անգամ ոչ թե թուրքին պատասխան կրակ բացելու, այլ՝ մեր դիրքերն ու Թալիշը՝ իր տունը, իր մանկությունը հետ վերադարձնելու, որովհետեւ` քանի դեռ այդ դիրքերը  թշնամու ձեռքին են, Գոռն ու իր ընկերները չեն կարողանալու վերադառնալ իրենց գյուղը, իրենց տունը, իրենց դպրոցը․․․/Ախր ի՞նչու չեմ տեսանկարել հանդեսը, ինչո՞ւ բոլորին մեկ առ մեկ չեմ նկարել, ինչո՞ւ այն ժամանակ ավելի շատ չմնացի այդ դպրոցում/:

 

Գոռ

 

DSC_0818

 

Երկրորդ հարկ բարձրանալ չեմ կարողանում. ցավը խորն էր, տեսածս՝ չափազանց շատ․․․

 

Ակամայից զայրանում եմ՝ հիշելով, որ այսօր կան մարդիկ, ովքեր խոսում են Թալիշի՝ գրավյալ  դիրքերի <<ոչ ստրատեգիական>> լինելու մասին։ Դե, ուրեմն` եթե այդ դիրքերը ոչ ստրատեգիական են, վերցրեք ձեր ընտանիքները եւ տեղափոխվեք Թալիշ՝ զիջելով ձեր «տնակները» Թալիշից տեղահանվածներին /ընդվզում եմ ինքս ինձ ու շրջապատող լռության հետ/ …

 

Մտքերս կտրվում են, երբ դպրոցից հետդարձի ճանապարհին  պատահական տեսնում եմ ճամփեզրի պատի վրա դրված ցեխոտ մի տիկնիկ: Տիկնիկն այնպիսի տեղում էր, որտեղից երեւում էր գրեթե ամբողջ Թալիշը։ Կարծես թալիշցիները գնացել եւ գյուղը վստահել էին այս տիկնիկին..Ինչպե՞ս  է այն հայտնվել այստեղ, ո՞վ է այն դրել պատին, գո՞ւցե գիշերը գյուղից փախչելուց է ընկել փոքրիկ աղջնակի ձեռքից, իսկ հետո զինվորները վերցրել  եւ դրել են այստեղ։ Ես չգիտեմ տիկնիկի այնտեղ հայտնվելու պատմությունը, բայց ներքուստ ուզում եմ, որ նրա ու նրա տիրոջ պատմությունը լավ ավարտ ունենա: Դրա համար տիկնիկը վերցնում եմ։ Գլխումս միտք է ծագում՝ գտնել այդ աղջնակին, ում պատկանում է այս խաղալիքը. չէ՞ որ տիկնիկը նրա մանկությունն է: Գո՞ւցե նրան գտնելով` կկարողանամ տիկնիկի հետ վերադարձնել նրա մանկության մի խլված մասնիկը․․․Երանի՜ կարողանայի մանկություններ վերադարձնել․․․

 

DSC_0174

 

 

Դիմացի դարպասի վրա գունավոր կավիճներով նկարած պատկերներն ու գրվածքները հուշում են, որ տանը ապրում էին մանուկներ, իսկ ռմբակոծության հետեւանքով դարպասի վրա առաջացած ծակերը՝ որ մարդիկ ստիպված են հեռացել: Մտնում եմ՝ առանց դուռը ծեծելու։ Զարմանքս ու ուրախությունս չափ չի ունենում, երբ ինձ դիմավորելու է գալիս տանտերը՝  զարմացած, ուրախացած:

 

«Մեր տանը շուտվանից հյուրեր չենք ընդունել, համեցեք»,-  ասում է եւ անմիջապես առաջարկում օգտվել այգու բարիքներից։ Հետո վառում է ծխախոտը եւ պատմում ապրիլին տեղի ունեցած դեպքերի մասին։ Պարզվում է՝ տունն ամենաշատ տուժածներից է։ Տան մեջ մի քանի արկ է ընկել: Մեկն ընկել է մի քանի ամսական երեխայի անկողինը։ Ընտանիքի հայրը դժվարությամբ է զսպում արցունքները։

 

DSC_0207

 

DSC_0215.NEF

 

DSC_0223

 

