ՀՅԴ պատգամավորները հանդես են եկել մի շարք հարցադրումներով
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Քաղաքական » ՀՅԴ պատգամավորները հանդես են եկել մի շարք հարցադրումներով

ՀՅԴ պատգամավորները հանդես են եկել մի շարք հարցադրումներով

Հունիսի 30-ին 6-րդ գումարման Ազգային ժողովի 3-րդ նստաշրջանի եզրափակիչ լիագումար նիստին հաջորդեց օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգը:

 

ԼՂՀ ԱԺ << Դաշնակցություն>> խմբակցության անդամ Ալյոշա Գաբրիելյանը գործադիրի ղեկավարին հարցրեց ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին կառավարության կողմից ստեղծված օպերատիվ շտաբի մասին. արդյոք այն հիմա գործո՞ւմ է եւ ի՞նչ աշխատանքներ է կատարում:

 

ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, պատասխանելով պատգամավորի հարցին, նշեց, որ ներկայումս շտաբը գործում է ոչ ամենօրյա  օրակարգով՝  ինչպես ապրիլյան օրերին, քանի որ դրա անհրաժեշտությունը չկա: Սակայն այն իրականացնում է եւ դեռ պետք է իրականացնի մի շարք աշխատանքներ, ինչպես նաեւ՝ ԼՂՀ ՊԲ հետ համատեղ:

 

<<Տարբեր կարծիքներ կան գումարների նպատակային օգտագործման մասին: Մինչեւ հուլիսի 10-ը  կառավարությունը փակ հաշվետվություն կներկայացնի հանրությանը: ԼՂՀ ԱԺ-ին այն կներկայացվի  խորհրդակցության ձեւով:  Մանրամասն հնարավոր չէ ներկայացնել՝ ռազմական անվտանգության հարցերից ելնելով, սակայն ԼՂՀ ԱԺ-ին կներկայացնենք վստահության մթնոլորտ ստեղծելու համար>>,- նշեց վարչապետը:

ԼՂՀ ԱԺ <<Դաշնակցություն>> խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը օրենսդիր եւ գործադիր իշխանությունների միջեւ աշխատանքային փոխհարաբերությունների եւ ավելի մեծ վստահության եւ հարգանքի մթնոլորտ ձեւովորելու անհարժեշտությանն ուղղված հարց հնչեցրեց:

 

 << Դաշնակցություն>> խմբակցության մեկ այլ անդամ՝ Լեռնիկ Հովհաննիսյանը,  ԼՂՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանին հարց ուղղեց   Սոցիալական աջակցության հիմնադրամի 2015 թվականի գործունեության վերաբերյալ:

 

 Նախարարի խոսքերով՝ Սոցիալական աջակցության հիմնադրամը գործում է 2015 հուլիսի 1-ից եւ իրականացնում է մի շարք ծրագրեր՝ մասնավորապես գյուղաբնակ երիտասարդ ընտանիքներին աջակցություն տրամադրելու  ծրագիրը, որից 2015 թվականին օգտվել են 44 ընտանիքներ, 2016-ին՝ 14-ը, եւ ծրագիրը դեռ շարունակվում է: Իրագործվում է նաեւ հիպոթեքային վարկերի սուբսիդավորման ծրագիր՝ տարբեր կարգավիճակներ ունեցող քաղաքացիների համար: Հիմնադրամի  մանրամասն գործունեթյունը նախարարը խոստացավ գրավոր ներկայացնել պատգամավորին:

 

Թե ի՞նչ արդյունքներ է տվել անցյալ տարի ԼՂՀ կառավարության կողմից նախաձեռնած լավարկման գործընթացը, ի՞նչ գումարների եւ հաշվարկներ մասին է խոսքը, հարց ուղղեց ՀՅԴ պատգամավոր Գեորգի Պետրոսյանը: Ի պատասխան՝ ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը պատասխանեց, որ ԼՂՀ կառավարությունը հաստիքների քանակի կրճատման մասին թվեր է ներկայացրել  2015 թվականի բյուջեի տնտեսումների մասում, ինչ վերաբերում է 2016 թվականի տնտեսումներին, ապա պատրաստվում են 6 ամսվա արդյունքներն ամփոփելուց հետո բյուջեի փոփոխություն ներկայացնել ԼՂՀ ԱԺ:

 

Պատասխանելով ԼՂՀ ԱԺ փոխնախագահ, << Դաշնակություն>> խմբակցության անդամ Վահրամ Բալայանի մտահոգությանը հացահատիկի գների անկման մասին՝ վարչապետը նշեց.

 

<<Մենք բազմիցս հեռուստատեսությամբ եւ անհատական հանդիպումների միջոցով բացատրել ենք քաղաքացիներին, թե ինչպիսի քաղաքականություն ենք իրականցնում 2016 թվականի բերքահավաքը պատշաճ կերպով իրականացնելու եւ գնագոյացումը կառավարելու համար: Բերքահավաքը ընթանում է պատշաճ մակարդակով, ինչ վերաբերում է գներին՝ մենք շարունակելու ենք անցած տարվա  քաղաքականությունը՝  մթերելով անհամեմատ ավելի բարձր գներով, քան ՀՀ-ում>>:

1