Անհայտ ճակատագրեր՝ մեկ հարկի տակ...
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Անհայտ ճակատագրեր՝ մեկ հարկի տակ...

Անհայտ ճակատագրեր՝ մեկ հարկի տակ…

Երկրորդ հարկ տանող մաքրամաքուր աստիճաններով (չգիտեմ՝ երկյուղա՞ծ ասեմ, թե՞ վախվորած) կամացուկ բարձրանում ես ու հայացքդ ակամայից կանգ է առնում աջակողմյա պատին յուղաներկով գրված բառերի վրա. «Հունիսի 29. ԼՂՀ և ՀՀ Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օր»:

 

Ու հենց միայն այս տողերը շատ բան են ասում, սրտեր հուզում…

 

Հիրավի, այցելուները շատ են հուզվում, երբ ոտք են դնում այստեղ, այս սրբատեղին՝ ԼՂՀ Անհայտ կորած ազատամարտիկների հուշաթանգարան: Ուշի-ուշով դիտում են հավերժի ճամփան բռնած խիզախ տղաների անձնական իրերը, ինքնաշեն զենքերը, զգուշորեն բացում ալբոմները, նորից ու նորից նայում պատի երկայնքով փակցված, հուշ ու հիշատակ դարձած լուսանկարները ու ակամայից անիծում թուրքին, որ այնքան արյուն հեղեց Արցախում, այնքա՜ն երազներ թողեց անավարտ, այնքա՜ն ժպիտներ խլեց, այնքա՜ն լույսեր մարեց մեր օջախներում: Փոքր-ինչ սփոփվում, մխիթարվում են, որ այսօր Արցախում է՛լ թուրք չի ապրում. մի ազգ, որի մասին անասելի վրդովմունքով, ատելությամբ են խոսել մեծերից շատ շատերը՝ Շեքսպիրը, Ստենդալը, Դոստոևսկին, Չեխովը, Բալզակը, Գոգոլը, Թումանյանը:

 

Մեջբերենք նրանցից մեկի՝ Շեքսպիրի խոսքը. «Գլոստեր, ի՞նչ է, չլինի՞ մեզ թուրք ես կարծում կամ անհավատ: Ինչպե՞ս կարող էինք մենք առանց դատի այս չարագործի գլուխը կտրել…

 

Ահա մի ուրիշ մեջբերում («Օթելլո»).

 

— Յագո՛, ճիշտ է, թուրք դառնամ, թե սուտ եմ ասում:

 

Ո՞ր մեկը նշեմ, որը՞ մեջբերեմ:

 

Կամ՝ մի՞թե անհայտ կորածների խոսուն հայացքները քիչ բան են ասում: Միթե՞ հուշաթանգարանի անթիվ անհամար ցուցանմուշները, Գոյամարտի առանձին դրվագներ պատկերող կտավները, նկարները քիչ բան են պատմում:

 

Ահա մոտենում և լուռ ու մտախոհ կարդում ենք տխուր մի ճակատագրի մասին գրված ժլատ տողերը. «Դանիելյան Նարեկ Կոմիտասի: Անձ. գործ թիվ 29, 24-03, 1973 թ.: Ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի պատմության և օտար լեզուների բաժինը: Տասներորդ վաշտի զինվոր է եղել: 1992թ. օգոստոսի 6-ից…

 

համարվում է անհայտ կորած…»: Անհայտ կորած… Ընդամենը երկու բառ: Բայց ինչքա՜ն մեծ ցավ, ինչքա՜ն-ինչքա՜ն սեր ու երազ, կարոտ ու ափսոսանք… Երևակայելն անգամ ծանր է անչափ:

 

Իսկ այսպիսի սեղմ ու հակիրճ «կենսագրությունները», բնութագրերը հարյուրներով են հաշվվում:

 

Աբրահամյան Գառնիկ, Բաբայան Վարուժան, Ալուխանյան Գրիգորի, Պողոսյան Էդիկ, Հայրապետյան Հենրիխ, Սարգսյան Սլավիկ…

 

Ցավալի է, շա՜տ ցավալի: Առավել ցավալի է, որ առանձին գյուղերում, առանձին օջախներ կորցրել են երկու և ավելի հարազատներ: Հիշենք Սեյրանյաններին (Անդրանիկ, Ստանիսլավ, Ռաշիդ, Գրիգորի), որ Վաղուհասի հող ու ջրից են սերվել ու այն մղձավանջային օրերին ազերիների ձեռքն ընկել, աղբուլաղցի հայր ու որդի Սարդարյաններին հիշենք (Արթուր, Ստանիսլավ), հիշենք շատերին, բոլորին, ովքեր մարտական երկար ուղի են անցել ու հայրենի եզերքի կարոտը սրտում՝ թուրքի հրին ու սրին զոհ դարձել, կամ ահեղ մի կռվում, ինչ-ինչ հանգամանքներում…կորել, անհետացել:

 

Չդարձան տուն, չտեսան տունդարձի ճամփան: Ու թեկուզ շատ տարիներ են անցել, շատ բան է մոռացվել, բայց մայրերը դեռ սպասում են, սպասում են բոլոր հարազատները, քույրերը, եղբայրները, տակավին ջահել կանայք ու ծերունական տարիքի հասած տատիկներն ու պապիկները:

 

«Հանուն հայրենյաց», «Սպասում», «Աղոթող մայր» խորագրերի տակ զետեղված, ճաշակով ձևավորված նյութերը, վառ ու գունեղ ցուցանմուշները այս մասին են խոսում, վկայում:

 

Արդարև, ցնցող, հույսեր ու հուշեր արթնացնող են թանգարանի յուրօրինակ պաստառները, ասույթները, «Տպավորությունների գրքում» առված գրառումները, հանրապետության ղեկավար այրերի, անվանի զորահրամանատարների գեղեցիկ, խորիմաստ տողերը, ամե՛ն, ամե՛ն ինչ:

 

Ահա երկու օրինակ, երկու նմուշ. «Անհայտ է ճակատագիրը մեր, տատասկոտ՝ տունդարձի ճամփան», «Դեռ սպասում ենք…»:

 

Ամեն ինչի մասին գրել չի լինի: Բայց կան անուններ, թվեր ու փաստեր, որոնք, կարծում եմ, արժե անպայման նշել, հիշատակել:

 

Ահա՛: Թանգարանը բացվել է 2002-ի հունիսի 29-ին, և դա ունի իր բացատրությունը: Պատերազմի ժամանակ, այդ օրը մենք միանգամից մեծ կորուստ ունեցանք, երբ «Արաբո» կամավորական ջոկատի քաջակորով տղաներն ընկան անելանելի ծուղակի մեջ՝ ենթարկվելով դաժան խոշտանգումների ու հայտնվելով անորոշության մեջ: Մեր անհայտ կորածների թիվը հասնում է 710-ի, որից 239-ը ազատամարտիկներ են:

 

Տարիների ընթացքում հուշաթանգարանը, ուր ամեն օր ոտք են դնում զինվորներ, աշակերտական կոլեկտիվներ, թոշակառուներ, պետական պաշտոնյաներ, շա՜տ ու շատ մարդիկ, «հարստացել», ձևավորվել, նոր ու ավելի գեղեցիկ տեսք է ստացել: Այո՛, գնահատելի ու անուրանալի գործ է արվել:

 

Ու այս ամենի ետևում պիտի տեսնել նրան՝ ԱԿԱՀՄ նախագահ Վերա Գրիգորյանին, սովորական մի հայ կնոջ, գորովագութ մի մոր, որի պրպտուն մտքի, անհողդողդ կամքի, ջանքերի ու նվիրումի շնորհիվ բազմաթիվ սուրբ մասունքներ են հայտնաբերվել և խնամքով իրենց տեղը գտել: Ի դեպ, Սպարտակ անունով իր որդին ևս, որ կոփվել, թրծվել էր Անկախության համար մղված մարտերում (ոստիկանական հանդերձանքը և անձնական որոշ իրեր դրված են հատուկ մի անկյունում), իր անբաժան ընկերոջ՝ Գառնիկ Ավթանդիլյանի հետ մնացել է հեռուներում՝ Ֆիզուլիի մոտերքում: Դա եղել է 1994-ին հունվարի 15-ի ցրտաշունչ գիշերը: Տիկին Վերան, սակայն, դեռ հույս է պահում, դեռ սպասում է: Ու ամեն անգամ, սակայն, երբ նայում ու մտովի զրուցում է 20-ամյա որդու ու նրա բախտակիցների՝ Խաչիկի, Սասունի, Հրաչիկի, մյուսների պատկերների հետ, նրան այնպես է թվում, թե մի մութ աշխարհից լսում է նրանց հարազատ ու այնքա՜ն սրտամոտ ձայները:

 

Ու երբ սթափվում է` ամեն ինչ ասես նոր է հասկանում: Հասկանում է, բայց էլի հույսը, հավատը չի կորցնում: Մայրական վիշտը հոգու խորքում՝ շարունակում է քայլել Արցախյան հարցի կարգավորման, խաղաղ լուծման համար պայքարողների առաջին շարքերում: Չմոռանանք ասել, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո տեսանելիորեն ընդլայնվել են նրա գործունեության շրջանակները: Նա բազմիցս եղել է տարբեր զորամասերում՝ իր ոգևորիչ խոսքով սահմանին կանգնած մեր զինվորներին մղելով նոր սխրանքների, հայրենասիրական նոր արարքների:

 

— Այն ամենը, ինչ կատարվել է հայոց աշխարհի հետ, հնարավոր չէ ջնջել, սպառել: Հազարամյա ճամփորդ է հայը, որ միշտ կերտել է ու կառուցել, դիմակայել թշնամուն, մեր խոսքն ու շունչը հասցրել դարերին: Ու այսպիսին էլ պիտի մնա գալիք բոլոր դարերում:

 

Այսպես է դատում, այսպես է մտածում Վերա Գրիգորյանը (19 գրքի հեղինակ է, ունի բազում պատվոգրեր, շնորհակալագրեր), ում համար թանկ ու հարազատ են հուշաթանգարանի բոլոր իրերը, մասունքները, ամենափոքր նմուշն անգամ:

Միքայել Բալյան

թոշակառու ուսուցիչ

1