Կինն ու երեխաները ապաստան են գտել Ստեփանակերտի հյուրանոցներից մեկում։ Հարցին, թե ինչո՞ւ է դեռ գյուղում, պատասխանում է, որ թեկուզ ավերված, բայց տունն անտեր թողնել չի կարող: «Համ էլ թութը հասել է, իսկական օղի քաշելու ժամանակն է»,- ասում է։ Առաջարկում եմ թութ տանել ընտանիքի համար։ Առաջարկըս սիրով ընդունում է: «Կինս ու երեխաներս այս տարի չեն կերել այս թթից»,- հուզմունքն ու ուրախությունը հազիվ զսպելով՝ ասում է նա։

 

DSC_0576

 

Նրան հրաժեշտ եմ տալիս, մաղթում խաղաղություն։ Վարորդն էլ այդ ընթացքում սարքել էր անիվը: Ուզում էինք արդեն շարժվել, երբ լսվեցին երեխաների ձայներ. գնացի ձայների ուղղությամբ։ Պարզվում է՝ Թալիշն էլի բնակիչներ ունի։ Ապրիլի սկզբից սկսած՝ Թալիշի բնակչուհի Ասյա Հայրապետյանը չորս երեխաների հետ մնացել է հայրական տանը՝ Քարվաճառի Կարաչինար գյուղում։ Այսօր երեխաների հետ տեղափոխվել է գյուղ՝ ամուսնու մոտ, ով ծառայում է Թալիշում։

 

DSC_0485

 

Նրանց տունը մնացել է չեզոք գոտում, որտեղ բնակվելը վտանգավոր է. այդ պատճառով ընտանիքը հիմա ապրում է գյուղացիներից մեկի տանը։

 

«Ցերեկները մեկ-մեկ գնում եւ պետք եղած իրերը բերում ենք այստեղ, մինչեւ տեսնենք՝ ինչ ենք անելու,- ասում է Ասյա Հայրապետյանը,- երկու ամիս ամուսնուս չեմ տեսել, էլ հնարավոր չէր այնտեղ մնալ։ Մինչեւ ուսումնական տարվա սկիզբ այստեղ ենք մնալու, հետո՝ չգիտեմ։ Եթե սեպտեմբերին հնարավոր լիներ, որ երեխաներս այստեղ դպրոց գնային, գյուղը չէի լքի, բայց միայն իմ քմահաճույքի պատճառով ճիշտ չի լինի մնալ այստեղ, նրանց համար ես պիտի տեղափոխվեմ այնտեղ, որտեղ նրանք կկարողանան նորմալ դասի հաճախել»։

 

Ասյայի խոսքերով՝ պետք է տեղափոխվեն Ճարտար՝ ամուսնու հայրական գյուղը:

 

Երեխաներն անհոգ խաղում են իրար հետ, շների հետ; «Մենք ոչ մի բանից չենք վախենում»,- ասում են  տղաները։

 

DSC_0490

 

Ինչպես Հայրապետյանների, այնպես էլ  մյուս թալիշցիների ընտանիքների ճակատագրերը դեռ անորոշ են։ Ի՞նչ է լինելու նրանց ապագան։ Ո՞վ է պատասախանտու այս ամենի համար։ Ո՞վ է գողացել այս երեխաների մանկությունը․․․Այս հարցերն են գլխումս, ականջներումս՝ մեքենայի շարժիչի ձայնը:

 

Արդյո՞ք մեղավորները նաեւ ես ու դու չենք, ընթերցո՛ղ, արդյո՞ք ապրիլյան պատերազմի պատասխանատվությունը նաեւ իմ ու քո ուսերի վրա չէ ծանրացած։ Արդյո՞ք ես ու դու չգիտեինք մեր բանակում, մեր շրջապատում տիրող վիճակի մասին, արդյո՞ք ես ու դու չենք մեր եղբայրներին, մեր հայրերին ճանապարհել կես մետրանոց խրամատներ։ Արդյո՞ք ես ու դու չգիտեինք, որ մեր զինվորները կիսասոված են առաջնագիծ պահում, որ զինվորական կոշիկները մինչեւ ոսկոր վերքեր են առաջացնում, մի՞թե մենք չգիտեինք, որ․․․

 

Ապրիլյան պատերազմի ամենամեծ դասը ես ու դու ենք ստացել, ընթերցո՛ղ: Ամեն ինչ պետք է փոխվի, բայց առաջին հերթին պետք է փոխվենք ԵՍ ՈՒ ԴՈՒ․․․

 

Լուսինե Թեւոսյան

1