Հռոմի Պապի այցը Ծիծեռնակաբերդ բաց մարտահրավեր է Թուրքիայի ժխտողական ջանքերին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Հռոմի Պապի այցը Ծիծեռնակաբերդ բաց մարտահրավեր է Թուրքիայի ժխտողական ջանքերին

Հռոմի Պապի այցը Ծիծեռնակաբերդ բաց մարտահրավեր է Թուրքիայի ժխտողական ջանքերին

Ամերիկահայերը ուշադիր հետեւելու են Հռոմի Ֆրանցիսկոս Պապի՝ Հայաստան պատմական այցելության եւ հույս ունեն, որ նրա համարձակությունը կոգեշնչի ԱՄՆ նախագահին ու Կոնգրեսին, որպեսզի վերջիններս վերջ դնեն Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման հարցում իրենց մասնակցությանը: Այս մասին հաղորդում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը, հաղորդում է Asbarez.com-ը:

 

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն այս առնչությամբ հանդես է եկել վերլուծական անդրադարձով, որտեղ նշել է. «Հռոմի պապի եռօրյա այցի գլխավոր պահը լինելու է շաբաթ առավոտյան Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցը, որից հետո հանդիպելու է 1915-ին փրկված 400 հայ որբերի ժառանգներին: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հռոմի Պապի աղոթքները լսելի կլինեն ամբողջ աշխարհում: Նրա այցելությունը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ի հակադրություն Թուրքիայի իշխանությունների ժխտողական քաղաքականության, բարոյական հզոր քայլ կլինի: Այս սուրբ վայրում Ֆրանցիսկոս պապն ամբողջ աշխարհի առջեւ բացեիբաց մարտահրավեր կնետի Թուրքիայի ջանքերին, որը փորձում է իր պատմության էջերից ջնջել միլիոնավոր հայեր, ասորիների, հույների եւ այլ քրիստոնյա ժողովուրդների կոտորածներն ու նրանց՝ իրենց բիբլիական հայրենիքից տեղահանությունը»:

 

Համբարյանը հույս է հայտնել, որ Հռոմի Պապի այցը Հայաստան կոգեւորի ԱՄՆ առաջնորդներին, որպեսզի նրանք դադարեցնեն նպաստել Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը: «Նախագահ Օբամայի, խոսնակ Ռայանին եւ մեր Կոնգրեսի բոլոր առաջնորդներին չէր խանգարի հետեւել Ֆրանցիսկոս Պապի համարձակ բարոյական առաջնորդությանը, որը հրաժարվում է խաղալ Անկարայի կանոններով ու ազնվորեն խոսում է Հայոց ցեղասպանության մասին: Այս այցը ամրապնդում է քրիստոնեական աշխարհի համերաշխությունը հայ ժողովրդի հետ»,-ասել է Համբարյանը:

1